ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում մայիսի 5-ին ստորագրվել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված կարևոր փաստաթղթեր։
Մասնավորապես, ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Կարդացեք նաև
Փաստաթուղթը ստորագրել եմ Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ միասին։
Հուշագրի նպատակն է խթանել երկու երկրների միջև համագործակցությունը նշված ռազմավարական ոլորտներում՝ զարգացնելով գիտահետազոտական և նորարարական կարողությունները, ինչպես նաև նպաստելով համատեղ ծրագրերի իրականացմանը։ Այն ընդգրկում է համագործակցության լայն շրջանակ՝ ներառյալ բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը, տվյալագիտությունը և մեքենայական ուսուցումը, պետական ծառայությունների թվայնացումը, ինչպես նաև արհեստական բանականության կիրառումը տնտեսության տարբեր ճյուղերում։
Ստորագրվել է մեկ այլ կարևոր փաստաթուղթ ևս. Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև՝ համագործակցության վերաբերյալ։
Հուշագիրը ստորագրել եմ Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ միասին։
Փաստաթուղթը միտված է խորացնելու երկու երկրների միջև համագործակցությունը ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման և նորարարության ոլորտներում: Այն սահմանում է համատեղ գործունեության շրջանակ՝ ուղղված փորձի փոխանակմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը, պաշտպանական արդյունաբերության զարգացմանը:
Ստորագրված փաստաթղթերը նոր հնարավորություններ են ստեղծում բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման համար՝ նպաստելով տեխնոլոգիական առաջընթացին, նորարարական էկոհամակարգերի զարգացմանը և երկկողմ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը։



















































