Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավարական հիմնական ուղղությունների թվում են՝ պատմամշակութայինը, գաստրոտուրիզմը, արկածային, առողջապահական զբոսաշրջությունը. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Փետրվար 23,2026 14:14 Share

«Կառավարության նիստում ընդունվեց 2026-2030թթ Զբոսաշրջության զարգացման ծրագիրը, ինչն ուղենիշային փաստաթուղթ է լինելու հաջորդող 5 տարիների համար՝ պետական քաղաքականության վարման, ինչպես նաեւ բիզնեսի համար»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանը:

Նա նշեց, որ փաստաթղթով սահմանվել են թիրախային երկրներն ու ուղղությունները, որոնք հաջորդող 5 տարիների ընթացքում դառնալու են առաջնահերթություններ: Լուսինե Գեւորգյանը հավելեց, որ փաստաթուղթը հանգամանալից ներկայացնելու համար էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի հետ նախաձեռնել են մարզային այցեր, որտեղ հանդիպումներ են ունենում համայնքային, մարզային պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ այս հանդիպումներին ներգրաված է լինում բիզնեսը:

«Շատ հաճախ խոշոր բիզնեսն իր եւ մարկետինգային արշավները, եւ անգամ ենթակառուցվածքները համաձայնեցնում է հենց այն ուղղությունների հետ, որտեղից ավելի շատ զբոսաշրջիկ է գալիս, եւ դա տրամաբանական է: Այդ ուղղությամբ նաեւ կոմիտեում նախաձեռնել ենք թվային գործիքների կիրառում. նախատեսում ենք փոդքաստների շարք նկարել Զբոսաշրջության կոմիտեի աշխատակիցների մասնակցությամբ, ինչպես նաեւ թվային տեսահոլովակներ նկարել, որտեղ կարճ-կարճ կպատմենք այդ մեծ փաստաթղթի մասին»,-տեղեկացրեց Լուսինե Գեւորգյանը:

«Ռազմավարական հիմնական ուղղություններն են պատմամշակութայինը, գաստրոտուրիզմը, որտեղ ներառված է նաեւ հայկական բրենդի գինու տուրիզմը, այնուհետեւ շարքը շարունակում է արկածային զբոսաշրջությունը, որը շատ ակտիվ է զարգանում: Իմիջիայլոց, Իսպանիայի FITUR միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մեզ հետ էր արկածային զբոսաշրջությունը ներկայացնող մոտոտուրեր իրականացնող մի ընկերություն: Հավատացեք, ամենաակտիվը հենց այդ ընկերության սեղանն էր, որովհետեւ եվրոպացի զբոսաշրջիկները նախընտրում են հենց արկածային զբոսաշրջության ուղղությունը:

Այնուհետեւ ըստ հերթականության գալիս է ՄԱՅՍ (MICE՝ Meetings, Incentives, Conferences, Exhibitions) զբոսաշրջությունը: Կարծում ենք՝ Հայաստանն արդեն մեծ շուքով ու մեծ պատվով իրականացրել է մի քանի խոշոր ՄԱՅՍ միջոցառումներ՝ լինեն դրանք ֆորումներ, սպորտային միջոցառումներ, թե մասնավոր բիզնեսին վերաբերող: Գիտեք, որ մի քանի խոշոր բանկեր արդեն իրենց տարեկան միջոցառումներն են անցկացրել Հայաստանում: Ունենալով լավ ենթակառուցվածքներ, կարողանալով մատուցել մատչելի ծառայություններ՝ հիմա մենք Հայաստանը դիրքավորում ենք որպես ՄԱՅՍ զբոսաշրջության կենտրոն:

Առաջնահերթություններում նաեւ բժշկական զբոսաշրջությունն է: Անցյալ տարի Զբոսաշրջության կոմիտեն նախաձեռնեց եւ անցկացրեց առաջինը Հայաստանում բժշկական զբոսաշրջության համաժողով, որտեղ ներկայացված էին եւ էկոնոմիկայի, եւ առողջապահության նախարարությունները, եւ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, եւ մասնավոր ընկերություններ»,-մանրամասնեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը:

Ասուլիսն ամբողջությամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728