Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանը՝ նեղսրտելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի ելույթից, ավագանու նիստի ժամանակ ասաց, որ նա թիրախավորում է կանանց, ապա պատմեց, թե ինչպես է իրեն դատի տվել, սակայն նրա հայցը չի բավարարվել, և Մանուկյանը դիմել է Վերաքննիչ ատյան։
«Պարոն Մանուկյան ջան, դուք եկել՝ պարոն Ավինյանին ասում եք՝ պահանջում եմ՝ տեսեք մանկապարտեզն ինչ եղավ, հաթաթա եք տալիս: Վաղվանից քարոզարշավը սկսվում է, վերցնում եք Ռոբերտ Քոչարյանի թաթիկը, գնում եք Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին բացատրում եք, թե ինչպես 1998-ին Ղարաբաղը դուրս մնաց բանակցությունների դաշտից: Բացատրում եք, թե ինչպես եղավ, որ Մեղրիում երկաթգծերն ամբողջությամբ վաճառվեցին, ինչի պատճառով միլիոնավոր դոլարներ ենք ծախսում, որպեսզի TRIPP նախագիծն իրագործենք, բացատրում եք քաղաքացիներին, թե ինչպես եղավ, որ Հյուսիսային պողոտայում շատ մարդիկ ունեզրկվեցին…»,- սկսեց թվարկել ՔՊ-ական պատգամավորը։ «Այս ուժը, տեսնելով ՀՀ քարտեզը, իրեն պատերով է տալիս այս դահլիճում և այս դահլիճից դուրս»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը նախ քննարկվող նախագծին անդրադարձավ: Նա նշեց, որ թեև Երևանի բյուջեի մուտքերն ավելանում են, բայց ստացվում է, որ դարձյալ կառավարությունը պետք է միջոցներ հատկացնի, որպեսզի կիսատ մնացած խնդիրները կարգավորվեն. «Նախագծով նախատեսվող գումարները շատ հանգիստ կարելի էր նախատեսել նաև քաղաքի բյուջեով: Քաղաքի բյուջեն նույն քաղաքացու գրպանը մտնելու և թանկացնելու արդյունքում այնքան շեշտակի է ավելանում, որ գոնե պետք է քաղաքային իշխանությունները փողի պակասից չգանգատվեին, Վահագն Խաչատուրյանն էլ է հայտարարել, որ փողի խնդիր չկա»։
Անդրադառնալով դահլիճում ՔՊ-ականների հնչեցրած տարբեր մեղադրանքներին՝ Մանուկ Սուքիասյանը, ի թիվս այլնի, հետևյալը նշեց. «Եթե հպարտանում եք նրանով, որ ձեր ներկայացուցիչը գնում և Ստամբուլում հայտարարում է՝ մեր և ձեր ճակատագրերը փոխկապակցված են, ձերը և թուրքինը կարող են փոխկապակցված լինել, գոնե ճակատագրերի մասով ես փոխկապակցվածություն չեմ տեսնում: Հետո ձեր մյուս ներկայացուցիչն էլ գնում Թուրքիայում Ալիևից է բողոքում…այդ աստիճանի եք հասցրել ամեն ինչ: Ձեր ասած միջոցառման (Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի) շնորհիվ էլ Հայաստանը դարձրիք աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ»։
«Հանրապետություն» խմբակցության Անի Խաչատրյանն էլ ամբիոնն օգտագործեց՝ կոչ անելով ձայնը տալ իրենց, որովհետև, նրա ձևակերպմամբ, Հայաստանը Կրեմլի նախագիծը չէ։
Մանրամասն՝ տեսանյութում
Ավագանու նիստն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































