Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ դրվագ «Կորուսյալ դրախտի»՝ Այնթապի ասեղնագործության պատմությունից

Ապրիլ 24,2026 09:30 Share

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հրազդան Թոքմաջյանի «Այնթապի ասեղնագործությունը» երկհատորյակից մի փոքրիկ հատված, որտեղ հեղինակն անդրադառնում է Այնթապի ասեղնագործության մասին վաղ վկայություններին ու այն հայանպաստ գործունեությանը, որը ծավալել է միսիոներուհի-բժշկուհի Ֆէնի Շեփըրտը համիդյան ջարդերից հետո՝ ի նպաստ «հայ չքաւոր այրի կիներու եւ որբուհիներու»։

Այնթապի ասեղնագործութեան սկըզբնաւորման մասին մեր գիտելիքները սահմանափակ են: Ըստ ձեռագործի մեծ գիտակ եւ հաւաքորդ Երանուհի Կէօթինկ-Հայտօսթեանի՝ եւրոպացիները «Այնթապի գործ»-ին ծանօթացել են խաչակիրների միջոցով: Բրիտանական թանգարանի հրատարակած ՏԷՔՍԹԻԼԻ 5000 ՏԱՐԻՆ գրքում եւս, առանց մանրամասնութիւնների, նշում է, որ մինչեւ 13-րդ դար ասեղնագործութիւնը մեծ մասամբ Եւրոպա է ներմուծուել Բիւզանդիայից եւ իսլամական Միջին Արեւելքից:

Հայտօսթեանը նշում է, որ «…քաշուած դերձանը (թելքաշ) վաղուց ծանօթ էր Մերձաւոր Արեւելքի մէջ, բայց Այնթապի հայերը մշակած եւ հարըստացուցած են զայն, ուրկէ` անոր քաղաքին անունով ճանչցուիլը»:

Այն, որ թելքաշը Հայաստանի մի շարք գաւառներում ծանօթ է եղել ժողովրդին, ապացուցում են թանգարաններում պահուող ձեռագործ աշխատանքները: Այդ բանուածքները, ինչպէս նաեւ հին «Այնթապի գործ»-երը, չափով փոքր են: Նրանցում թելքաշով հիւսուածքները, ընդհանրապէս, զուգորդում են հիմնական մտայղացմանը, գունաւոր ասեղնագործութեանը:

Մեր կարծիքով, «Այնթապի գործ»-ի ակունքը այս ձեռագործներում պէտք է փնտռել: Եթէ նկատի ունենանք 20-րդ դարի «Այնթապի գործ»-ը, մեր ենթադրութիւնը տարօրինակ կը թուայ: Սակայն Այնթապի հին ձեռագործներն ու գաւառների ասեղնագործութիւնը օրգանապէս շաղկապուած են թէ՛ զարդաձեւերի հնատիպութեամբ եւ թէ յoրինուածքներին յատուկ ընդհանրութիւններով:

Սրբիչ (հատուած), 18-րդ դար, Արցախ, Հայաստանի Պատմութեան Թանգարան, Երևան

Ասուածին որպէս ապացոյց կարելի է դիտարկել Հայաստանի Պատմութեան Թանգարանում պահուող մի գեղեցիկ նմոյշ: Այստեղ ուշագրաւ են ոչ միայն վարպետօրէն կատարուած թելքաշ հիւսուածքները, այլեւ ութթեւանի աստղիկների օգտագործման առատութիւնը: Եթէ մտովին գունաւոր հարթակարը վերածենք միագոյնի, «Այնթապի գործ»-ի հետ ընդհանրութիւնները առաւել բացայայտ կը դառնան: Ինչպէս Հայաստանի այլ բնակավայրերում, Այնթապում եւս կնոջ կենցաղի անբաժանելի մասն է եղել ասեղնագործութիւնը: Որքան հին է օժիտի պատրաստութիւնը, նոյնքան հին է հարսնացուի՝ ապագայ ընտանիքի մօրը անհրաժեշտ զարդարուն առարկաների պատրաստութիւնը:

