Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախ Միությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների վերաբերյալ կարևորագույն դրույթների ներառումը

Մայիս 02,2026 11:14 Share

Արցախ Միությունը ողջունում է ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի իրավունքների վերաբերյալ կարևորագույն դրույթների ներառումը, որոնք առնչվում են վերադարձին, մշակութային ժառանգության պաշտպանությանը, պատասխանատվության միջոցների կիրառմանը և պատանդների ազատ արձակմանը (12-րդ և 13-րդ հոդվածներ):

Մենք առանձնացնում ենք հատկապես հետևյալ դրույթները՝

  • «Վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ՝ նրանց ինքնության, գույքի և մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաև համապատասխան միջազգային երաշխիքներով անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի նրանց իրավունքը»:
  • «Կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մեղավորներին և միջազգային գնահատման առաքելություն կազմակերպել»:
  • «Դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորների և պատանդների անարդարացի ազատազրկումը. պահանջում է նրանց անհապաղ և անվերապահ ազատում»:
  • «Նկատի է առնում մինչ այժմ ձեռնարկված քայլերը և կոչ է անում հետագա վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել. կոչ է անում լիովին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքները»:

Արցախ Միությունը բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ու խմբակցությունների հետևողական ու սկզբունքային դիրքորոշումը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում, որն արտահայտվում է վերջին տարիներին ընդունված բանաձևերում՝ նույնիսկ կառավարությունների դիրքորոշումների կտրուկ փոփոխության պայմաններում: Եվրոպական խորհրդարանի բանաձևերը հստակ ուղենիշներ են Եվրոպական Միության և նրա անդամ երկրների գործադիր իշխանությունների համար, որոնք բացարձակապես անտեսում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ իրենց աշխարհաքաղաքական շահերի նեղ ընկալումներից ելնելով:

«Այս բանաձևը կարևոր ազդակ է մեր ժողովրդի համար, որ մենք ամբողջապես մոռացված չենք միջազգային հանրության կողմից և ունենք արժեքահեն բարեկամներ, որոնք շարունակում են աջակցությունը մեր հավաքական ու անհատական իրավունքներին: Հույս ունենք, որ մայիսի 4-5-ը Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ԵՄ-Հայաստան 1-ին գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական Միության և անդամ պետությունների ղեկավարները հաշվի կառնեն ԵԽ վերջին բանաձևը և դրանից բխող գործողություններ ու հայտարարություններ կկատարեն»,- նշել է Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը:

Մենք շեշտադրում ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունն ու ժողովրդավարական զարգացումն անհնար են, քանի դեռ չեն վերականգնվել ու պաշտպանվել Արցախի ժողովրդի իրավունքները և արմատախիլ չի արվել հայատյացության պետական քաղաքականությունը Ադրբեջանում:

ԱՐՑԱԽ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031