«Ամեն տարվա սկզբին տեղի է ունենում Հայաստանի առաջնությունը, որը Հայաստանի հավաքականների կազմերի վերջնական ընտրության հնարավորություն է տալիս։ Այս տարի կարեւոր ստուգատեսներ ունենք։ Չմոռանանք, որ այս տարի օլիմպիադայի տարի է, եւ մենք օլիմպիական հավաքական պիտի ձեւավորենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։
«Ճիշտ է, որ տարին սկսվում է Հայաստանի առաջնությունով, քանի որ Հայաստանի առաջնությունը տալիս է չափանիշները։ Մենք տեսնում ենք, թե որ շախմատիստներն ինչի են պատրաստ, որպեսզի իմանանք՝ տարվա ընթացքում որ մրցաշարերին ինչ մասնակիցներ ունենանք։
Այս տարվա առաջնությունները մի փոքր ավելի ուժեղ են, քան անցած տարվանը, բայց ասեմ, որ ընդհանուր կազմերի առումով շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել։ Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց առաջնություններն ել երիտասարդացել են։ Մանավանդ կանանցը, որտեղ մասնակիցների կազմը մոտ 80%-ով փոխվել է, եւ մեր ուժեղագույն շախմատիստուհիները՝ գրոսմայստերները, միջազգային վարպետները, չեն մասնակցում այս առաջնությանը։ Այնպես որ, ես կարծում եմ՝ այս երիտասարդական կազմով ինչ-որ տեղ կարող է հետաքրքիր լինել։ Սպասենք առաջնության ավարտին։
Ասեմ նաեւ, որ աղջիկների առաջնության միջին վարկանիշը անցած տարվա հետ համեմատ կտրուկ բարձրացել է՝ 100 կետ, բայց մնացել է առանց տիտղոսավոր շախմատիստուհիների։ Սա ցույց է տալիս, որ երիտասարդներն այլ մրցաշարերում կարողացել են հաջողությունների հասնել ու բարձրացնել իրենց անհատական վարկանիշները։
Կարդացեք նաև
Մեր հավաքականներում ընդամենը մեկական թափուր տեղ կա, ու միայն չեմպիոնները կարող են լինել հավաքականի կազմում։ Իսկ առաջին եռյակը, ըստ կանոնադրության, հաջորդ տարվա համար պահպանում է իր տեղը Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում։ Փաստորեն, պայքարն ընթանալու է ոչ միայն չեմպիոնության, այլ նաեւ հենց եռյակի համար»,-ասաց գլխավոր մրցավարը։
Աշոտ Վարդապետյանը նաեւ նշեց, որ տղամարդկանց առաջնությունում սահմանված է միջազգային գրոսմայստերի նորմա, բայց իր կարծիքով այդ սահմանագիծն այնքան բարձր է լինելու, որ հավակնորդ շախմատիստը երեւի պետք է գրավի 1-ին կամ 2-րդ տեղը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































