«Ուղիղ 8 տարի առաջ այս օրը մեզ խոստացվեց երկրային դրախտ, բայց բացվեցին դժոխքի դարպասները»,- այսօր Էջմիածնում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Հետո նա քաղաքացիներին հարցեր ուղղեց. «Դուք համաձա՞յն եք, որ Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը, դուք համաձա՞յն եք, որ ծպտուն չպետք է հանենք, երբ մեր եկեղեցիները քանդվում են: Համաձա՞յն եք՝ մանկապիղծներն ու սրբապիղծները Հայաստանում չպետք է կալանավորվեն, բայց սրբազանները պետք է կալանավորվեն: Այս իշխանությունները ձեզ ասելու բան էլ չունեն, դրա համար էլ խոսում են վախերի լեզվով: Ասում են՝ եթե մենք գանք, վերադառնալու է անցյալը: Մենք այստեղ չենք եկել անցյալը վերադարձնելու, մենք ձեզնից քվե չենք խնդրում, որ հետ գնանք: Այստեղ ապագան կառուցողներն են, այստեղ մարդիկ են, որոնք եկել են ձեզ վերադարձնելու ձեզնից գողացվածը, ձեր արժանապատվությունը, ձեր հպարտությունը, ձեր թասիբը, ձեր հայրենիքը: Մեզ մեղադրում են՝ եթե գանք, պատերազմ ենք բերելու, բայց մոռանում են, որ մենք խաղաղություն բերողներն ենք, ինքնիշխանության պաշտպաններն ենք, որովհետև մենք ամենալավը գիտենք դրա գինը»։
Վարդանյանը նկատեց, որ խաղաղություն, այո՛, մեզ պետք է, բայց խաղաղություն կարող է լինել նաև գերեզմանում. «Մեզ գերեզմանային խաղաղություն պետք չէ: Մեզ պետք է անվտանգություն: Մենք առաջարկում ենք լուծում, լուծումը՝ կամակատարի փոխարեն բանակցող ունենալն է, լուծումը Մայր Աթոռի վրա հարձակվելու փոխարեն այն պաշտպանելն է: Հիմա փորձարկումների ժամանակը չէ, մի անգամ փորձարկումը փորձանք դարձավ մեր գլխին, հիմա փորձառության ժամանակն է, որը մեր երկրին բերի կայունություն ու անվտանգություն»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































