Դատապարտելի է և լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն փաստը, որ իշխանությունների կողմից սահմանափակվել է քրեակատարողական հիմնարկներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող հոգևոր ծառայությունը։
Եկեղեցի-իշխանություն փոխհարաբերությունների շրջանակում առանձնահատուկ կարևորություն ունի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից պետական կառույցներում իրականացվող հոգեխնամ ծառայությունը, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում։ Այդ ծառայությունն ուղղված է ազատազրկված անձանց հոգևոր խնամքին, ապաշխարության գիտակցության ձևավորմանը և նրանց հոգևոր-բարոյական կերպարի ամրապնդմանը։
Որպես երկար տարիներ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացրած եկեղեցական՝ կարող եմ վստահաբար արձանագրել, որ թե՛ քրեակատարողական հիմնարկներում, թե՛ բանակում մարդը գտնվում է սահմանափակ միջավայրում՝ խիստ ու կարգ-կանոն պահանջող պայմաններում։ Այդ իրավիճակում մարդը բախվում է ներքին լուրջ փորձությունների՝ ինչպես հոգևոր, այնպես էլ հոգեբանական առումով, և հենց այստեղ է, որ հոգևորականի առաքելությունը դառնում է կենսական՝ ուղղված մարդու հոգևոր խնամքին, ապաշխարության գիտակցության խորացմանը և բարոյական կերպարի ամրապնդմանը։
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ նման ծառայության սահմանափակումը ոչ միայն խաթարում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության լիարժեք իրականացումը, այլև հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված խղճի և կրոնի ազատության հիմնարար իրավունքին, ինչպես նաև գործող օրենսդրությանը։
Ցավալի իրողություն է, որ այսօր քրեակատարողական հիմնարկներում գտնվող մեր Սուրբ Եկեղեցու զավակները փաստացի զրկված են հոգևոր խնամքից և մխիթարությունից։
Մեր աղոթքն է, որ այս կարևորագույն խնդիրները շուտափույթ և արդարացի լուծում ստանան, և վերստին ստեղծվի հնարավորություն, որպեսզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ եկեղեցականները անխաթար ու անխոչընդոտ շարունակեն իրականացնել մեր Սուրբ Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը։
Քաջիկ սարկավագ Եղոյան


















