Բարձի երես, 1845 թ․, անյայտ հեղինակ, Այնթապ

Այնթապցու բազմանդամ ընտանիքում կնոջ դերը շատ մեծ էր: Տարուայ ամբողջ ընթացքի համար սննդամթերքի պատրաստութեան եւ պահեստաորման, բազմաթիւ զաւակների խնամքի, հոգածութեան կողքին նա միշտ ժամանակ է գտել ասեղնագործութեան համար: Այնթապի ձեռագործին վերաբերող ամենահին վկայութիւններից մէկը պահպանուել է Ալեքսան Խոճայի յուշերում: 1837-ին Այնթապ ծնուած Փրոֆ. Ալեքսան Պէզճեանը իր յուշերում գրում է. «Առաջին վարժապետս էր Տէր Յովհաննէս եւ առաջին դպրոցս` անոր տունը: Քանի յիշեալին դրացի էինք, չեմ գիտեր թէ իմ մէջս կարդալու եռանդ երեւցած ըլլալո՞ւն համար, թէ գուցէ աւելի շիտակը` տան մէջ գլխացաւ մը պակսեցնելու նպատակով հայրս զիս հոն տարաւ՝ երբ հազիւ 4 կամ 5 տարեկան էի, եւ որպէսզի Այբբենի պնակէտը, կամ Քերականը զիս չվախեցնէր, զիս ապահովցուցին, թէ ան ինծի լոկ խաղի կամ զուարճութեան տեղ մը պիտի ըլլար: Լաւ կը յիշեմ, որ ինծի տարեկից ուրիշ մի քանի տղոց հետ տրապզընի ստորոտը կը նստէինք: Մեր աջ դին կար թոնիրը, մեր դիմացն էր երէցկինի չըգրըղը, քիչ մը վերեւը ասեղնագործութիւն սորվող աղջիկներուն քէրկէՖը կար եւ սեմէն անցնելով կը մըտցուէր տէր պապայի ոստայնանկութեան փոսը»:

Մի այլ վկայութիւն եւս օգտակար տեղեկութիւններ է պարունակում: Նիւ Եորք հաստատուած հայր եւ դուստր Արուսեակ եւ Ֆերտինանտ Գայմագամեանները յուշեր են գրել Վարդուհի վարժուհու՝ Վարդուհի Սէֆէրեան-Գայմագամեանի մասին: 1835-ին Այնթապ ծնած Վարդուհին՝ Արուսեակի մեծ մայրը, իր ժամանակի հազուագիւտ գրագէտ կանանցից մէկն է եղել: Նախքան աղջիկների համար կանոնաւոր դպրոցների գոյութիւնը, նա սեփական նախաձեռնութեամբ, տնային պայմաններում գրաճանաչ է դարձրել բազմաթիւ աղջիկների: Հետաքրքրականը այն է, որ շուրջ 20 աղջիկների իր տան մէջ հիմնական դասաւանդութեանը զուգընթաց սովորեցրել է կար ու ձեւ եւ ձեռագործ: Քաղաք այցելած կաթողիկոս Մկրտիչ Քեֆսիզեանը, ծանօթանալով Վարդուհու նախաձեռնած դասընթացին, համապատասխան կարգադրութիւնով օժանդակել է աւելի կազմակերպուած ձեւ տալու համար: Վերոյիշեալ վկայութիւններից պարզ է դառնում, որ տնային պայմաններում ասեղնագործու-թիւն սովորեցրել են 1840-ականներից:

Հետաքրքրական է նաեւ այն փաստը, որ 1877 թուականի Մարտի 1-ին բացուած Հայկանուշեան վարժարանին լրացուցիչ դրամական մուտք է ապահովել տարեվերջեան ձեռագործի վիճակահանութիւնը: Այս նույն դպրոցը աւարտած Արշալոյս Ալաճաճեան-Նաշալեանը 1900-1907, բացի սովորական առարկաներից, դասաւանդել է ձեռագործ: Հայկանուշեան վարժարանի դասացուցակը եւս հետաքրքրական տեղեկութիւններ է պարունակում: Ձեռագործին յատկացուած դասապահերը բաշխուել են հետեւեալ կերպ.

նախակրթարանի բաժին

Ա. տարի – ձեռագործ, խարճ հիւսելու սկզբնաւորու-թիւն – 8 ժամ (դասապահ):
Բ. տարի – ձեռագործ, շարունակութիւն խարճի եւ սկզբնաւորութիւն ասեղնագործ տանթելի եւ Այնթապու նագըշ – 8 ժամ:
Գ. տարի – ձեռագործ, շարունակութիւն նախորդի, աւելի բարդ օրինակներ, սկզբնաւորում պրօտերի, քանավելա, եւ Այնթապու նագըշով նուրբ փորձեր – 8 ժամ:
Դ. տարի – ձեռագործ թաւիշի վրայ եւ բեհեզի վրայ մետաքսով եւ ուլունքով գործեր, պրօտան եւ այլն – 8 ժամ:
Ե. տարի – ձեռագործ, շարունակութիւն մետաքսէ նուրբ գործերու, զանազան – 8 ժամ:

Պետք է նշել, որ ձեռագործին տրամադրուած դասապահերը, համեմատած դասաւանդուաղ միւս առարկաներին՝ (նիւթ), ամենաշատն են: Ուրիշ ոչ մի առարկայի շաբաթական 8 դասապահ չի յատկացուել:

