Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Կյանքս» վավերագրական ֆիլմերի եռագրության երկրորդ մասի պրեմիերան

Մայիս 02,2026 12:20 Share

Մայիսի 1-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ «Կյանքս» վավերագրական ֆիլմերի եռագրության երկրորդ մասի պրեմիերան։ Ֆիլմերը նվիրված են կանանց փորձին և դրա միջոցով սերունդներին փոխանցվող հավաքական հիշողության ձևավորմանը։ Նախագծի գաղափարի հեղինակն ու պրոդյուսերը Տաթևիկ Կարապետյան է։

Եթե «Կյանքս» եռագրության առաջին ֆիլմը նվիրված էր ավագ սերնդի կանանց, որոնք պահպանում և փոխանցում են հիշողությունն ու փորձը, ապա երկրորդ մասը կենտրոնանում է այն սերնդի վրա, որն այսօր Հայաստանի շարժիչ ուժն է։ 30–50 տարեկան կանանց, որոնք կանգնած են ավանդույթի և ապագայի միջև։

25 րոպե տևողությամբ ֆիլմում երիտասարդ ռեժիսոր Նարա Կարապետյանն ուսումնասիրում է, թե ինչպես են հինգ հերոսուհիները համատեղում մայրությունն ու կարիերան՝ միաժամանակ հավատարիմ մնալով իրենց արժեքներին։

«Առաջին ֆիլմի վրա աշխատելիս մենք ուսումնասիրում էինք ավագ սերնդի՝ մեր մայրերի և տատիկների աշխարհը, որը լի է կանացի իմաստությամբ, ուժով և սիրով։ Երկրորդ աշխատանքը դարձավ յուրատեսակ ինքնաճանաչման փորձ՝ նայելու մեր սերնդին՝ նրանց, ովքեր ապրում են մայրերի հիշողության և երեխաների երազանքների, ընտանիքի և աշխատանքի, ավանդույթի և սեփական ճանապարհի միջև։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այս կանայք պատրաստ չեն ընտրել դրանցից միայն մեկը։ Նրանք պատրաստ են ներդրվել ամեն ինչում միաժամանակ, որովհետև դա նրանց կենսակերպն է», – նշում է Տաթևիկ Կարապետյանը։

Ինչպես եռագրության առաջին մասը, երկրորդ ֆիլմը նույնպես կառուցված է դիտարկման և զգայուն ուշադրության վրա՝ խուսափելով ավելորդ հերոսացումից։ Տեսախցիկը ֆիքսում է առօրյան, որի մեջ աստիճանաբար երևում են կյանքի հանդեպ սերը, արտաքին ռիթմի և ներքին լռության միջև հավասարակշռություն գտնելու կարողությունը։

Աշխարհում, որն ապրում է մեծ արագություններով, ֆիլմի հերոսուհիները ցուցադրում են չպառակտվելու հազվագյուտ կարողություն, հակառակը՝ միավորելու ընտանիքն ու մասնագիտությունը, լսելու ավանդույթի ձայնը և չվախենալու փոփոխություններից։ Կարեւոր լինել ուրիշների համար, և միաժամանակ, չկորցնել իրենց։ Հենց այս ամենօրյա, պաթոսից զերծ ընտրության մեջ է դրսևորվում այն ուժը, որը թույլ է տալիս կնոջը հենարան մնալ անցյալի, ներկայի եւ ապագայի համար։

