Փաստաբան Կարեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Պաշտպանական թիմի (Կարեն Գաբրիելյան, Ռոբերտ Խաչատրյան, Հովհաննես Հարությունյան) արդյունավետ աշխատանքի և մարտավարության շնորհիվ Հակակոռուպցիոն դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը՝ մեր պաշտպանյալ, ՀՀ մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը։ Նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:


















































