Լրահոս
Օրվա լրահոսը

ZEYRO-ն պաշտոնապես ներկայացվեց. Զեբրիկը կպատասխանի հարցերի, ձեր փոխարեն մեքենա կպատվիրի

Մայիս 09,2026 16:35 Share

Մայիսի 8-ին կայացավ  ZEYRO-ի պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվեց հայ ծրագրավորողների ստեղծած առաջին հայկական արհեստական բանականությունը։  Միջոցառումը մեկնարկեց հյուրերի ընդունելությամբ, որից հետո երեկոյի վարող, ինչպես նաև «Զեյրօ»-ի ամբասադոր Եգոր Գլումովը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ազդարարելով տեխնոլոգիական կարևոր իրադարձության սկիզբը։

«Միշտ երազել եմ այնպիսի թույն միջոցառում վարեմ, որ թոռներիս պատմելու բան ունենամ, ասենք հայկական առաջին ինքնաթիռը, հայկական առաջին հրթիռը դեպի Մարս, հայկական էլեկտրոմոբիլը… Այսօր իմ երազանքներից մեկը կատարվում է, այսօր շատ լուրջ եւ կարեւոր քայլ ենք անում դեպի ապագա ոչ միայն որպես հայ, այլեւ որպես մարդ, որ ունի բանականություն եւ ասում է՝ թող գա արհեստական բանականությունը»,-ասաց Եգոր Գլումովը:

«Զեյրօ»-ի հիմնադիր Սամվել Թադևոսյանը ներկայացրեց նախագծի գաղափարախոսությունը, տեսլականը և այն ճանապարհը, որով հայկական AI տեխնոլոգիան պատրաստվում է նոր փուլ մտնել։ «Զեյրօն» ամբողջությամբ հայկական արհեստական բանականություն է, հավելվածը կարելի է ներբեռնել, սա թոփ տարբերակ է, շուկայում եղածներից մեկ մակարդակ ավելի բարձր  է, կարող եք ներբեռնել, ինքներդ փորձել: Պատենտավորված է  միջազգային եւ հայկական գործակալություններում, ունի մի յուրահատկություն, որ կարողանում է  հենց չաթի միջոցով հրահանգներ կատարել: Այս պահին մենք բացի արհեստական բանականությունը՝ ներկայանում ենք  նաեւ ուղեւորափոխադրումներով: «Զեյրօ»-ն կարողանում է հրահանգավորել, ասենք, օրինակ, մեքենա կանչել ձեզ համար: Դուք կարող եք ասել, ժամը 8-ին արի իմ հետեւից, գնում ենք աշխատանքի, ժամը 10-ին մեքենա ուղարկիր, թող երեխաներին տանի մանկապարտեզ, երեկոյան էլ ուղարկի, թող տուն բերի:  Ինքն ամեն ինչ հիշում է: Բացի դրանից, «Զեյրօ»-ն նոր՝ բիզնես միջավայր է ստեղծում ուղեւորափոխադրումների մասով: Մեր պարագայում 17,6% է լինելու միջնորդավճարը մեր գործընկերների համար, որոնք կդառնան «Զեյրօ» ֆրանչայզիներ, այլոց առաջարկած 22-26%-ի փոխարեն»: Սամվել Թադեւոսյանը նշեց նաեւ, որ «Զեյրօ»-ից օգտվելն  անվճար է:

 

Ինչ վերաբերվում է սիմվոլի՝ Զեբրիկի  եւ անվան ընտրությանը, այս մասին էլ Սամվել Թադեւոսյանը նշեց. «Եթե ուզում եք մեքենա կամ ուտելիք պատվիրել, ձեր համար դա մի 10-12 «քլիք»  է,  իսկ մեր պարագայում՝  զրո «քլիք»:  «Զեյրօ» բառն այդտեղից է ծագել, որ ժամանակ մի ծախսիր, մենք քո փոխարեն կանենք ամեն բան, դու էլ քո ժամանակը ավելի լավ բաների վրա ծախսիր: Ինչ մնում է Զեբրիկին, նախ այս ծրագիրը միայն հայերի համար չի ստեղված, այլ ամբողջ աշխարհի, դրա համար հայկական ունիկալ ինչ-որ բան չվերցրինք, իսկ ինչու Զեբրիկ, որովհետեւ զեբրը հոգատար, օգնության հասնող կենդանի է ընկալվում: Մեր պրոդուկտն էլ այն մասին է, որ մենք ձեր կողքին ենք,  24/7 ռեժիմով հասանելի ենք լինելու, ինչպես զեբրը իր ընկերների համար»:

