«Մեր կարգախոսն է «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան»։ Մեր երաշխավորված խաղաղության մոդելը մինչ նախընտրական բուն քարոզարշավի մեկնարկը շատ բուռն քննարկումների տեղիք է տվել քաղաքական դաշտում։ Ուրախությամբ պետք է նշենք, որ ընդդիմադիր այլ ուժեր այդ մոդելից են խոսում, դե իսկ իշխանության մասով ամեն ինչ պարզ է՝ նրանք սվիններով են ընդունում այս մոդելը»,- այսօր ասաց ԲՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
ԲՀԿ-ն այսօր ներկայացնում էր «Առաջարկ Հայաստանին» միավորման նախընտրական ծրագիրը:
Սուրեն Սուրենյանցը ընդգծեց՝ իրենք համոզված են՝ խաղաղությունը հռչակագիր կամ հայտարարություն չէ, այն պետք է ունենա իրավական-քաղաքական ինստիտուցիոնալ հիմքեր, հակառակ պարագայում ունենալու ենք ներկայիս իրավիճակը, երբ Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական իրադարձությամբ կամ իր իշխանության փոխվել-չփոխվելու հանգամանքով է պայմանավորում պատերազմը․ «Խաղաղություն ցանկացած գնով, այն, ինչ որդեգրել է այսօրվա իշխանությունը, եթե կուզեք անվանեք ուրացման մոդել, չի բերելու երաշխավորված խաղաղություն, այն բերելու է նոր փակուղիների, ճգնաժամերի, պետական հիմքերի ոչնչացմանը կամ նոր ֆորսմաժորների, անգամ պատերազմների։ Մենք ելնում ենք այն ելակետից, որ առանց երաշխավորների, առանց հստակ վերահսկման մեխանիզմների՝ ցանկացած համաձայնություն խոցելի է։ Սա ակնհայտ ճշմարտություն է, հատկապես եթե հաշվի առնենք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուժային դիսբալանսը»։
Իր խորին համոզմամբ՝ հենց իշխանությունն է պատերազմի կուսակցությունը։ Նա հիշեցնում է Պուտին-Փաշինյան վերջին հանդիպման հրապարակային հատվածը եւ եզրակացնում՝ այս քաղաքականությունը առնվազն հանգեցնելու է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ տնտեսական պատերազմի։
Կարդացեք նաև
Սուրեն Սուրենյանցը նաեւ հստակեցրեց՝ իրենց առաջարկները չեն նշանակում վերաբանակցում, սեփական զրոյական կետից սկսել եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների անտեսում․ «Սա նշանակում է, որ մենք ասում ենք՝ խաղաղության ցանկացած գործընթաց պետք է ամրապնդված լինի միջազգային երաշխիքներով ու միջնորդներով»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































