«Քրեական օրենսգրքում ունենք 221 հոդված, դա բարեգործության արգելքը խախտելու հոդվածն է։ Այն, ըստ էության, գործում է, երբ նախագահը հրամանագիր է ստորագրում, որով նշանակում է ընտրության օր։ Եվ այդ պահից սկսած մինչեւ արդյունքների ամփոփումը մենք գործ ունենք բարեգործության արգելքի հետ, որը նախատեսված է Ընտրական օրենսգրքով»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Հարցին, եթե վարչապետի տիկնոջ հիմնադրամն այս փուլում անգլերենի դասընթացների անցկացման հայտարարություն է անում կամ այլ խոստումներ է տալիս, այն մարդկանց, ովքեր պոտենցիալ ընտրող են, քրեական գնահատականի կարո՞ղ է արժանանալ, Նահապետյանը պատասխանեց․ «Կխուսափեմ կոնկրետ դեպքի մասով իրավական գնահատական տալ, որովհետեւ կոնկրետ ձեր ասած դեպքով մենք Հակակոռուպցիոն կոմիտեում հաղորդում չունենք։ Բայց վաղը-մյուս օրը, եթե ունենանք հաղորդում եւ եթե ես ձեր հարցին պատասխանեմ ու ասեմ, որ իրավական առումով այստեղ ունենք բարեգործության արգելքը խախտելու հանցակազմ կամ չունենք, ես ինձ կանխորոշում եմ, որպեսզի հետագայում իրավական պրոցեսում համապատասխան ճիշտ իրավական որոշում ու գնահատական տրվի։ Եթե մենք ձեր ասած դեպքով ունենանք հաղորդում, ստուգողական գործողություններ, կկայացնենք համապատասխան դատավարական որոշում, եւ հանրությունը պատշաճ կիրազեկվի»։
Անդրադառնալով այն դեպքին, որ ընտրական շրջանի բացումից երկու օր անց՝ փետրվարի 9-ին Սյունիքի մարզպետը որոշում է ստորագրել, որով գումար է բաժանվել քաղաքացիներին, եւ հարցին, թե խախտում պարունակո՞ւմ է, կոմիտեի նախագահը պատասխանեց․ «Կոնկրետ այս օրինակով ունենք ստուգողական գործողություն Հակակոռուպցիոն կոմիտեում եւ ստուգում ենք, թե տվյալ պաշտոնատար անձը կուսակցության անդամ հանդիսանո՞ւմ է, թե՞ չի հանդիսանում, այդ գումարը բաշխվել է համապատասխան դիմումի հիման վրա, թե՞ ոչ, ի՞նչ նպատակով է իրականացվել այդ գումարի բաշխումը։ Երբ որ արդեն ստուգողական գործողությունների ավարտական պրոցես կունենանք, դրա մասին հանրությունը կիրազեկվի։ Իսկ թե սահմանը իրավական առումով ինչպե՞ս ենք որոշում, սահմանը որոշում ենք յուրաքանչյուր դեպքում առանձին-առանձին՝ կախված տվյալ դեպքի հանգամանքներից։ Հիմա ես չեմ կարող կանխորոշել, թե որ դեպքը մենք կորակենք բարեգործության արգելքը խախտելու հանցակազմով, իսկ որ դեպքը չենք որակի։ Եթե մենք վարույթ չնախաձեռնենք, մանրամասն կնշվեն վարույթի չնախաձեռնման պատճառները, եւ այդ մասով հանրությունը կիրազեկվի»։
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ ընդդիմադիրների նկատմամբ նման դեպքերում գործեր են հարուցվում, Արթուր Նահապետյանը պատասխանեց․ «Կարող եմ կոնկրետ դեպք նկարագրել՝ բարեգործության արգելքը խախտելու հանցակազմով մենք Էջմիածնի ընտրություններով կոնկրետ ունեցանք բարեգործության արգելքի խախտման դեպք, եւ մեղադրյալը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։ Այդ գործով նախաքննությունն ավարտվել է, անձը գտնվում է տնային կալանքի տակ, եւ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Հետեւաբար, ձեր այն մեկնաբանությունը՝ կախված, թե որ կուսակցությունից է, ըստ այդմ էլ նաեւ որոշում կկայացնենք, դա իրականության հետ կապ չունի»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