«Զեյրօ»-ի հիմնադիրն ընդգծեց, որ ծրագիրն անվտանգ է երեխաների համար, Զեբրիկը չի խոսում պոռնոգրաֆիական նյութերից, սեռական խնդիրներից, հավատից, զգայուն թեմաներից, որոնք  մասնագետների տիրույթում են, իսկ «Զեյրօ»-ից օգտվողների անձնական տվյալներն էլ պաշտպանված են:Նա նշեց, որ արդեն մի շարք երկրներ ձեռք են բերել պրոդուկտը՝ Վրաստանը, ինչպես նաեւ գրեթե ողջ Միջին Ասիան:

Ծրագրի հեղինակ  Արման Ասատրյանը ներկայացրեց «Զեյրօ»-ի տեխնիկական հնարավորություններն ու համակարգի աշխատանքի սկզբունքները։  «Հավատում էի, որ ծրագիրը մեծ հաջողություն կունենա, միշտ ձգտել եմ դրան, որ «Զեյրօ»-ն լուրջ պրոդուկտ դառնա ու բոլորն օգտվեն դրանից, ու օգտակար լինի բոլորին: «Զեյրօ»-ի առաջին լեզուն, որով սովորել է, նախ հայերենն է ապա աշխարհի մյուս լեզուները, դրա համար էլ ամբողջությամբ տիրապետում է հայերենին, ի տարբերություն այլ AI-ների, որոնք հաճախ աղավաղում են հայերենը»,-ասաց Արմանը:

Հարցին՝ իր տարեկիցներն ինչպես վերաբերվեցին իր հաջողություններին, 17-ամյա Արման Ասատրյանն այսպես արձագանքեց. «Շատ ուրախացան, բոլորն էլ գիտեին, որ ես երկար ժամանակ  զբաղվում եմ այս պրոյեկտով, եւ նման արդյունք ունենք: Պլաններումս կա «Զեյրօ»-ն զարգացնել, դարձնել համաշխարհային պրոյեկտ: Երբ Սամվել Թադեւոսյանի հետ համագործակցությունը ստացվեց, մտածեցի, որ «Զեյրօ»-ն կարող ենք զարգացնել ու դարձնել իսկապես համաշխարհային լուրջ պրոյեկտ»:

Հարցին՝ ինչու հենց Սամվել Թադեւոսյանին դիմեց, Արմանը պատասխանեց, որ շատերին է դիմել,բայց միայն նա է արձագանքել իր նամակին:

Միջոցառման ընթացքում հատուկ անդրադարձ կատարվեց վերջին օրերին համացանցում լայն քննարկումների առիթ դարձած «զեբրիկին», որը պաշտոնապես ներկայացվեց որպես «Զեյրօ»-ի սիմվոլ։ Սոցցանցերում և մամուլում մեծ արձագանք ստացած կերպարը դարձել է նախագծի առանձնահատուկ խորհրդանիշը՝ մարմնավորելով ազատությունը, շարժը և նորարարությունը։

Դառնալով շնորհանդեսի առիթով կազմակերպված գեղեցիկ համերգին, նշենք, որ հյուրերի համար ելույթ ունեցավ Մալխաս ջազ բենդը: Պաշտոնական մասից հետո հյուրերը հնարավորություն ունեցան շփվելու նախագծի թիմի, ծրագրավորողների և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցել հարց ու պատասխանի,  քննարկումների։ Ներկա էին տեխնոլոգիական ոլորտի մարդիկ, գործընկերներ, մեդիա դաշտի ներկայացուցիչներ, որոնք առաջիններից էին, որ ծանոթացան հայկական նորարարական AI համակարգին։

«Զեյրօ»-ի շնորհանդեսը դարձավ կարևոր իրադարձություն հայկական տեխնոլոգիական ոլորտի համար՝ ընդգծելով, որ Հայաստանում արդեն ձևավորվում են արհեստական բանականության սեփական լուծումներ և նորարարական տեխնոլոգիական պրոդուկտներ։

 

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031