․․․19 -րդ դարի 90-ական թուականներից մեր տեղեկութիւնները Այնթապի ասեղնագործութեան մասին դառնում են աւելի ստոյգ եւ որոշակի: Այդ ստոյգութիւնը, ոչ միայն Այնթապի, այլեւ մի շարք ուրիշ քաղաքների պարագային, կապուած է միսիոներների գործունէութեան հետ: Յատկապէս 1895-ի համիտեան ջարդերից յետոյ, ձեռագործը որպես եկամուտ ապահովելու միջոց զարգացնելը միսիոնարների նախաձեռնութիւնն է եղել: Այս իմաստով, եթէ Մարաշում առանցքային է եղել շոթլանտացի Ագնէս Սալմոնտի, ապա ՈւրՖայում նոյնքան կա-րեւոր է Գորինա Շաթըքի նախաձեռնութիւնը:

Այնթապի պարագային ձեռագործ աշխատանքը մեծ ծաւալների եւ յաջողութեան է հասել տիկին Ֆէնի Շեփըրտի շնորհիւ: Ինչպէս արդէն նշել ենք, 1874 թուին Այնթապի մէջ հիմնուեց Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճը: Գոլէճին կից հիմնուած Ազարիա Սմիթհ հիւանդանոցում աշխատելու եւ գոլէճի բժշկութեան բաժնում դասաւանդելու համար, 1882-ին Այնթապ է ժամանել Բժ. Ֆրէտ Շեփըրտը եւ նրա կինը՝ Ֆէնի Շեփըրտը: Տիկին Շեփըրտը ուսանած բժշկուհի էր, մասնագիտացած յատկապէս կանացի հիւանդութիւնների մէջ: Թէ՛ հայ եւ թէ օտար ժամանակակիցները մեծ դրուատանքով են գրում Շեփըրտների մասին: Գրեթէ բոլորի վրայ մեծ տպաւորութիւն է թողել տիկին Շեփըրտի կազմակերպած ձեռագործի արտադրութիւնն ու արտահանումը: Ինչպէս նշեցինք, համիտեան ջարդերից յետոյ բազմաթիւ հայ ընտանիքներ դժբախտացել էին: Հանապազօրեայ հացի կարօտ կանայք ու երեխաներ իրենց ապրուստը շահելու որեւէ միջոց չունէին: Այնթապցու աւանդական ընտանիքում դրամ շահելը մշտապէս եղել է տղամարդու գործը:

Ֆէնի Շեփըրտ

Կինը սահմանափակուել է տան ներքին գործերով: Այդ իսկ պատճառով ջարդերի ընթացքում կերակրող տղամարդկանց կորցրած ընտանիքները անել վիճակի են մատնուել: Յովակիմ Պազգալեանը գրում է. «Ահա այս ճակատագրական օրերուն էր որ տիկին Շեփըրտ մարդասիրական գաղափարն ունեցաւ գտնելու, հնարելու գործ մը, զբաղում մը, մասնաւորաբար չքաւոր այրի կիներու եւ որբուհիներու համար, զանոնք սովի սպառնալիքէն փրկելու համար: Ի՞նչ կրնար ըլլալ այդ գործը, որը յարմարէր կանացի ձեռքերու, եւ ապահովէր գէթ կեանքի ամենատարրական պէտքերը հոգացող եկամուտ մը: Չին եւ Ճաբօն կիներու ձեռագործները այն ժամանակ կ’ողողէին Ամերիկայի շուկաները: Թե՛ իրենց աժանութեամբ եւ թէ իրենց յատուկ ճաշակով լաւ կը ծախուէին: Կարելի չէ՞ր արդեօք, հայ կնոջ համար ալ հայթայթել նմանօրինակ գործ մը: Ինչո՞ւ չէ: Եւ տիկին Շեփըրտ, իր հեռատեսի երեւակայութեամբ, ունեցաւ իր հետապնդած նպատակակէտին որոշ տեսիլքը, եւ մեծ հաւատքով ու զօրաւոր կամքով լըծւեցաւ գործի…»։

Ինչպէս տեղեկանում ենք Պատգալեանի յօդուածից, գործը սկսելու համար արկին Շեփորտին անհրաժեշտ է եղել որոշ դրամագլուխ: Նա մտավախութիւն է ունեցել, որ սկզբնական շրջանի աշխատանքները մրցունակ չեն լինի շուկայում: Ժամանակ եւ աշխատանք էր պէտք հայ կանանց գործը որոշակի մակարդակի բարձրացնելու համար: Չինական ձեռագործները եւ աժան էին, եւ նրբահիւս: Որբեւայրիները պէտք է տեւական ժամանակ վճարուէին իրենց աշխատանքի դիմաց, անկախ ձեռագործների վաճառքից: Այս հարցում տիկին Շեփըրտին աջակցում է ամերիկաբնակ քոյրը՝ Օր. Լ.Ք. Էնտրիւսը:

