Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա միանվագ քաղաքական գործարք է․ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ էլ չի պատրաստվում պրեմիում բենզին արտահանել»․ Սուրեն Պարսյան

Դեկտեմբեր 22,2025 23:40

«Այդ գործարքը քաղաքական է, տնտեսական դառնալու համար դեռ բավականին ժամանակ և փորձություններ պետք է անցնի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օրերս տեղեկացրեց, որ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։
Սակայն ինչպես Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի, այնպես էլ ադրբեջանական Socar-ի՝ բենզինով բեռնված 22 վագոններով գնացքի՝ Հայաստան գալու մասին առաջինը տեղեկացրել է պաշտոնական Բաքուն՝ հրապարակելով դեպի Հայաստան ճանապարհ ընկած գնացքի կադրերը:

Ավելի ուշ տեղեկությունը ֆեյսբուքյան գրառմամբ հաստատել էր նաեւ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

«Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը «Ազատությանը» տեղեկացրել էր, որ ադրբեջանական բենզինը գնած 2 կազմակերպություններից մեկն իրենք են, և առաջիկայում այդ բենզինը կվաճառվի ընկերությանը պատկանող «Ռան օիլ» բենզալցակայանների ցանցում: «Սիլ կոնցեռն» ընկերությունը տարիներ առաջ ձեռք է բերել «Ռան օիլ»-ը:

Քաղաքագետ Արա Պողոսյանն իր գրառմամբ նշել էր․ «Ի՞նչ են մտածել Հայաստանում ադրբեջանական պետական SOCAR-ի գործընկերները․ ոչ ավել, ոչ պակաս, որոշել են բավականին էժան վաճառել, քան Վրաստանում և գրեթե նույն գնով, ինչ Ադրբեջանի ներքին շուկայում։ Եթե վերցնենք 1$≈ 380 դրամի, ապա առանց ճանապարհածախսի և այլ ծախսերի 1 լիտր AI-95 տեսակի բենզինը մաքսազերծելուց հետո մոտավորապես հավասար կլինի 328 դրամի։ Այսինքն՝ կոմերցիոն որևէ հետաքրքրություն չի կարող լինել 440 դրամով AI-95 տեսակի բենզինի վաճառքն Հայաստանում, քանի որ հարկեր, տուրքեր և այլ ծախսեր հանելուց հետո պարզապես տվյալ ընկերությունը շահույթ չի կարող ստանալ։ Ուստի ակնհայտ է, որ այստեղ ո՛չ թե կոմերցիոն հետաքրքրություն է, այլ քաղաքական ակցիա՝ ադրբեջանական ապրանքները հայկական իրականության մաս դարձնելու համար»։

Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն այս առիթով ասաց․ «Ցանկացած բիզնես, որ ապրանք վաճառում է, հատկապես վառելիքի բիզնեսի պարագայում, որոշակի շահույթ նկատի ունի։ Այս դեպքում էլ ինքը շահույթ վստահաբար նկատի է ունեցել։ Պետք է հաշվի առնել, որ վրացական կողմը չի գանձել տարանցման գումար, որը բավականին մեծ գումար է մեկ տոննայի հաշվով․ մասնավորապես վրացական կողմը մեկ տոննա բեռի տարանցման համար մեկ կիլոմետր հաշվով գանձում է կես դոլար գումար։ Էդ գումարը չի գանձվել, դա կարող էր ազդել գնագոյացման վրա, և ավելի էժան բենզին ստացվեր։

Խնդիրն այն է, որ Ադրբեջանը հենց ինքը պրեմիում բենզին ներկրող է, ինքը չի կարողանում նույնիսկ իր սեփական պրեմիում բենզինի կարիքները բավարարել, ներկրում է պրեմիում բենզին Արաբական Էմիրություններից և հատկապես՝ ՌԴ-ից, և նույնիսկ ադրբեջանական մամուլում կան տեղեկություններ, որ մյուս տարի առհասարակ որևէ պրեմիում բենզինի արտահանում չի անելու։ 2023-ին էլ ինքն ընդհանրապես պրեմիում բենզին չի արտահանել։

