«Երեւի սա այն տարածքն է, որ պատերազմում պարտվելուց հետո ամենից մեծ պրոբլեմներն ունեցավ, եւ այդ խնդիրները շարունակվում են մինչ այսօր։ Ձեր խնդիրները ե՛ւ անվտանգային են, ե՛ւ տնտեսական։ Ամենից վտանգավորն այն է, որ այս տարածքի, այս հողի վրա հարեւանը աչք ունի։ Երբ ասում է արեւմտյան Ադրբեջան, նաեւ այս տարածքները նկատի ունի, երբ ասում է՝ Սեւանը Գյոյչա է, իրենց լիճն է, այս տարածքները իր մտքում են։ Ուրեմն այս առումով մենք պետք է հասկանանք, որ եթե սխալ կողմնորոշվենք, չհասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում, եթե չհասկանանք աշխարհում այս կատարվածի մեջ մենք մեր տեղը ինչպես պետք է գտնենք, իսկապես եւս մեկ փորձանք կարող ենք ունենալ։
Երեկ Հայաստանի վարչապետը ասաց, որ Արցախյան շարժումը ճակատագրական սխալ էր եւ հողերը, Արցախը Հայաստանի հետ ընդհանրապես կապ չեն ունեցել։ Ավելի մեծ հիմարություն դժվար է հորինել։ Բայց մենք հասել ենք այն հանգրվանին, որ այդպիսի արտահայտություններ հանգիստ անում են եւ հետո եւս հնարավորություն ունեն շփվել ժողովրդի հետ։ Իմ ուղեղում սա չի տեղավորվում։ Զարմանալին այն է, որ այս վիճակը մենք հանդուրժում ենք։
Դուք հնարավորություն ունեք դա փոխելու։ Այդ հնարավորությունը հունիսի 7-ն է։ Եվ հունիսի 7-ին վճռական լինելով, ճիշտ որոշում կայացնելով, ճիշտ գնահատելով՝ ով ինչ է արել, թացը չորից բաժանելով՝ մենք ի վիճակի ենք լինելու իսկապես բոլոր այս սպառնալիքները, որոնք կանգնած են երկրի առջեւ, հաղթահարել։ Միասին կարող ենք։
Տեղական հարցերի մասին։ Խնդիր կա։ Ովքեր զբաղվում էին անասնապահությամբ, արոտավայրերի հետ կապված ակնհայտ խնդիրներ ունեն։ Եվ այստեղ ուղղակի պետք է ստեղծել աշխատատեղեր։ Կարող է դա լինել ինտենսիվ հողագործություն։ Ենթադրում եմ, որ հնարավոր է լինելու արտոնություններ տալ փոքր եւ միջին արդյունաբերական օբյեկտներ կառուցելուն։ Բայց կարեւորագույն հարցը աշխատատեղերն են։
Կարդացեք նաև
Ինձ զեկուցել են, որ նաեւ արտագաղթ է սկսվել այս տարածքներից։ Եվ եթե իշխանությունը ոչինչ չի անում, ուրեմն իսկապես մտածում է, որ սա կարող է արեւմտյան Ադրբեջանի մաս դառնալ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը գեղարքունիքցիների առջեւ ելույթ ունենալով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































