«2021 թվականի մայիսից հետո ստեղծված իրավիճակում Սեւ լճի տարածքում մի դիրք ունենք, որտեղ հասնելու համար մեր զինծառայողներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, բայց նրանց չեն ստուգում»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, ըստ որոնց՝ Սյունիքում ադրբեջանցիները ոտքից գլուխ ստուգում են իրենց տեղադրած անցակետի տարածքով անցնող հայ զինծառայողներին։
«Խնդիրը հետեւյալն է՝ կամ պետք է այդ դիրքը թողնենք, կամ պետք է անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պետք է մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ։ Դրա մասին խոսում են մարդիկ, ովքեր 2021 թվականին եւ դրանից հետո պատասխանատվություն են կրել։ Դուք էլ ակտիվորեն լուսաբանում եք այդ մարդկանց, նրանց հարց տվեք, ասեք՝ ո՞նց է այդ դիրքը հայտնվել այդ դիրքում, հարգելի նախկին պաշտոնյաներ։ Այդ հատվածում նախկինում լարվածություն առաջացել է, բայց ամիսներ շարունակ խնդիրներ չեն եղել»,- նշեց Պապիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ ադրբեջանցիների կողմից բռնազավթված ՀՀ տարածքները չեն ազատագրվում, նախարարը պատասխանեց․ «Նախկինում էլ բազմիցս ասել եմ՝ այս հարցերը կարգավորվելու են սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում։ Եվ այդ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել, սա կառավարության դիրքորոշումն է, որը, բնականաբար, ես ամբողջությամբ կիսում եմ։ Կարծում եմ՝ սա այն լուծումն է, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն մեր տարածաշրջանում»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































