ՀՀ-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետ
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը, Գեղամ Նազարյանն ու ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին եւ հանձնախմբի անդամներին:
Հանդիպմանը ներկա են եղել Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, հանձնախմբի անդամներ Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Ջեյք Աուչինկլոսը, Վինս Ֆոնգը, Ռոբերտ Մենենդեսը, Լորա Ֆրիդմանը:
Սարգիս Խանդանյանը երախտագիտություն է հայտնել հանձնախմբին` Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության, ինչպես նաեւ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը նպաստելու համար: Նենսի Փելոսին, Ֆրանկ Փալոնը, հանձնախմբի անդամները վերահաստատել են Հայաստանին աջակցելու իրենց պատրաստակամությունը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ պատգամավորները կարեւորել են ԱՄՆ առանցքային դերը Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում, ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության առկա բարձր մակարդակը:
Քննարկմանը մանրամասն անդրադարձ է կատարվել Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակին, խաղաղության հաստատման ճանապարհին առկա մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող քայլերին: Երկուստեք կարեւորվել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման անհրաժեշտությունը` հանուն տարածաշրջանային կայունության եւ համագործակցության:
Սարգիս Խանդանյանը հանձնախմբի անդամներին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ՀՀ-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանի ողջույններն ու հրավիրել է մոտ ապագայում կրկին այցելել Հայաստան:
Հայ խորհրդարանականները հանդիպել են նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետ
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը հանդիպել են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) նախագահ Վերն Բյուքենանին եւ փոխնախագահ Դինա Տիտուսին:
Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի կարեւոր դերակատարման համար Հայաստանի խորհրդարանական ժողովրդավարության զարգացման գործում եւ կարեւորել այդ համագործակցության շարունակականությունը, մի շարք ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Հանդիպումների ընթացքում պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցությունների մանրամասները, քննարկվել են ԱՄՆ հետ ռազմավարական գործընկերության առանձնահատկությունները:
ԱԺ