Հայ հասարակության առողջ հատվածը քննադատում, իսկ որոշ դեպքերում ուղղակի վարկաբեկում է հայրենադավ տիրադավներին, իսկ իշխանությունները անձանձրույթ կերպով վարկաբեկում են ուխտապահ հոգևորականներին ու խոչընդոտում նրանց հոգևոր ծառայությանը։ Արդյունքում ամբողջ հոգևոր դասը ամենօրյա ռեժիմով վարկաբեկվում է։
Իշխանությունները դա մեղսավոր դիտավորությամբ են անում, քանի որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իրենց Եկեղեցին չէ և որքան կարող են՝ նրանք նպաստում են Եկեղեցու դեմ գործող ասպատակությունների իրագործմանը։
«Եկեղեցու բարենորոգում» կրոնա-քաղաքական աղանդին միացածներին ծայրահեղ քննադատության ու վարկաբեկման ենթարկելով՝ մարդիկ ակամայից լրացուցիչ լիցք են հաղորդում աղանդապետին ու աղանդի քաղաքական հատվածի ներկայացուցիչներին, որովհետև, ըստ իս, նրանց հետաքրքիր չէ այդ մարդկանց հեղինակությունը, հակառակը, նրանց համար ավելի նպատակահարմար է, որպեսզի աղանդի մեջ ներգրավված հոգևոր հատվածը որքան հնարավոր է՝ հեղինակազրկված ու պատվազրկված լինի։
Ուստի այս պայքարում մի շատ նուրբ հարց կա, որին պետք է ուշադրություն դարձնենք և նորահայտ «Եկեղեցու բարենորոգում» կրոնա-քաղաքական աղանդի հատկապես հոգևոր դասի հասցեին հնչեցված քննադատությունները փոքր ինչ սանձենք։ Սոցհարթակներում, և ոչ միայն սոցհարթակներում, հաճախ ենք հանդիպում հայրենադավ տիրադավների հասցեին հնչող այսպիսի արտահայտություններ․ «թքեմ դրանց օծումի վրա էլ, դրանց սքեմի վրա էլ, դրանց կարգի վրա էլ» և այսպես շարունակ ու ավելի կոպիտ ու ծայրահեղական արտահայտություններ, որոնք ոչ մի դեպքում հայ քրիստոնյան չպետք է իրեն թույլ տա անել ո՛չ միայն կարգի մեջ մնացող, այլ նույնիսկ արդեն իսկ կարգալույծ հռչակված հոգևորականների հասցեին։
Կարդացեք նաև
Մենք չպետք է մոռանանք, որ ինչ-ինչ պատճառներով, որոնք որևէ կերպ չեն արդարացվում, մի խումբ հոգևորականներ դեռևս իրենց կարգի մեջ են և նրանց հասցեին հնչեցված քննադատությունները, որքան էլ վրդովված լինենք, չպետք է անսանձ ու գռեհիկ լինեն։ Հատկապես պետք է մերժենք անձնական վիրավորանքներ հասցնելը։
Ես չեմ ասում հարգանքով խոսենք նրանց մասին, որին նրանք արժանի չեն, սակայն կա մի սահման, որը չպետք է անցնենք, պետք է միշտ հիշենք, որ այդ հոգևորականները դեռևս իրենց կարգի մեջ են։ Արդեն իսկ, երբ նրանց հայրենադավ, եղբայրադավ կամ տիրադավ ենք կոչում, տեսնում ենք թե ինչքան ցավագին են նրանք դա ընդունում։
Ուստի, սիրելի եղբայրներ և քույրեր, հետևելով Սուրբգրային պատգամին թույլ չտանք, որ արեգակը մայր մտնի մեր ատելության ու բարկության վրա և այդպիսով ակամայից չարիքի գործիք չդառնանք։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ



















































