«Հայացք Երևանից» – Շատ խորը հավատացյալ չեմ, բայց վերջին ժամանակներս՝ տեսնելով իշխանավորների հակաեկեղեցական պայքարը, ավելի ամուր հավատով կանգնեցի Հայ Առաքելական սուրբ եկեղեցու եւ նրա հավատավոր ծառաների կողքին։
Տեսանյութերը, գաղտնալսումները կամ այլ սադրանքներ չեն կարող երբեւէ մտափոխ անել, երբ գիտես, որ քրիստոնեական 1700 տարվա հավատը խոր արմատներով իր տեղն ու դերն է ունեցել հայի ինքնության, մեր արմատների, ազգային արժեքների պահպանման գործում։
Տարիներ առաջ էր։ Պահանջը, որ պիտի մասնակցել հոգեւոր արարողության, անդուր ընկալում էր առաջացրել մեջս, որ դա պարտադրանքով է արվում։ Թեպետ տրամադրված էի մասնակցել, բայց հակադարձեցի պետական պաշտոնյային, թե չեմ մասնակցելու, եթե ուզում է, թող ինձ աշխատանքից հեռացնի։
Հաջորդ օրը դպրոց գնալու ճանապարհին Մարտակերտի մեր եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Բարսեղ քահանան կողքիս կանգնեցրեց մեքենան։ (Աստծո լույսերի մեջ լինի լուսավոր Մարդու հոգին)։ Անսովոր չէր նման մարդկային վերաբերմունքը, երբ միմյանց հանդեպ մեծ հարգանք ունեինք, նաեւ առիթից առիթ շատերս էինք դպրոցի կամ տունդարձի ճանապարհին դառնում նրա ուղեւորները։
Կարդացեք նաև
Երբեք չեմ մոռանա, որ մի օր իր որդուն մեքենայից իջեցրեց, որ ես զբաղեցնեմ նրա տեղը՝ որքան էլ փորձում էի չհամաձայնվել նրա առաջարկին։ Այդ օրը մինչ դպրոց հասնելը՝ մեր զրույցից մի պատառիկ է մնացել հիշողությանս մեջ։
– Տիկի՛ն Պողոսյան, գրականութան ուսուցչուհին հնարավոր չէ անհավատ լինի, չէ՞ որ դուք սերունդ եք դաստիարակում։
– Իրավացի եք, Տե՛ր հայր, շատ թունդ հավատացյալ չեմ, բայց չեմ էլ ընդունում, որ ուսուցիչը անհավատ լինի այնքանով, որ աճող սերնդին սխալ ճանապարհով տանի։
Նա զարմացած ասաց.
– Բա ինչո՞ւ երեկ ինձ ասացին, որ դուք հավատացյալ չեք։
– Իմ հավատը չի սիրում, որ ինձ պարտադրում են, թե իբր Տյառնընդառաջի տոնին չմասնակցելու համար ինձ դպրոցից կհեռացնեն։
Նա գոհ ժպտաց իր բարի ժպիտով եւ դուռը բացեց, որ դպրոցի մոտ մեքենայից իջնեմ։
Ինչո՞ւ հիշեցի այս դեպքը։ Չգիտեմ՝ Հովհաննավանքի կարգալույծ քահանայի «պատարագին» քանի՜-քանիսն են պարտադրանքով մասնակցել, բայց նման «հավատավորները», կարծում եմ, տեղ չունեն հավատքի տանը, երբ խոնարհ ծառա են դարձել ոչ թե Աստծուն, այլ իրենց տիրոջը, որպեսզի չզրկվեն աշխատանքից:
Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ


















































