Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա իրականության մեջ կիբեռավտանգության մեխանիզմներ չունենալը, մեղմ ասած, արժեզրկում է նախ և առաջ հենց բիզնեսը և այն դարձնում խոցելի ու վտանգավոր. Մհեր Գրիգորյան

Մայիս 14,2026 14:08 Share

Կառավարությունը կապահովի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների բնականոն ընթացքը. հատկացվել է 186 մլն դրամ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ հիմնավորման՝ ՏԿԵ նախարարությունը հանձնարարել է ՀՀ մարզպետների աշխատակազմերին կազմակերպել դեպի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների կառուցման (վերանորոգման, հիմնանորոգման) նախագծանախահաշվային փաստաթղթերի/շինարարության ձեռքբերման գործընթաց, համաձայն որի՝  Արագածոտնի, Արմավիրի, Լոռու,  Սյունիքի,  Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերում կնքվել են պայմանագրեր հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որոշմամբ նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման/միջին նորոգման համար ՀՀ կառավարության ներքո հաստատված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 186 մլն դրամի և դրանք ուղղել  այդ ծառայությունների ձեռքբերմանը: Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 10.3 կմ է, որից 8.97 կմ նախագիծ և 1.33 կմ հիմնանորոգում:

Փոխնախարարը ներկայացրել է կլաստերային դպրոցներ տանող այդ ճանապարհները. Արագածոտն մարզ՝ Նոր-Ամանոսի բնակավայրի կրթահամալիր,  Նոր Եդեսիայի բնակավայրի Ն. Շնորհալու անվ. միջնակարգ դպրոց, Սասունիկ բնակավայրի միջնակարգ դպրոց      , Լուսակն բնակավայրի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզ՝ Ջրառատ բնակավայրի  Թ. Խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոց, Լոռու մարզ՝ Վանաձոր բնակավայրի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց, Վանաձորի 19 հիմնական դպրոց, Մեդովկայի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզ՝ Սյունիք բնակավայրի  կրթահամալիր, Իշխանասարի միջնակարգ դպրոց, Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց, Վայոց ձորի մարզ՝ Չիվայի միջնակարգ դպրոց, Տավուշ մարզի՝ Գանձաքարի միջնակարգ դպրոց, Դովեղի միջնակարգ դպրոց։

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթը Հայաստանում՝ հունիսի 6-ին. գործադիրն ընդունել է համապատասխան որոշում

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթը կանցկացվի Հայաստանում՝ հունիսի 6-ին: Այս մասին Կառավարության նիստում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով դրա վերաբերյալ Կառավարության  որոշումը։ Նախարարը  տեղեկացրել է, որ այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 665 մլն դրամ։ «Սա շատ հետաքրքիր մի ձևաչափ է, որը Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով է իրականացվում և հնարավորություն է տալու մեր երկիրը հերթական անգամ դիրքավորել միջազգային հարթակում հատկապես դասական արվեստի ուղղությամբ, ինչը, կարծում ենք, առանձնահատուկ կարևորություն ունի»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով հունիսի 6-ը խորհրդանշական օր է. «Մենք խոսում ենք աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա մասին: Այդ օրը դասական արվեստի միջոցով ևս մեկ անգամ կընդգծվի մեծանուն կոմպոզիտորի անվան և ստեղծագործական հարուստ ժառանգության արժեքն ու նշանակությունը: Պատահական չէ նաև, որ մրցույթն անցկացվելու է Օպերային թատրոնում, որի հիմնադրման 100-ամյակը լրանում է այս տարի, և այդ իմաստով այս միջոցառումը կդառնա Օպերային թատրոնի շենքի հիմնադրման 100-ամյակը նշանավորելու շատ կարևոր միջոցառում՝ հատկապես հաշվի առնելով միջոցառման բովանդակությունը, որը հնարավորություն է տալու ընդգծել նաև շենքի ճարտարապետական նշանակությունն ու գեղեցկությունը, քանի որ միջոցառումն անցկացվելու է ոչ միայն շենքի ներսում, այլև շենքի դրսում, հատկապես տանիքային հատվածներում, որտեղ բեմադրվում են բալետային և այլ ներկայացումներ»։

Ըստ նախարարի՝ ապահովվելու է ուղիղ հեռարձակում 11 երկրներում, որոնք ևս մասնակցելու են մրցույթին: «Կազմակերպվելու են նաև մի շարք միջոցառումներ հյուրերի համար՝ այցելություններ թանգարաններ, արվեստի կենտրոններ։ Սա հնարավորություն է տալու նաև մեր հարուստ մշակութային ժառանգությունը դարձնել  երկիրը բացահայտելու և այդ իմաստով հետագա զբոսաշրջային ուղիներն ու հոսքերը խթանելու ուղղություն»,-նշել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Հայաստանի մասնակիցն այս տարի լինելու է 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը. նա արդեն իսկ ունի մեծ ճանաչում, հեղինակավոր նվագախմբերի հետ է հանդես եկել:

Սահմանվել է Կիբեռանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային ստանդարտների ցանկը

