Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում գտնվող «Սուրբ Յոթ վերք» եկեղեցու բակում այսօր առավոտից սկսվել է ստորագրահավաք՝ տնային կալանքի ենթարկված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատ արձակելու պահանջով։ Ստորագրահավաքին միացել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը, ՀՅԴ ներկայացուցիչներ, տարբեր մտավորականներ ու շարքային գյումրեցիներ։
Նկատենք, որ ստորագրողների մեջ մեծ թիվ էին կազմում գյումրեցի երիտասարդները, որոնցից շատերն, անտեսելով այդ նույն հրապարակում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ համերգը, շտապում էին ստորագրություն դնել հոգևոր թեմի առաջնորդին ազատ արձակելու համար՝ համարելով, որ նա քաղբանտարկյալ է։
Կարդացեք նաև
Ստորագրահավաքի տեքստում, որը ձևակերպված է որպես «Հայտարարություն ու հասարակական պահանջ», նշված է, որ «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և կիրառված խափանման միջոցը հասնում են խոշտանգման, քանի որ Սրբազանը չի կարողանում կատարել իր հովվական պարտականությունները, իսկ թեմի հավատավորները չեն կարողանում բավարարել իրենց հոգևոր պահանջմունքերը:
Սրբազանը զրկված է նույնիսկ ժամերգություններին մասնակցելու իրավունքից, որը համարվում է միասնական աղոթքի դրսևորման ձև և պարտադիր է քրիստոնյա հավատացյալների և հոգևորականների համար»:
Այնտեղ խոսվում է նաև հավատացյալների սահմանադրական իրավունքի խախտման մասին։
«Սրբազանի շարունակական անազատության մեջ գտնվելու պատճառով տուժում է Շիրակի թեմի հավատացյալների կրոնական պահանջմունքները բավարարելու սահմանադրական իրավունքը, ուստի պետության այսօրինակ միջամտությունն այլևս արդարացված չէ, քանի որ ինչպես բարձրաստիճան հոգևորականին, որը իր գոյության կես դարից ավելին նվիրել է Աստծուն և Հայ Եկեղեցու շենացմանը, այնպես էլ հասարակության քրիստոնյա հատվածի հոգևոր պահանջմունքներին հասցվում է անդառնալի վնաս:
Ուստի, պահանջում ենք՝ անհապաղ վերացնե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը, դադարեցնե՛լ նրա նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և հռչակե՛լ Սրբազանի անմեղությունը»,- ասված է տեքստում։
Եկեղեցասեր երիտասարդ, Միքայել Սրբազանի հոգեզավակ Աբրասիմ Աթոյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ 3500 մարդ արդեն իսկ ստորագրել է, թղթի վրա ստորագրել են մոտ 500-ը, իսկ էլեկտրոնային տարբերակով՝ 3000 հազարը։
Ստորագրահավաքին մասնակցող քաղաքական գործիչները ևս նշում էին, որ իրենց ընդհանրապես չեն հետաքրքրում Փաշինյանի համերգներն ու շոուները, պահանջում են վերականգնել արդարությունն ու անհապաղ դադարեցնել հետապնդումները Հոգևոր առաջնորդի նկատմամբ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































