«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն այսօր Գյումրիում հանդիպումը սկսեց՝ գյումրեցիներին գովաբանելով։
«Փոքր ժամանակվանից մեզ սովորեցրել են, որ Հայաստանում կա մի քաղաք, որը շատ պահանջկոտ է, շատ խիստ է, բայց որ մարդուն հարգեց, հարգում է։
Դա ձեր քաղաքի մասին են մեզ ասել ու միշտ զգուշացրել են, ասել են՝ մարդիկ սրտանց ընդունում են, սրտանց վերաբերվում են, բայց շատ ուշադիր պետք է լինես»։
Նարեկ Կարապետյանը հիշեցրեց, որ ութ տարի առաջ Գյումրիից է սկսվել դժգոհությունն առ այն, որ Հայաստանի առաջնորդներից մեկը երրորդ անգամ ընտրվեց։
Կարդացեք նաև
«Հայաստանում Գյումրին միշտ առանձնացրել է իր քաղաքական հայացքներով։ Մարդիկ, այստեղից հասնելով Երևան և փոփոխություն ցույց տալով, մի փոփոխություն բերեցին, բայց այդ փոփոխությունից Գյումրիին բան չհասավ։ Վերջին ութ տարիների ընթացքում Ավետիս Առաքելյանը (ի նկատի ունի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարին) ասել է, որը շատ դիպուկ է և կարևոր, Հայաստանի Հանրապետությունը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ։
Ամեն մեկի ընտանիքի վրա այս իշխանությունը վերցրել է 10 հազար դոլար վարկ։ Եթե դրա 1 տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ, դոմիկում ապրող մարդ Գյումրիում չէր լինի»,-ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա ներկաներին հարցրեց՝ գիտե՞ք Հայաստանի ամենաաղքատ մարզը որն է, որին նստածներն անմիջապես արձագանքեցին՝ Շիրակը։
«Դուք գիտե՞ք, որ Շիրակի մարզում ամեն երրորդ երեխան ապրում է աղքատության մեջ։ Միլիարդավոր դոլարների փող է գալիս բյուջե, վճարում ենք մենք, վճարում եք բոլորդ ու բոլորս, պատերազմ է լինում Ուկրաինայում, Ռուսաստանում, միլիարդավոր դոլարներ է գալիս, 8 միլիարդ դոլար վարկ ենք վերցրել, Շիրակում հեղափոխությունից հետո աղքատությունն աճել է։
Պատկերացրեք Շիրակի սահմանակից վրացական շրջաններում երկու անգամ նվազել է, այստեղ աճել է, սա վերաբերմունք է այն մարդկանց, ով այստեղից է սկսել, գնացել Երևան փոփոխություն բերել, ով հիմա 120 մեքենայով է շրջում, ում տան վրա երկու միլիոն դոլար փող են ծախսում, բայց Շիրակի մարզը և երկրորդ քաղաքը աղքատության մեջ են։
Գիտեք՝ ինչն է այդ ամենի պատճառը, մեծ սրտով, մեծ սիրով մարդկանց դիմավորում ենք, բայց պետք է մի հատ դաս ունենանք, մի հատ քննություն հանձնեն, նոր մարդկանց հնարավորություն տանք։ Այդ քննությունն անցյալի քննություն է, ի՞նչ անցյալ է ունեցել մարդը մինչև իշխանության գալը, մեր այսօրվա Հայաստանի ղեկավարի անցյալը կարող մեզ թույլ տալ մտածել, որ գալով իշխանության՝ նա կենտրոնանալու է միայն մարդկանց մասին վատ բաներ գրելով, քահանաներ ձերբակալելով, իսկ այս մասին չէինք մտածի ճիշտը որ ասեմ, երկիրն ամեն օր մի նոր շոուով առաջ տանելով։
Ամենաաղքատ մարզը ո՞նց է զգում այս ամենի ազդեցություն իր վրա, այն մարզը, որ ժամանակին Հայաստանի ամենահարուստ մարզն էր։ Ինձ փոքր ժամանակ պատմում էին, ասում էին ՝ երկրաշարժի ժամանակ ամենատարօրինակը, որ Գյումրիում մարդկանց տներից կիլոներով ոսկիներ էին հանում, ու Հայաստանում չկար ավելի հարուստ շրջան, քան Լենինականն էր, հիմա դարձել է ամենաաղքատ շրջանը, որովհետև մոտեցում չկա, չկա տնտեսության մասին պլանավորում։
Եթե հիմա իրենց արթնացնես, ասես՝ լավ, երկու տարի հետո Գյումրիում ի՞նչ եք անելու, մարդիկ ինչ հույս ունենան, իրենք չեն ասելու՝ ինչ են անելու, որովհետև չգիտեն, իրենք կարող են գան, մի երկու փողոց ասֆալտ անեն, երկու հատ էլ բարդյուր սարքեն, բայց դա չի ազդելու մարդու ընտանիքը պահելու վրա, աղքատությունից չի հանելու», -ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա ասաց, թե ինչ է առաջարկում իրենց քաղաքական ուժը Գյումրիի համար․ աղքատության հարցն արագ են լուծելու, տնտեսական զարգացում են ապահովելու։