Կառավարությունը սահմանել է Կիբեռանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային ստանդարտների ցանկը: Հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին ՀՀ-ում տեղեկատվական և թվային ենթակառուցվածքների օգտագործման ծավալների աճին զուգահեռ էականորեն աճել են կիբեռսպառնալիքները։ Որոշման հիմնական նպատակն է կենսական նշանակության ոլորտում շահագործվող կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների, կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողների և կիբեռանվտանգության աուդիտորների համար սահմանել հստակ միջազգային ստանդարտներ, որոնց վերջիններս պարտավոր են բավարարել։ Այն ներառում է կիրառելի միջազգային ստանդարտների ցանկ, կիրառման ուղեցույց, ինչպես նաև կիրառման ոլորտը։ Արդյունքում՝ ակնկալվում է կիբեռանվտանգության ոլորտում միջազգային ստանդարտների իմպլեմենտացիան ՀՀ իրավական միջավայրում, ինչպես նաև կենսական նշանակության ոլորտում շահագործվող կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների, կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողների և կիբեռանվտանգության աուդիտորների գործունեության համար հստակ, միասնական և կանխատեսելի կարգավորումների սահմանումը։

Ինչպես նշել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը,  օրենքից բխող կենսական նշանակության ոլորտներում շահագործող կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների վերաբերյալ միջազգային ստանդարտներ են սահմանվում. հիմնականում ISO ստանդարտի 27001 ստանդարտն է:

Ըստ փոխնախարարի՝ սահմանվում են նաև կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողների նկատմամբ պահանջներ, ինչպես նաև տվյալ համակարգերն աուդիտ անցկացնելու դեպքում աուդիտ անցկացնելու ստանդարտներ: «Սա մեծ ներդրում կլինի մեր ընդհանուր կիբեռանվտանգության պաշտպանման ոլորտում։ Թվային գործիքներն ավելի լայն տարածում են ունենում. դրանք կարող են շատ ռիսկեր պարունակել: Կարծում ենք, որ սա շատ պահանջված գործողություն է այս պահին: Սա կբերի նաև բիզնեսի համար որոշակի ծախսեր, բաց կարծում ենք՝ սա մեր համընդհանուր անվտանգության նկատմամբ ներդրում է լինելու»,- նշել է Գևորգ Մանթաշյանը։

Ըստ փոխնախարարի՝ այս ամենը տարածվելու է նաև պետական համակարգի վրա: Անցումային դրույթ է սահմանվելու 24 ամիս ժամկետը: Ստանդարտների սերտիֆիկացումները պետք է ներկայացվեն ՏՏ համակարգերի կարգավորման հանձնաժողովին մինչև 2028 թվականի հունվարի 4-ը: Գևորգ Մանթաշյանը նշել է , որ այս ժամկետը կարևոր ազդակ է նաև մասնավորին, որպեսզի սկսվեն այս ուղղությամբ աշխատանքները:

Անդրադառնալով որոշմանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատել է՝ կան բիզնեսներ, որոնք արդեն իսկ կիբեռանվտանգության այս մեխանիզմի ստանդարտով են աշխատում. «Այսօրվա իրականության մեջ կիբեռավտանգության մեխանիզմներ չունենալը, մեղմ ասած, արժեզրկում է նախ և առաջ  հենց բիզնեսը և այն դարձնում խոցելի ու վտանգավոր։ Եթե նույնիսկ սա ենթադրում է որոշակի ծախսեր թե՛  պետության, թե ՛ մասնավորի համար, բայց դրանք ծախսեր չեն, դրանք ներդրումներ են, որոնք էականորեն ավելացնում են նույն այդ բիզնեսի արժեքը։ Այսօր դժվար եմ պատկերացնում քաղաքակիրթ ներդրող, որը ներդրում անելիս՝ նախ և առաջ ուշադրության կենտրոնում չի պահում բիզնեսի կիբեռանվտանգության մեխանիզմը։ Եվ նաև դժվար եմ պատկերացնում, որ կարելի է էական ներդրում անել մի կառույցում, որտեղ կիբեռանվտանգության մեխանիզմ չի աշխատում»։

Նախարարի տեղակալը ներկայացրել է այդ ոլորտները՝ էներգետիկայի, արտադրության, քիմիական, սննդամթերքի, զենք-զինամթերքի, բժշկական, էկեկտրական, համակարգչային էլեկտրոնիկայի և օպտիկական սարքերի արտադրության, տրանսպորտային, ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացման, կապի, այդ թվում՝ հեռահաղորդակցության, փոստի, ֆինանսական ծառայությունների, առողջապահության, ՏՏ-ի, այդ թվում՝ թվային ենթակառուցվածքների շահագործման, ռադիոակտիվ ընդերքօգտագործման շահագործման ընկերությունների և դրանց կառավարմամբ զբաղվող ընկերությունների ոլորտը, տիեզերական գործունեության, տվյալների շտեմարանների կառավարման, արտակարգ իրավիճակում անվտանգության ապահովման և պետական կառավարման:

