«Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ ստացավ այն մասին, որ Բուդապեշտի օդանավակայանում հունվարի 9-ին Wizz Air-ի ուղևորները բախվել են հրապարակային ճնշման և նվաստացուցիչ վերաբերմունքի. անգամ մի կնոջ արգելել են պիջակը հագնել, նստել ինքնաթիռ՝ դա համարելով ավելորդ ուղեբեռ, և պահանջելով վճարել դրա համար։
Ուղևորներից մի քանիսը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ ավիաընկերության/գետնային սպասարկման անձնակազմը կանգնեցրել է իրենց և վերջնագիր ներկայացրել՝ ձեր տոմսը միայն մեկ ուսապարկ տանելու համար է, ուստի ձեր ձեռքին ուրիշ ոչինչ չպետք է լինի, ապա պահանջել են կա՛մ վճարել 77.99 եվրո, կամ մնալ օդանավակայանում: Ուղևորների պնդմամբ՝ իրենց նաև սպառնացել են, որ չվճարելու դեպքում «կմնան թռիչքից դուրս»՝ օդանավակայանի միջանցքում:
Իսկ ինչն է խնդիրը. պարզվում է՝ Հայաստանից մարդիկ մեկ ուսապարկով և ձեռքի անձնական պայուսակով անխոչընդոտ թռչել են նույն Wizz Air-ի ավիաչվերթով և որևէ խնդիր չի առաջացել, բայց հետ գալուց նույն ուսապարկը արգելել են ինքնաթիռ բարձրացնել:
Մի տիկին՝ Ա.Պ.-ն, զավեշտալի միջադեպի մասին պատմեց. Wizz Air-ի աշխատակիցները արգելել են իր պիջակը հագնել (շորի տակից) և ինքնաթիռ անցնել: «Նախ ասացին, թե այն ձեռքի պայուսակը, որով ես Հայաստանից եկել էի, չեմ կարող հետս վերցնել, պետք է վճարեմ դրա համար 77.99 եվրո: Ես բարկացած հրաժարվեցի: Փորձում էի ձեռքիս պայուսակը տեղավորել իմ սահմանված պայուսակի մեջ, չէր ստացվում: Աշխատակիցները արգելեցին, որ ուղեկցող անձը ինձ օգնի. բոլորով կանգնած նայում էին, թե ինչպես եմ չարչարվում՝ տեղավորելու իրերս: Արդյունքում պիջակս մնաց ձեռքիս, չտեղավորվեց, փորձեցի հագնել վերարկուիս տակ, արգելեցին՝ պահանջելով այդ 1 պիջակի համար վճարել 77.99 եվրո: Խնդիր էին դրել բոլոր հայ ուղևորներից, ովքեր ճամպրուկով տոմս չէին վերցրել, խլել 78 եվրո: Ու այդ գործընթացը վերածվել էր հրապարակային նվաստացման՝ անձնակազմի և շրջապատողների ներկայությամբ։
Կարդացեք նաև
Իմ հագուստը ինչպես կարող էին կամայականորեն դիտարկել որպես «ավելորդ իր» և դրա համար պահանջել վճարում. սպառնալ, որ կմնամ միջանցքում: Երիտասարդ այդ անձնակազմի հետ շփումը կոպիտ էր, ճնշող ու նվաստացուցիչ, ինչից բարկացած ասացի, որ գումար չունեմ, նվիրում եմ ձեզ պիջակս և առանց ոչինչ վճարելու անցա ինքնաթիռ: Լսեցի, որ մեկը մյուսին ասում էր, թե ձեռքի հեռախոսը նայի՝ ասում է փող չունեմ: Խնդիր էին դրել մեզանից գումարներ կորզել»,- պատմեց քաղաքացին։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շատ ուղևորներ արդեն պաշտոնական բողոք են ներկայացրել Wizz Air-ին՝ պահանջելով ներքին քննություն գրավոր պարզաբանում՝ ինչ կանոնակարգով է արգելվել նույն ուսապարկը կամ պիջակը կրել վերադարձին, ինչ հիմքով է արգելվել ուղեկցողի օգնությունը, ինչպես նաև պաշտոնական ներողություն և իրենց խլված պիջակի ու գումարի վերադարձ։
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ Քաղավիացիայից պարզաբանում պահանջեց. ինչպես է, որ Կառավարությունը ամեն տոմսի համար ՀՀ հպարտ հարկատուների հաշվին 20 հազար դրամ սուբսիդիա է տալիս Wizz Air-ին, որ էժան չվերթներ ապահովի, բայց Բուդապեշտում փաստացի թալանել են հայերին՝ ստիպելով 1 ուղեբեռի գին վճարել անգամ 1 պիջակի համար:
Կոմիտեից փոխանցեցին, որ ստեղծված իրավիճակը Կոմիտեի գործառույթից դուրս է։ Իսկ Wizz Air ավիաընկերության հետ կապվել չհաջողվեց, քանի որ վերջինս Հայաստանում անգամ գրասենյակ չունի։
Դիմեցինք նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որը Wizz Air-ի պաշտոնական բացման ժապավենն էր կտրում. «Էկոնոմիկայի նախարարությունը ավիաընկերության գնային քաղաքականությանը խառնվելու որևէ իրավասություն չունի։ Գնային քաղաքականության կամ ծանուցումների հետ կապված պիտի դիմեք ավիաընկերությանը»,- նշեցին նախարարությունից։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ևս հնչեց համանման պատասխան։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