Ըստ Պագգալեանի, տիկին Շեփըրտը գործի բերումով՝ որպէս բժշկուհի շատ է շրջագայել եւ գիւղական բնակավայրերում հետաքրքրական ձեռագործներ տեսել: «Նէ (հայ կինը) իր պարզ հագուստին վրայէն կը կապէր հաստ կտաւէ շինւած կարմիր կամ կապոյտ գոգնոցը, զոր ան իր ձեռքովը կը ներկէր եւ իր պարապոյ ժամերուն մէջ կ’ասեղնագործէր զայն ճերմակ հաստ դերձանով: Տիկին Շեփըրտ տեսաւ, թէ այս գոգնոցներուն վրայ վատնուած է ահագին ժամանակ եւ անսպառ աշխատանք, առանց նիւթական ամենափոքր շահի: Միթէ կարելի չէ՞ր ճաշակաւոր օրինակներ գծագրել աւելի նուրբ ասուիի վրայ եւ բարակ դերձանով կամ մետաքսով բոլորովին տարբեր, նոր ու ճաշակաւոր ձեռագործներ պատրաստել, միեւնույն աշխատանքով»:

․․․Գործի ընթացքը նկարագրելով` Պագգալեանը նշում է, որ աշխատանքի առաջին երկու ձեւերը հեշտութեամբ յաղթահարուեցին։ Ժանեակը (ասեղնագործը) եւս կենցաղում ընդհանրացած էր: Մետաքսաթելով օձիքներ ու բարձի եզերքները զարդարող ժապաւէններ հայ կանայք ինքնաբերաբար հիսում էին: Գունաւոր ժանեակներով էին զարդարում նաեւ գլխաշորերի (եազմա) եզերքները: Այնպէս որ շատ ժանճակագործներ նա հեշտութեամբ գտնուեցին։

․․․Նոյն յոդուածից տեղեկանում ենք, որ վերոյիշեալ նախապատրաստական աշխատանքներըները չաւարտուած` տիկին Շեփըրտը յայտնւում է դրամական դժուար վիճակում: Աջակցութեան համար նա դիմում է համիտեան ջարդերից յետոյ Լոնտոնում հիմնուած Friends Of Armenia ընկերութեանը: Ընկերութիւնը խոստանում է վաճառել նախապատրաստութիւնների ընթացքում հաւաքւած ձեռագործները: Անսպասելի յաջողութեամբ վաճառուած ձեռագործներից ստացուած գումարով գործը մեծ թափ է առնում: Արդէն վարպետացած հայուհիները լծւում են անդուլ աշխատանքի, իսկ ձեռագործները շուկայ են գտնում ոչ միայն Անգլիայում, այլեւ Ամերիկայում, Ֆրանսայում, Գերմանիայում, Եգիպտոսում, մինչեւ իսկ` Իրաքում․․․

․․․Տարիներ անց Շեփըրտների մասին մեծ գովասանքով են գրել: Գրիգոր Պօղարեանը գրում է. «Միսիս Շեփըրտ, վկայեալ բժշկուհի մը, իր կարգին եղած է վերատեսուչը հիւանդանոցի (Ազարիա Սմիթհ) կանանց բաժնին եւ աջ բազուկը իր ամուսնոյն: Միսիս Շեփըրտը եւ Միս Համիլթըն, մանկաբարձ բժշկուհի մը՝ այս վերջինը, եղած են օրհնութիւն Այնթապի ժողովուրդին, հայ թէ թուրք անխտիր, իսկ Միսիս Շեփըրտի շնորհիւ տարածւած ու կազմակերպուած ասեղնագործութիւնը դարձած էր ապրուստի աղբիւր հազարաւոր չքաւոր ընտանիքներու»:

Ս. Մ. Ծոցիկեանը եւս մեծ կարեւորութեամբ է գրում բժիշկ Շեփըրտի կնոջ մասին. «․․․ճարտարարուեստները ըստ բաւականին զարգացած են: Հիւսուածագործութիւնը շատ առաջ գացած է: Նշանաւոր են Այնթապի գեղարուեստական ձեռագործները, բանուած ասեղնանկարուած թաշկինակները, սեղանի սփռոցները, ծածկոցները, բարձի երեսները, եւ այլն, որոնք մեծ յարգ ու սպառում ունին արտասահմանեան երկիրներու, Եւրոպայի ու Ամերիկայի մէջ մասնաւորապէս: Այս ասեղնագործութեան արուեստին զարգացման մեծապէս նպաստած է տոքթ. Շեփըրտի կինը: Նոյն գործին ապա մղում տուած են նաեւ տեղացի հայեր»․․․

Հրազդան ԹՈՔՄԱՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930