«2026-ի հունվարի 5-ին քննչական կոմիտեի ու դատախազության կողմից կատարվեց երկու գործողություն։ Առաջինն արգելեցին, որ Սամվել Կարապետյանն իր հոր առաջին մեռելոցին մասնակցելու հնարավորություն ունենա։ Դա ամոթ է, խայտառակություն։ Երկրորդը՝ ջանասիրաբար մեր իրավապահները մուտքագրեցին վերաքննիչ բողոք Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան»,-Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նա հայտնեց, որ հունվարի 5-ին քննչական կոմիտեն ու դատախազությունն իրենց ամենակարևոր գործն են համարել վերաքննիչ բողոք ներկայացնելը․ «Ո՞նց լինի Սամվել Կարապետյանը տնային կալանքում։ Հարց կառաջանա՝ ի՞նչ են գրել բողոքի իրավական հիմնավորումներում։ Իրավական հիմնավորումների տեսանկյունից դա զրո է․ գնահատողական դատողություն չեմ անում․ այնտեղ հիմնավորում չկա»։
Կարդացեք նաև
Արամ Վարդևանյանն ասաց, որ տնային կալանքի պայմաններում Սամվել Կարապետյանն այցելել է բժշկական հաստատություն․ «Ունեցավ համալիր ստուգում, որը չէր ունեցել յոթ ամիս, և պարզվեց՝ իր մոտ հետանցումային փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբ է, որը փաստացի այսօր ախտորոշվել է այնպիսի պայմաններում, որ դա ունեցել է երկու ամսվա վաղեմություն։ Այսինքն՝ գտնվելով քրեակատարողական հիմնարկում՝ Սամվել Կարապետյանն ունեցել է երկկողմանի թոքաբորբ, և դա չի ախտորոշվել։ Դուք պատկերացնո՞ւմ եք պայմանները, և մեկ բողոք սրա վերաբերյալ Սամվել Կարապետյանի կողմից չի եղել։ Մեր կողմից գրություններ գրվել ենք, և պաշտոնատար անձինք, որոնք բժշկական ստուգում պետք է ապահովեին, գրություններով հայտնել են, որ զննել են, ոչ մի առողջական խնդիր չեն հայտնաբերել։ Ո՞նց կարող են այդ մարդիկ բժիշկ կոչվել կամ պաշտոնատար անձ։
Հիմա դատախազը, որ պատկերացնեք՝ հունվարի 5-ին առաջին աշխատանքային օրով ոչ թե միջոցներ է ձեռնարկել պարզելու՝ քննիչը ջանասիրություն դրսևորո՞ւմ է, թե՝ ոչ այն մասին՝ արդյոք Սամվել Կարապետյանի առողջական վիճակն ինչպես է, մեկ գործողություն ունի անելու՝ բողոք ներկայացնելն է՝ ինչի՞ համար կալանք չլինի։ Ինչ վերաբերում է ջանասիրության հետ կապված կամ այլ հանգամանքներին, մեկ նախադասությամբ արձանագրվում է, որ դրա հետ դատախազը համաձայն չէ։ Այսինքն՝ պատկերացումը մեր իրավապահների նրանում է, որ բոլորը լինեն կալանավորվա՞ծ։
Մի հայտնի դատավորի մասին պատմություն կա․ ասում են՝ երբ փողոցով քայլում ու մարդ է տեսնում, տխրում, ասում է՝ չէ՞ որ այս մարդուն կարող էի կալանավորած լինել․ այս տրամաբանությամբ պետք է մոտենա՞նք մենք քրեական վարույթներին։ Հասել ենք այն օրվան, որ բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելը դարձել է համարձակություն, բայց դա է մեր իրականությունը»։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































