Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանությունից փրկված հայի համար Մայր Եկեղեցին եղել է այն միակ հուսալի հարկը, որտեղ նա գտել է սփոփանք և ուժ՝ վերածնվելու համար

Ապրիլ 23,2026 12:16 Share

Ապրիլի 24-ը հայ մարդու համար միայն սգո օր չէ։ 2015 թվականից ի վեր, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սրբադասեց Հայոց Ցեղասպանության զոհերին, այս օրը վերածվեց հաղթանակած հավատքի և հավերժական կյանքի խորհրդանիշի։ Մենք այլևս ոչ թե զոհերի հիշատակն ենք ոգեկոչում, այլ հայցում ենք մեր Սուրբ Նահատակների բարեխոսությունը՝ Աստծո առջև մեր ազգի և հայրենիքի զորացման համար։

Այսօր, երբ մեր պետականությունն ու Եկեղեցին դիմագրավում են նորագույն և բարդ մարտահրավերների, Հայոց Ցեղասպանության դասերը դառնում են ավելի քան արդիական։ Պատմությունը մեզ սովորեցրել է, որ հայի ինքնության երկու հենասյուները՝ Պետությունն ու Եկեղեցին, պետք է գործեն ներդաշնակության մեջ։ Երբ խարխլվում է այդ կապը, հարվածի տակ է դրվում մեր տեսակի հարատևման առաքելությունը։

Գենադի Մնացականյան

Որպես հայ քրիստոնյա, որի համար հոգևոր արժեքներն ու եկեղեցական նվիրական կարգը բացարձակ առաջնահերթություն են, ես այս օրը տեսնում եմ որպես մեր հավաքական մաքրագործման հրամայական։ Սուրբ նահատակները իրենց արյամբ վկայեցին Քրիստոսի և Հայրենիքի հանդեպ հավատարմության մասին։ Մենք՝ ապրողներս, պարտավոր ենք լինել այդ ժառանգության արժանի և պատասխանատու կրողները։

Հայաստանի ներկայիս լարված ներհասարակական վիճակում և Եկեղեցի-Պետություն հարաբերությունների այս զգայուն փուլում, մեզ անհրաժեշտ է անկեղծ վերադարձ դեպի մեր հոգևոր ակունքները։ Ցեղասպանությունից փրկված հայի համար Մայր Եկեղեցին եղել է այն միակ հուսալի հարկը, որտեղ նա գտել է սփոփանք և ուժ՝ վերածնվելու համար։

Այսօր էլ Եկեղեցին պետք է մնա այն անսասան ժայռը, որի շուրջ պիտի համախմբի ազգը։ Ցանկացած փորձ՝ թուլացնելու Եկեղեցու դերը կամ ստվերելու նրա հոգևոր հեղինակությանը, վտանգում է մեր ներքին միասնությունը։

Հիշատակի այս Սուրբ օրերին յուրաքանչյուրիս համար նաև ինքնաքննության և սեփական ուխտին հավատարիմ մնալու պահ է։ Ծառայել Աստծուն և սեփական ժողովրդին՝ անկախ հանգամանքներից և փորձություններից, սա է այն բարոյական առանցքը, որով պետք առաջնորդվենք։ Մեր նպատակը պետք է լինի մեկը՝ արժանավորապես շարունակել մեր նախնյաց հոգևոր գործը և պահպանել այն լույսը, որը նրանք մեզ փոխանցեցին իրենց նահատակությամբ։ Մենք պետք է հիշենք՝ առանց հոգևոր ամրության դժվար է պատկերացնել հզոր պետություն, և առանց պետականության՝ Եկեղեցին զրկվում է իր երկրային հենարանից։

Թող Սուրբ Նահատակների բարեխոսությունը լինի մեր ազգի պահապանը, իսկ մեր հավաքական կամքը՝ ուղղված լինի հաշտության, արդարության և հոգևոր զարթոնքի։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930