«Ոչ միայն փոխվարչապետի հետ կապված, այլ ընդհանրապես որևէ պաշտոնի մասին ոչ մի նման ակնարկ ու խոսակցություն չի եղել։ Չգիտեմ՝ իրենք նման բան քննարկե՞լ են, թե՞ ոչ, բայց ես թույլ չէի տա, որ նման խոսակցություն լինի»,- լրագրողների հարցին՝ իրեն փոխվարչապետի պաշտոնի հետ կապված առաջարկ եղե՞լ է, ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ հեղափոխության ժամանակ դեսպանների հետ հանդիպում է ունեցել․ «Իրենք ինձնից հանդիպում էին ուզում։ Հիմնական նպատակն է եղել, որ ասել են՝ օգնենք, ես ասել եմ՝ ՀՀ ներսում օտարերկրյա դեսպանների միջնորդության կարիք չունեմ, որ ՀՀ-ում մեր քաղաքական օրակարգը առաջ մղեմ։ Բայց որ ինչ-որ մի դեսպանի միջոցով առաջարկ է արվել, դա ի սկզբանե սուտ է»։
Նա նշեց՝ լավ է՝ հեղափոխությունը տեղի է ունեցել ուղիղ եթերում։ Լրագրողները հիշեցրին Կարեն Կարապետյանի հետ հանդիպումը մեկուսարանում էր, որն ուղիղ եթերում չի եղել, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ճիշտ է՝ մեկուսարանում եղել է հանդիպում։ Կարեն Կարապետյանն, ըստ էության, ակնարկել է ենթատեքստերով… եթե հերքի, կհասկանամ… ակնարկել է՝ հանդես է գալիս Սերժ Սարգսյանի անունից, որ իրենք մեզ ազատեն, և հեղափոխությունը դուրս գա օրակարգից։ Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը՝ որպես բոլորի կողմից ընդունելի թեկնածու, ստանձնի իշխանությունը։ Ես ասել եմ՝ ինձ համար ընդունելի չէ դա, և Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, որից հետո Կարեն Կարապետյանը եկել ու ասել է՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ պատրաստ է հրաժարական տալ, բայց դա տեղի ունենա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո։ Ես ասել եմ՝ ինձ համար անընդունելի չէ այդ տարբերակը։ Հետո վերադարձել է ու ասել, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ հունիսին և ասել եմ՝ ընդունելի տարբերակ չէ․ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա էսօր, վաղը կամ մյուս օրը, հետո եկել ու ասել է՝ դա ընդունելի է»։
Կարդացեք նաև
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