Նա Գյումրիում կրկնեց, որ ստեղծելու են աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում է կատարելու պետությունը, մնացած մասն էլ՝ աշխարհի ուժեղ հայերը։
Նա ասաց, որ վեց ամսվա ընթացքում Հայաստանում ծայրահեղ աղքատ մարդ չպիտի լինի։
Ըստ բանախոսի, այսքան միլիոնատեր ու միլիարդատեր ունեցող ազգի ներկայացուցիչները ո՞նց կարող են հացի խնդիր ունենալ։
Նա խոսեց նաև բնակարանային տնտեսությունների մասին՝ ասելով, որ իրենց տնտեսական ծրագրի մեջ 20 հազար բնակարանների մասին կետ կա, շինարարություն պետք է սկսել, որը 1-2 տարվա ընթացքում կավարտվի։
«Թե չէ, այսքան տարի քաղաքական գործիչները գալիս, ասում, գնում են, հետևանքը մնում է, աղքատությունն էլի մնում է, քաղաքական գործիչների ու տնտեսության մարդկանց տարբերությունը մի բանում է․ քաղաքական գործիչները խոսքի վարպետներ են, տնտեսական գործիչները ինչ ասել են, պետք է անեն, դրա համար պատասխանատու են եղել։
Սամվել Կարապետյանն այն մարդն է, ով Հայաստանի համար ինչ հայտարարել, արել է, պարտավոր չի եղել պաշտոնյաների պես, բայց արել է․ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամենաշատ միջոց փոխանցած հայն է՝ 70 միլիոն դոլար։ Տարիներ էր լինում, որ գումար շատ չէր հավաքում «Համահայկական հիմնադրամը», ինքն ասում էր կրկնապատկեք։
Եվ այդ մարդուն եկեղեցին պաշտպանելուն համար մարդիկ ուզում էին կալանավորեին, տեսնեին՝ ինքն ինչ ձևի տղամարդ է, տեսան՝ ինչ ձևի տղամարդ է», -ասաց Նարեկ Կարապետյանը։
Գյումրին, ըստ բանախոսի, որպես քաղաք՝ պետք է ունենա իր մասնագիտացումը։ Առաջինը, ըստ նրա, պետք է գնահատել այս քաղաքի հրաշալի ճարտարապետությունը, որի հիման վրա պետք է տուրիզմը զարգացնել, երկրորդը՝ պիտի վերականգնել տեքստիլ արդյունաբերությունը․ Հայաստանը 40-50 միլիոն դոլարի տեքստիլ է բերում Թուրքիայից, միայն կոտր, 200 միլիոնի էլ շոր է բերում։ Երրորդ ուղղությունը ռազմական արդյունաբերությունն է․ ըստ Նարեկ Կարապետյանի՝ պետական բյուջեն մեկ ու կես միլիարդ դոլար ծախսում է դրսից զենք բերելու համար, մինչդեռ տեղում, մասնավորապես Գյումրիում է հնարավոր զարգացնել ռազմական արդյունաբերությունը։ Այն պետք է զարգացնել խելացի քաղաքում՝ ձեռներեց մարդկանցով, որը Գյումրին է։ Այս քաղաքը ունի օդանավակայան ու երկաթուղի։
Ըստ նրա, ով որ ոլորտում ուզի՝ կաշխատի՝ զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերության կամ գիտական ոլորտում։
Նարեկ Կարապետյանի փոխանցմամբ՝ աշխարհում ամենամեծ ռազմական ընկերությունների սեփականատերերի ցանկում պարտադիր հայեր կան․ նրանք կամ տնօրեն են, կամ սեփականատեր, եթե նրանք դրսում են գործունեություն ծավալում, ինչու հնարավորություն չտալ հոգան, ներդրում անեն Հայաստանի ներսում։
«Մեր ամբողջ երկիրն արտադրում է «Կալաշնիկովի» պատրոն միայն, այն էլ վատ, մինչդեռ հարևան երկիրը սնարյադներից սկսած՝ կարողանում է արտադրել, այն ադրբեջանցին, որին անուն ենք դրել ու իրականում հեչ համեմատվելու չենք իրար հետ։ Ով որ Ռուսաստանում եղել է, գիտի, որ խելքով, դիրքով մենք տարբերվում ենք Կովկասի բոլոր ազգերից», -ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա ասաց, որ Գյումրին այսքան առավելություն ունի, սակայն աղքատ քաղաք է, իսկ պատճառն այն է, որ այս ամենը անող չկա։ Նա նշեց, որ Սամվել Կարապետյանը այն մարդն է, որ ողջ կյանքում կառուցել է գործարանների, զբոսաշրջային կենտրոններ։
Ներկաների հետ հարցուպատասխանի ընթացքում նա դարձյալ խոսեց աղքատության հաղթահարումից ու ռազմարդյունաբերության զարգացումից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































