«Ճշմարիտ է, սիրելի Նիկոլ, Հայաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվել, բայց դուք արմատապես փոխել եք ձեր երկրում տիրող պայմանները։ Եվ ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել դիմակայուն, ժողովրդավարական եւ բարեկեցիկ Հայաստանի տեսլականի կապակցությամբ»,- Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ամփոփման համատեղ հայտարարության ժամանակ ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։
Նա նշեց, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին՝ ներառյալ տեխնիկական եւ ֆինանսական օժանդակության միջոցով։ «Երեկ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ալիեւի մասնակցությունը ձեր երկու երկրների միջեւ նոր մթնոլորտի վկայությունն է։ Կայուն եւ բարեկեցիկ Հարավային Կովկասը Հայաստանի ապագայի գրավականն է։ Եվ Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել տարածաշրջանային խաղաղության եւ նորմալացման գործընթացին՝ ձեզ հետ զուգընթաց աշխատելով՝ հանուն այդ ապագան միասին կերտելու։ Հայաստանը դարձել է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ փոխկապակցվածության հանգույց։ ԵՄ-ն Հայաստանի եւ տարածաշրջանի համար երկարաժամկետ գործընկեր է հանդիսանում»,- ասաց Անտոնիո Կոշտան։
Նա նաեւ հավելեց, որ Հայաստանը կարող է ապավինել Եվրոպական միությանը՝ այս փոխակերպվող ուղին միասին անցնելու համար․ «Մենք հավասարապես հանձնառու ենք աջակցել Հայաստանի դիմակայունությանը եւ ազգային անվտանգությանը։ Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելությունը կօգնի ամրացնել ճգնաժամերին արձագանքելու կարողությունը եւ կնպաստի ձեր երկրի երկարաժամկետ կայունությունը»։
Կարդացեք նաև
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ ասաց․ «Հայաստանը վաղուց ընդլայնված եվրոպական ընտանիքի արժեքավոր անդամ է։ Այսօր ես ուզում եմ մեր կուռ գործընկերությունը եւ օժանդակությունը վերահաստատել Հայաստանին։ Այս մարտահրավերներով լի միջավայրում Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը չէր կարող ավելի ժամանակին լինել։ Սա հնարավորություն է ընձեռում խորացնել մեր կապերը եւ մեր եզակի գործընկերությունը բարձրացնել նոր մակարդակի։ Եվ մենք դա այդպես էլ կանենք 4 հիմնական ուղղություններով։ Մենք հենց նոր ստորագրեցինք փոխկապակցվածության գործընկերության փաստաթուղթը, որը մեզ նոր մակարդակի է բերում համագործակցության մեջ»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ձեր խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը ներուժ ունի կապել Եվրոպան Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հետ՝ ինչպես դուք նկարագրեցիք, վերածելով Հայաստանը անկյունաքարային տրանսպորտային հանգույցի։ Մենք արդեն պատրաստ ենք աշխատել սահմանակերտը վերակառուցելու ուղղությամբ, որպեսզի հարեւան երկրների հետ սահմանահատումները բացվեն»,- նշեց Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