Այդ պատճառով Ադրբեջանը չի կարողանում բավական քանակ պրեմիում արտահանել, որ բավարարի ներքին կարիքները, էլ ուր մնաց արտահանի։ Այս գործարքը, որ կատարվել է՝ պրեմիումի ներկրումը Հայաստան, ավելի շատ քաղաքական գործարք է, քաղաքական ազդակ է ներքին ու արտաքին հանրությանը, որ խաղաղության օրակարգով ենք շարժվում։ Հայկական կողմը պատրաստվում է 2026-ի ընտրություններին և պետք է ընտրողներին ցույց տա, որ այն կորուստները, զիջումները, որ արվել են, դրա արդյունքում մենք ունենք խաղաղություն և էժան բենզին։ Իրենք փորձում են հանրությանն այդ ձեռքբերումը ցույց տալ»։

Ըստ Սուրեն Պարսյանի՝ սա միանվագ քաղաքական գործարք է՝ կոնկրետ նպատակով․ «Երկրորդ, երրորդ գործարքի մասին այս պահին տեղեկություն չունենք, բացի այդ ադրբեջանական կողմն՝ ինքը հայտարարել է, որ էլ չի պատրաստվում պրեմիում արտահանել։ ՀՀ-Ադրբեջան բենզինի փոխադրումները կամ տրանսպորտային ծախսերը կարող են էական նվազել, եթե ՀՀ-Ադրբեջան գործի երկաթուղային կապը՝ օրինակ՝ Ղազախով։

Այդ ժամանակ կարող ենք ասել, որ բավականին  տրանսպորտային ծախսերը կրճատվել են, և դա էլ կարող է երկարաժամկետ ազդեցություն թողնել ՀՀ ներքին գների վրա։ Դա էլ այն դեպքում, երբ Ադրբեջանն ի վիճակի լինի ՀՀ բենզին արտահանել, ունենա այդքան կարողություններ արտահանման համար։ Ադրբեջանն առհասարակ արտահանում է հում նավթ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով, իսկ բենզին, դիզվառելիք շատ քիչ քանակությամբ արտահանում է Վրաստան և Թուրքիա։ Ինքը չունի այդ հզորությունը, կարողությունը վերջնական սպառման բենզին արտահանելու համար»։

Հարցին՝ համաձա՞յն եք, որ ՀՀ-ում այդ ադրբեջանական բենզինն ավելի էժան է վաճառվում, քան Վրաստանում, գրեթե նույն գնով, ինչ Ադրբեջանի ներքին շուկայում, Սուրեն Պարսյանն ասաց․ «Կրկնում եմ՝ դրա վրա կարող էր ազդել այն հանգամանքը, որ Վրաստանը գումար չի վերցրել տրանսպորտի համար, արտահանելիս Ադրբեջանն արտահանման տուրքեր, հարկեր չի դրել, ՀՀ-ն ներկրելիս օրինակ՝ մաքսատուրք չի կիրառում ադրբեջանական բենզինի նկատմանբ։ Երկու ամիս առաջ ԵԱՏՄ երկրները, այդ թվում ՀՀ-ն որոշում կայացրին, որ երրորդ երկրներից, ինչպիսին է Ադրբեջանը, Իրանը և այլ ոչ ԵԱՏՄ երկրներից, եթե բերում ես բենզին, դիզվառելիք, մաքսատուրք չի կիրառվում։

Այսինքն՝ Ադրբեջանից բերված վառելիքը տրանսպորտային ծախսեր չունի․ զրո է վրացական մասով, մաքսատուրք չունի և ադրբեջանական կողմը հայտնի չէ, թե ինչ գնով է վաճառել առաջին խմբաքանակը։ Նրանք հայտարարում են, որ շուկայական գնով, բայց շուկայական գնից զատ կան բազմաթիվ գնագոյացման մեխանիզմներ, որոնք կարող են օգնել գները բարձրացնելու ու իջեցնելու համար։ Սա քաղաքական գործարք է, և պետք է այս քաղաքական գործարքով կտրուկ փոփոխություն ցույց տային։

Նրանք կարող էին այս ամենը սուբսիդավորեին, զիջեին, որ ցույց տային ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին, որ տեսեք՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման դեպքում դուք կունենաք էժան վառելիք։ Հայաստանը ԽՍՀՄ-ի ժամանակ, ինչպես նաև ԽՍՀՄ-ից առաջ վառելիք մշտապես ներկրել է Ադրբեջանից։ Հայ նավթահորերի սեփականատերերը հենց այդ գործում ակտիվ դերակատարություն են ունեցել։ Սա Հայաստանի պատմության մեջ բացառիկ երևույթ չէ։ Մենք ունեցել ենք այդ ավանդույթները, տնտեսական կապերը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031