ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող հակասահմանադրական քայլերին եւ Սահմանադրության օրվա առթիվ կենացների մակարդակի ճառերին, ինչպես նաեւ՝ ՍԴ նախագահի կեցվածքին, նկատում է. «Սահմանադրության օրը բոլոր իշխանությունների` օրենսդիր, գործադիր եւ դատական, միասնական տոն է: Այն ժողովրդի տոնն է: Ինձ նույնպես հրավիրել էին այդ օրը եւ ոչ միայն ինձ, շատ այլ նախկին դատավորների եւս: Կարգն այդպիսին է: Սահմանադրության օրը, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի կազմավորման օրը բոլոր նախկին դատավորները պետք է հրավիրվեն, սակայն ես այդ հրավերին պատասխանեցի հետեւյալ կերպ` երկրում ո՛չ Սահմանադրություն է մնացել, ո՛չ էլ Սահմանադրական դատարան, այնպես որ՝ ես չեմ կարող ընդունել այդ հրավերը: Ցավոք, Հայաստանում այսօր ո՛չ Սահմանադրություն կա, ո՛չ էլ Սահմանադրական դատարան: Այդ դատարանի կազմավորումն ինքնին հակասահմանադրական ձեւով է իրականացվել։ Խնդիրը սա է: Այն դատավորներին, որ ազատեցին աշխատանքից, ի՞նչ էր, եթե ոչ կոպիտ սահմանադրական խախտում: Այնպես որ՝ ո՛չ Սահմանադրություն կա մեզանում, ո՛չ էլ Սահմանադրական դատարան: Այս կոնտեքստում կարելի է դիտարկել նաեւ Եկեղեցու դեմ իրականացվող արշավը: Սահմանադրությունն ասում է, որ չի կարելի միջամտել Եկեղեցու ներքին հարցերին՝ Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարումն առանձնացնելով մեր ազգի, մեր պետության կազմավորման եւ պահպանման գործից: Եթե չկա այսօր Սահմանադրական դատարան, Ձեզ մոտ չպետք է նման հարցեր առաջանան: Երբ գործեր Սահմանադրությունը, այդ ժամանակ այս բոլոր հարցերը կլինեին տեղին, քանի որ Սահմանադրության օրը բոլորի տոնն է, այդ թվում՝ բոլոր իշխանությունների»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: