Լրահոս
Օրվա լրահոսը

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ժառանգությունը կհրատարակվի 25 հատորով

Ապրիլ 15,2026 20:07 Share

«Գրքային դիվանագիտություն» ծրագրի շրջանակներում Մոսկվայի «Կնիժնի Միր» հրատարակչությունը վերջերս հրատարակել է հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Հրատարակված դաշնամուրային ստեղծագործություններ» ժողովածուի առաջին հատորը։

Ականավոր կոմպոզիտորի Հիշատակի հիմնադրամը և «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը 20-րդ դարի «վերջին մեղեդիահարի» ժառանգության հիմնարար գիտական վերաիմաստավորման հիմքն են դնում՝ նրա ծննդյան 105-ամյակի առթիվ մեկնարկելով խոշոր գիտական, հրատարակչական նախագիծ․ մաեստրոյի ստեղծագործությունների առաջին՝ ամբողջական ժողովածուն կհրատարակվի 25 հատորով։ Ընթերցողին ուղղած համատեղ ուղերձում երկու կազմակերպությունների ղեկավարները՝ Արա Բաբաջանյանը և Յուրի Նավոյանը, ընդգծում են՝ չնայած Առնո Բաբաջանյանն իր կենդանության օրոք ամենահաճախ հրատարակվող խորհրդային կոմպոզիտորներից էր, նրա ստեղծագործական ժառանգության մեծ մասը մնացել է ձեռագրի տեսքով։

Նախաձեռնության նպատակը՝ կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունն ամբողջական, գիտական մատուցմամբ ամփոփելն է։ Սա նաև Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների առաջին բազմահատոր հրատարակությունն է։ Ընտրանիում ներառված են ձեռագրեր (լրացված ինքնագրեր, լիազորված պատճեններ, իսկ որոշ դեպքերում նաև սևագրեր, ուրվագծեր և հատվածներ), տպագիր հրատարակություններ և ձայնագրություններ։

Ժողովածուի առաջին հատորը լույս է տեսել՝ բարերար, իրավաբանական գիտությունների դոկտոր Սամվել Կարախանյանի աջակցությամբ։

«Նրա ստեղծագործությունը՝ օժտված հոգու խորքը թափանցելու և իր երգունակությամբ հուզելու հազվագյուտ ունակությամբ, դժվար թե որևէ մեկին անտարբեր թողնի։ Նրա երաժշտությունը քայլում է ժամանակին համընթաց, և այդ պատճառով մի տեսակ հայելի է, որն արտացոլում է մեր հասարակության հոգևոր աշխարհը։ Բնականությունը, պարզությունը, միաժամանակ երաժշտական լեզվի հարստությունը, հոգու առատաձեռնությունը, միաժամանակ լակոնիկությունը ինքնարտահայտման մեջ, կյանքի, մարդկության հանդեպ սերը, միաժամանակ նվիրվածությունը ծննդավայր ժողովրդին, հավատարմությունը նրա լավագույն ավանդույթներին․ ահա թե ինչում եմ ես տեսնում Բաբաջանյանի հանճարի գաղտնիքը»,- Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևի բնութագիրն է մեծանուն կոմպոզիտորին և նրա երաժշտությանը՝ իր բնութագրմամբ՝ նման կարևոր հրատարակության առիթով։

Վալերի Գերգիևը համարում է, որ իրեն «բախտ է վիճակվել» անձամբ ծանոթ լինել Առնո Բաբաջանյանի հետ, համագործակցել նրա հետ՝ 1980-ականների սկզբին, երբ ինքը ղեկավարում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Հիշում է՝ հենց այդ ժամանակահատվածում փայլուն հեղինակային կատարմամբ վերջին անգամ (Առնո Բաբաջանյանի մահից մի քանի ամիս առաջ – Ն․ Գ․) հնչեց «Հերոսական բալլադը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930