«Եռագրության առաջին ֆիլմից շատ էի ոգեւորվել, ուստի երբ ինձ առաջարկեցին աշխատել երկրորդ մասի վրա, ես լի էի ոգեշնչմամբ և պատասխանատվությամբ։ Մենք հատուկ հերոսուհիների չենք փնտրել, պարզապես հետեւել ենք նրանց։ Այս ֆիլմն ինձ համար կենդանի, անկեղծ դիտարկում է՝ առաջին հայացքից սովորական թվացող կյանքի մասին։ Հենց այսպես՝ առանց բարձրաձայն խոսքերի և բեմադրված կեցվածքների, երևում է այն ուժը, որի վրա կանգնած է այսօրվա Հայաստանը։ Այս կանայք ընդլայնում են իրենց սիրտն այնպես, որ այնտեղ տեղ են գտնում թե՛ ընտանիքը, թե՛ կոչումը, թե՛ անցյալը, թե՛ ապագան։ Պարզվեց՝ բավական է պարզապես չխանգարել տեսախցիկին, և կախարդանքը կբացահայտվի ինքն իրեն», — ասում է Նարա Կարապետյանը՝ «Կյանքս» եռագրության երկրորդ մասի ռեժիսորը։

Ֆիլմի հինգ հերոսուհիները ներկայացնում են տարբեր սոցիալական միջավայրեր և մասնագիտություններ, սակայն նրանց միավորում է մեկ ընդհանուր հատկանիշ՝ բոլոր ոլորտներում ամբողջությամբ ներդրվելու իրենց պատրաստակամությունը․

— Տաթևիկ Բոլշիկյան՝ բալետի մենակատար, ավելի քան 15 տարի բեմում է,
— Լուիզա Ղամբարյան՝ դերասանուհի, ավելի քան 30 տարի աշխատում է թատրոնում, ամուսնացած է,
— Օվսաննա Հովսեփյան՝ կենդանիների ապաստանի հիմնադիր,
— Փարանձեմ Նազինյան՝ ռեստորատոր,
— Գայանե Ալեքսանյան՝ մանկապարտեզի հիմնադիր։

Եռագրությունը շարունակում է զարգացնել վավերագրական կինոյի գաղափարը, որը նվիրված է հայ կանանց երեք սերունդներին՝ տատիկներին (70+), մայրերին (30–50) և դուստրերին (մինչև 25 տարեկան)։ Յուրաքանչյուր մաս գոյություն ունի որպես առանձին ֆիլմ, իսկ միասին դրանք ձևավորում են Հայաստանի ամբողջական դիմանկարը՝ կանացի փորձառության միջոցով՝ ավանդույթի, արդիականության և տարբեր սերունդների կանանց կայացրած որոշումների խաչմերուկում։

Ֆիլմի ստեղծագործական թիմում ընդգրկված են․
Տաթևիկ Կարապետյան՝ պրոդյուսեր,
Սալոմե Կինցուրաշվիլի՝ կրեատիվ պրոդյուսեր,
Նարա Կարապետյան՝ ռեժիսոր,
Բագրատ Սարոյան՝ օպերատոր,
Տիգրան Մաիլյան՝ հնչյունային ռեժիսոր,
Առնոլդ Ղազարյան՝ տեխնիկ,
Սմբատ Գալստյան՝ լուսավորման պատասխանատու,
Հայկ Մկրտչյան՝ լուսավորող,
Իշխան Բուդաղյան՝ լուսավորող,
Բորիս Ղազարյան՝ տնօրեն,
Աշոտ Այվազյան՝ գունաշտկող,
Արամ Պալյան՝ ադմինիստրատոր,
Սոս Թանայան՝ վարորդ,
Տատյանա Լավրենտևա՝ լուսանկարիչ,
Լուսինե Երիցյան՝ կոմպոզիտոր,
Լիլիթ Հովհաննիսյան՝ մոնտաժող։

Պրեմիերային ցուցադրությանը, որը տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, ներկա էին ֆիլմի գլխավոր հերոսուհիները, ռեժիսորը և պրոդյուսեր Տաթևիկ Կարապետյանը։ Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ ֆիլմի պատմություններին ու գաղափարներին նվիրված քննարկում։

Ֆիլմը կհեռարձակվի մայիսի 2-ին՝ ժամը 18:20-ին, «Armenia TV» հեռուստաընկերության եթերում։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031