Shamshyan.com-ը հայտնել էր, որ մայիսի 11-ին ժամը 23:00-ի սահմաններում Դաշտավան գյուղից դեպի Մասիս-Էջմիածին խճուղու մոտ՝ ավտոլվացման կետի հարևանությամբ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիճաբանությանը մասնակցել են Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Վահագն Հ.-ն, Երևանի բնակիչ 31-ամյա Ռոբերտ Ա.-ն, Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Մ.-ն, 31-ամյա Մանուկ Մ.-ն, 36-ամյա Գուրգեն Կ.-ն, 48-ամյա Վահագն Հ.-ն և ևս մոտ 10-ից ավելի անձինք։
ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. կրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձի:
«Որոշ լրատվական կայքեր մայիսի 11-ին Մասիս-Էջմիածին խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքին անդրադառնալիս խեղաթյուրել են իրականությունը՝ նշելով, իբր հնչել են կրակոցներ։
Կարդացեք նաև
ՆԳՆ ոստիկանությունը առաջնորդվում է բացառապես օրենքից բխող լիազորությունների շրջանակում՝ պատշաճ կատարելով գործառութային պարտականություններն ու հանձնարարականները։ Ոստիկանության ծառայողներին հանիրավի թիրախավորելն ու մանիպուլյատիվ այլ հնարքներն առնվազն հանրությանը մոլորեցնելու միտում ունեն։
Մայիսի 11-ի գիշերը, ժամը 1։30-ին, 112 օպերատիվ կենտրոնից Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ Մասիս-Էջմիածին խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է։ Ահազանգով նշված վայր օպերատիվ խմբեր են մեկնել։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 23։20-ի սահմաններում մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել, հայհոյել և հարվածներ են հասցրել միմյանց, ինչից հետո դեպքի վայրում թողնելով իրենց մեքենաները՝ դիմել են փախուստի։
Հետագա միջոցառումների արդյունքում վիճաբանության երեք մասնակից հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։
Քրեական ոստիկանության Արարատի մարզի և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը և դեպքի որոշ հանգամանքներ։ Հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին են ներկայացվել վիճաբանության ևս վեց մասնակից։
Ձերբակալված անձինք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։
Կոչ ենք անում ԶԼՄ գործընկերներին հրապարակել միայն ճշգրտված տեղեկատվություն և չխեղաթյուրել իրական պատկերը։ Ցանկացած տեղեկատվության վերաբերյալ պարզաբանումների կամ մեկնաբանությունների համար, պահպանելով գործընկերային հարաբերությունները, կարող եք դիմել ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն», – նշված է ոստիկանության հաղորդագրությունում:


















































