Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցման պահին արդեն իսկ անցել են վաղեմության ժամկետներ. ՀԿԴ-ն Էնրիկո Ապրիամովի եւ մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը լրացուցիչ ծանոթանալու անհրաժեշտություն տեսավ

Մայիս 13,2026 17:58 Share

Հակակոռուպցիոն քրեական դատարանում Լեւոն Պետրոսյանի նախագահությամբ Էնրիկո Ապրիամովի, Մուրադ Իսախանյանի, Սեդրակ Սեդրակյանի, Վարդան Ավետիսյանի, Արսեն Պապյանի եւ Արա Նազարյանի գործով դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդեց քրեական հետապնդումը դադարեցնել, ընդ որում, ռեաբիլիտացնող հիմքով։

«Պաշտպանության կողմի բարձրացրած խնդիրը հետեւյալն է։ Սույն վարույթը հարուցման պահից արդեն իսկ չէր կարող հարուցվել, որովհետեւ չի կարող քրեական վարույթ նախաձեռնվել, քրեական հետապնդում հարուցվել եւ արդեն հարուցված քրեական հետապնդումը ենթակա է վերացման, եթե հարուցման պահին արդեն իսկ անցել են վաղեմության ժամկետները։ Այսինքն, այստեղ պաշտպանության կողմի խնդիրը այն է, որ քրեական հետապնդում հարուցումը անգամ չպետք է տեղի ունենար, որովհետեւ ըստ վարույթի նյութերի, երբ որ քրեական վարույթ է նախաձեռնվել եւ եղել է զեկուցագիր, նախաձեռնման պահին վաղեմության ժամկետներն արդեն իսկ լրացած են եղել»,- հայտարարեց պաշտպանական կողմի ներկայացուցիչներից մեկը։

Դատարանը, լսելով պաշպանական եւ մեղադրող կողմերի դիրքորոշումը, նշեց, որ դատավարական որոշակի փաստաթղթեր պետք է ընթերցի, ընկալի, ինչի համար որոշակի ժամանակ է պահանջվում, հետեւաբար, տվյալ պահին միջնորդության հանգուցալուծումը չի տեսնում, ուստի դատական նիստը հետաձգեց։ Հաջորդ նիստի օրվա եւ ժամի մասին կողմերին տեղյակ կպահվի աշխատանքային կարգով։

Հիշեցնենք, ըստ՝ մեղադրական եզրակացության, մեղադրյալները զբաղեցնելով բարձրաստիճան պաշտոններ, պաշտպանության նախարարի 2008 թվականի մայիսի 07-ի թիվ 526 հրամանի համաձայն ի պաշտոնե հանդիսանալով ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամ’ խախտելով նույն նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 07-ին ընդունված թիվ 384-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգի պահանջները, օժանդակել են նույն ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Մուշեղի Օհանյանի կողմից պաշտոնեական լիազորությունների անցմանը, որն էական վնաս են պատճառել մի շարք անձանց իրավունքներին և օրինական շահերին:

Որպես մեղադրյալ ներգրավված անձինք են

Էնրիկո Ալեքսանդրի Ապրիամով՝ զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը,

Մուրադ Ռոմանի Իսախանյան՝ զբաղեցրել է ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետի պաշտոնը,

Սեդրակ Գերասիմի Սեդրակյան՝ զբաղեցրել է ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի պաշտոնը,

Վարդան Մարտունի Ավետիսյանի՝ զբաղեցրել է ՀՀ ՊՆ ԱՀՏԱ վարչության պետի պաշտոնը,

Արսեն Վալերիի Պապյան՝ զբաղեցրել է ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության բնակարանային բաժնի պետի պաշտոնը,

Արա Սուրենի Նազարյան՝ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը,

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031