«Երբ վերացվում են մշակութային արժեքներ, դա տվյալ երկրի ներքին ինքնիշխանության հարցը չէ: Մշակութային արժեքները պաշտպանված են համամարդկային իրավունքներով ու օրենքներով: Արսեն Թորոսյանը, որը զբաղեցնում է այն պաշտոնը, որ ես նախկինում զբաղեցրել եմ, ինձ ամոթով է թողնում՝ կատարելով նման հայտարարություններ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդ Մանե Թանդիլյանը՝ մեկնաբանելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը՝ Արցախում պատմամշակութային հուշարձանների քանդման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Թորոսյանը անդրադառնալով Ստեփանակերտում հայկական պատմամշակութային հուշարձանի քանդմանը, հայտարարել էր, որ Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում:
Թանդիլյանի խոսքով, ամոթ է, որ Հայաստանն ունի այդպիսի կառավարիչներ, որոնք իրենց հայտարարությամբ խայտառակ են անում հայ ժողովրդին աշխարհով մեկ. «Փաստ է մեկ բան՝ այդ բոլոր հայտարարություններն արվում են հաճոյանալու համար Ադրբեջանի եւ Ալիեւի ռեժիմին: Որ պահպանվի այստեղ այս իրավիճակը, որը նրանք կարողանում են վաճառել հայ ժողովրդի վրա որպես խաղաղություն: Որովհետեւ լռությունը եւ անհամբեր սպասելը, որ Նիկոլի իշխանությունը վերարտադրվի, ապա հետո ստանան իրենց ստանալիքները, չի կարող որեւէ ձեւով ձեւակերպվել որպես խաղաղություն»:
Կարդացեք նաև
Թանդիլյանը նաեւ նկատեց, որ Երեւանում անցկացվող այս ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում եկած առաջնորդների ներկայությունը ոչ այլ ինչ է, քան միջամտել հայ ժողովրդի ընտրության իրավունքի վրա եւ ազդեցություն ունենալ դրա վրա. «Բայց եթե կլուծվեն ՀՀ առաջադրած խնդիրները, կվերադառնան Բաքվում պահվող հայ գերիները, հայ եկեղեցու դեմ պայքարը, որ մղում է այս իշխանությունը, եթե դրանք կդառնան քննարկման առարկա, խնդրեմ, բայց եթե եկել են, որ ցույց տան, որ կան ու եվրոպական համամարդկային արժեքների պաշտպան չեն հանդիսանալու Հայաստանում, ուրեմն նրանց այցը կարելի է միայն տուրիստական այց համարել ու աջակցություն այս իշխանություններին»:
Հիշեցնենք, որ քաղաքացիներն այսօր ողջ օրվա գրաֆիկով բողոքի ցույցեր են անցկացնելու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում, որտեղ անցկացվում է ԵՄ գագաթնաժողովը, որին մասնակցում են ՀՀ եկած եվրոպական գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվիրակություններ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































