Այս օրերին Երեւանում է ռուսաստանցի երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, նկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Ստաս Նամինը (Անաստաս Միկոյանի թոռը): Մայիսի 4-11-ը ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ նրա մասնակցությամբ մի շարք միջոցառումներ են նախատեսված՝ «Ստաս Նամինի ստեղծագործական օրերը Երևանում» խորագրով: Դրանցից մեկը երեկ կայացած «Ծաղիկներ» համերգ-ներկայացումն էր: Ավելի վաղ հանդիսատեսը վայելել է «Բիթլոմանիա» եւ «Մազեր» մյուզիքլները, ինչպես նաև Վիլյամ Սարոյանի գործերի հիման վրա բեմադրված Նամինի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը։
Ստաս Նամինը համերգից առաջ ասաց, որ իր համար կարեւոր նշանակություն ունի Հայաստան գալը, ինչի համար շնորհակալ է ԿԳՄՍ նախարարությանը: «Մեր թատրոնը Հայաստանում եղել է 10 տարի առաջ: 10 տարի է՝ սիրահարված է Հայաստանին, եւ տառապում էր, թե երբ է կրկին լինելու, իսկ «Ծաղիկներ» խումբը 40 տարի առաջ է համերգ ունեցել Հայաստանում: Դրա համար հաճույքով ձեզ համար կկատարենք նաեւ մեր հին երգերից, որոնք հնչել են 1970-ականների սկզբներին: Կարծում եմ՝ դահլիճում նստածների ուղիղ կեսը հաստատ այդ թվականներին դեռ ծնված չի եղել»,- ասաց Նամինը:
Կարդացեք նաև
«Պատկերացնում եք, մենք Խորհրդային Միության ամենահին ռոք-խումբն ենք: Մեր խումբն ավելի քան 55 տարեկան է: Վերջերս մեր խմբի անունը հայտնվել է Լիվերպուլի ակումբներից մեկի պատվո պատին, այն ակումբի, որտեղ երգել է Beatles-ը: Դրանից հետո մեզ հրավիրեցին այնտեղ ելույթ ունենալու: Դա մեզ համար մեծ պատիվ էր, որովհետեւ Beatles-ն այնտեղ է հանդես եկել: Տառացիորեն մեկ ամիս առաջ ենք վերադարձել: Ստացվում է, որ 1979-ին սկսել ենք մոսկովյան նկուղներից մեկում եւ 55-ամյակն էլ ամփոփեցինք շենքի նկուղում, ուղղակի այնպիսի նկուղում, որտեղ հանրահայտ Beatles-ն է սկսել: Մենք նույն ոճով ենք երգում, մոդայիկ չենք, հիմա ռեփ են կարդում, ռաբիս երգում, մենք նման բաներ չենք կարողանում կատարել»,- ժպիտով նշեց արվեստագետը։
Երեւանը շատ ջերմ ընդունեց համերգին հնչած ինչպես ռոք, այնպես էլ նուրբ մեղեդային ստեղծագործությունները: Դահլիճը երգում էր ստեղծագործություններից շատերը երգիչների հետ:
Համերգի մի պահի Նամինը հարցրեց՝ հիմա ի՞նչ, խուլիգանություն չանե՞նք: Դահլիճի դրական արձագանքից հետո ռոքնռոլի հնչյունները մի այլ կարգի աշխուժություն առաջացրին:
Համերգին «Բիթլոմանիա» մյուզիքլից եւս կտորներ հնչեցին: Ունկնդիրը ոգեւորված էր, ամեն կատարմանը հաջորդում էին հիացական բացականչություններն ու բրավոները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
























































