«Ազգի» հարցազրույցը Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի հիմնադիր ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ:
-Տիկի՛ն Սահակյան, ապրիլի սկզբին իրազեկ դարձանք, թե Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները դիմել են ՀՀ-ի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարներին, Միջազգային Կարմիր խաչի նախագահին՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում «Հովանավոր տերության» մեխանիզմի գործարկման խնդրանքով: Արձագանք կա՞:
-Որեւէ պատասխան դեռ չենք ստացել: Սպասում ենք: Եթե արձագանք չլինի, հետադարձ հեռախոսային կապի միջոցով կփորձենք հասկանալ ինչպիսի վիճակ է, բնականաբար հանդես կգանք հաղորդագրությամբ:
Բաքվում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նորություն կա, որին արժե անդրադառնալ. Երկուշաբթի՝ ապրիլի 20-ին տեղեկություն ստացանք, որ կա հիմնարկի՝ պահման վայրի փոփոխություն. նախկինում պահվում էին Ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո գտնվող քննչական մեկուսարանում: Այս պահին նրանց տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության մեկ այլ քրեակատարողական հիմնարկ: Ցավոք սրտի, այս հարցում եւս թափանցիկություն չկա, եւ շնորհված երաշխիքները խախտվում են. Մասնավորապես նախապես ընտանիքի անդամներին չեն հայտնել, թե որտե՞ղ, ե՞րբ են տեղափոխվում եւ ռեժիմի, զանգերի մասով ի՞նչ փոփոխություններ են լինելու: Բայց քանի որ մեզ հայտնի է, թե դատապարտված, դեռեւս 2020 թվականից գերեվարված անձինք տեղափոխվել են Բաքվի Umbaki (Umbaki Penitentiary Complex in Garadagh District (founded in 2023) քրեակատարողական հաստատություն, չենք բացառում, որ խոսքը նույն հաստատություն տեղափոխելու մասին է: Մնացյալը ժամանակի ընթացքում պարզ կլինի, թե արդյոք այս տեղափոխությունն ազդեցություն թողնելո՞ւ է ընտանիքների հետ կապի վրա, մասնավորապես արդյոք նվազեցվելո՞ւ են զանգերի քանակը եւ տեւողությունը:
Կարդացեք նաև
–Բաքվում ցուցադրական եւ շինծու դատավարության ավարտի հետ վերջացավ մեր հայրենակիցների մասին մամուլում տեղեկությունը: Հայ հանրությունն ինչպե՞ս պիտի իրազեկ դառնա նրանց վիճակի մասին:
-Հատկապես դատավարությունների ավարտից հետո մենք տեղեկատվություն չենք ստանում նրանց վիճակի վերաբերյալ. Լուսանկարներ այլեւս չեն տարածվում, որ տեղեկատվական առումով եւս կարող էին կարեւոր լինել: Նշեմ, որ ընտանիքի անդամների հետ հեռախոսազանգերը պահպանվում են, որոշ տեղեկություններ այդ մասնավոր զրույցների ընթացքում փոխանցվում են, սակայն անմիջական դիտարկման, վիճակի, մոնիտորինգի միջոցով տեղեկություններ հավաքագրող եւ ամրագրող որեւէ կառույց գոյություն չունի, եւ սա ստեղծում է տեղեկատվական վակուում:
Այս պահին շատ կարեւոր օղակ է դարձել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), քանի որ փաստաթղթերը, այդ թվում՝ առողջական վիճակի վերաբերյալ, ստացվում են հենց դատարանի գործունեության շնորհիվ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նման տեղեկատվություն ներկայացրել էր դատարանին հունվար ամսին, սակայն փետրվարին արդեն նոր միջնորդությամբ էր հանդես եկել, որով խնդրում էր ՄԻԵԴ- ից վերացնել հայ գերիների նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները եւ դադարեցնել հաշվետվություններ ներկայացնելու պարտականությունը: Այս միջնորդության առնչությամբ հանդես ենք եկել դիրքորոշումներով եւ հիմնավոր տվյալներ ենք ներկայացրել, որ նրանց կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական իրական վտանգներ կան, շարունակում են պահպանվել, ավելին՝ կա տեղեկատվության սակավություն, ինչն ինքնին խոշտանգումներ ծնող հանգամանք է, եւ նման պայմաններում խիստ կարեւոր է դատարանի շարունակական ներգրավվածությունը: Արդեն տեղեկացանք, որ ապրիլին դատարանը մերժել էր Ադրբեջանի կառավարության միջնորդությունը, օգոստոսի 31-ը սահմանել նոր վերջնաժամկետ՝ հայ պատանդների պահման պայմանների, վայրերի ու նաեւ առողջական վիճակի մասին տեղեկություններ ներկայացնելու համար: Հիշատակման արժանի է նաեւ այն հանգամանքը, որ դատարանը պահանջել է տրամադրել դատավճիռները, քանի որ հանրությանը տեղեկացրինք, որ դատավարությունների ավարտից հետո դատավճիռները չեն տրամադրվել թե՛ ամբաստանյալներին, թե՛ նրանց ընտանիքի անդամներին, թե՛ փաստաբաններին:
Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ
Գերմանիա
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազգ»-ում


















