Կարևորելով ընդունված որոշումը՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ անհրաժեշտ է անցումային շրջանում ինտենսիվորեն  համագործակցել, բացատրել բիզնեսներին՝ ինչ է արվում, ինչ պետք է անեն նրանք, ինչ շահեր ունեն գործընթացից։

Կընդլայնվի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակը 

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ. ծրագիրը  լավարկելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Որոշման ընդունումը պայմանավորված է ոլորտի զարգացման խթանման, պետական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացման և կենդանիների հաշվառման միասնական համակարգի կիրառման ապահովման անհրաժեշտությամբ։ Որոշման ընդունումը հնարավորություն կընձեռնի ընդլայնել ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակը, ավելացնել պետական աջակցությամբ շահառուների կողմից ավելի շատ գլխաքանակ ձեռք բերելու հնարավորությունները, որը կնպաստի տոհմային կենդանիների տեսակարար կշիռի, ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալների ավելացմանը։ Ըստ այդմ՝   առաջարկվում է ձեռք բերվող տոհմային կենդանիների առավելագույն գլխաքանակը 300-ից հասցնել 1000-ի: Միաժամանակ, նախատեսվում է հստակեցնել ծրագրին մասնակցության համար ներկայացվող փաստաթղթերի շրջանակը՝ ձեռք բերվող կենդանիների գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում ներառված լինելու վերաբերյալ տեղեկանքի ներկայացման պահանջ։ Բացի այդ, ձեռք բերված կենդանիների՝ գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում ներառված լինելու փաստի ապահովումը կնպաստի կենդանիների հաշվառման ամբողջականության, ծրագրի շահառուների նկատմամբ վերահսկողության արդյունավետության և պետական աջակցության հասցեականության բարձրացմանը։

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, մասնավոր հատվածից ստացել են ազդակներ, որ ավելի մեծ գլխաքանակի դեպքում հնարավոր կլինի ոչ միայն ավելի խոշոր ֆերմերային տնտեսություններ ստեղծել մսի արտադրության համար, այլև արտադրել կաթ և վերամշակել: «Այս առումով առաջարկվում է ծրագրով սահմանված առավելագույն շեմը 300-ից բարձրացնել մինչև 1000 գլուխ մանր եղջերավոր կենդանու: Միաժամանակ կենդանիների հետագծելիությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել նաև պահանջ, որ ներկրված կամ տեղի շուկայից ձեռք բերված տոհմային կենդանիները պետք է գրանցված լինեն գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում»,- ասել է փոխնախարարը:

Արման Խոջոյանը նաև տեղեկացրել է, որ նախորդիվ իրականացրած ծրագրերի արդյունքում արդեն շուրջ 2350 գլուխ մանր եղջերավոր կենդանի է ձեռք բերվել, իսկ այս տարի արդեն հաստատվել է 1300 գլուխ մանր եղջերավոր կենդանու ձեռքբերման հայտ:

Կառավարությունը կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունն ապահովելու համար։ Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Ըստ հիմնավորման՝ մարտի 11-ի դրությամբ կան դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 20 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ։

Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ։ Մասնավորապես՝ որոշման որոշ սահմանումներ հնարավորություն չեն տալիս փորձաքննվողներին, երբ արձանագրվել են գործառույթների զգալի խանգարումներ, սակայն՝ ապաքինումից և ֆունկցիոնալության որոշակի վերականգնումից հետո, օժանդակող միջոցներով (հենակով, պրոթեզավորմամբ կամ որոշ պաթոլոգիաների դեպքում ՝սայլակով) վերականգնվել է տեղաշարժվելու ունակությունը՝ կրկին դիմելու և ներգրավվելու պայմանագրային զինվորական ծառայությանը: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում՝ որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության:

Կընդլայնվի սոցիալական բնակարանային ֆոնդը և կնվազի հերթացուցակում գտնվող ընտանիքների թիվը

Կառավարության որոշմամբ նախատեսվում է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ին կապիտալ դրամաշնորհի շրջանակում տրամադրել մնացորդային միջոցները՝  Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մռավյան փողոց 32/1 հասցեում գտնվող շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջական մշակման և պարզ փորձաքննության  աշխատանքների ավարտն ապահովելու նպատակով։ Արդյունքում՝ ընթացիկ տարում «Հայկական Կարիտաս»-ը կապահովի շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ամբողջական փաթեթի ավարտը, ինչպես նաև դրանց պարզ փորձաքննությունը, կհաստատվեն շենքի կապիտալ վերանորոգման համար անհրաժեշտ նախագծային լուծումները,          կապահովվի արդեն իսկ կատարված ծախսերի արդյունավետ օգտագործումը և ծրագրի շարունակականությունը։ Կընդլայնվի նաև  սոցիալական բնակարանային ֆոնդը և կնվազի հերթացուցակում գտնվող ընտանիքների թիվը։

Հայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի Լիբանանին

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Լիբանանի Հանրապետությունում առկա պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ այդմ՝  նախատեսվում է Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի շուրջ 60 մլն դրամ, որից 34 մլն դրամը  պարենային ապրանքների (սննդամթերք) և սանիտարահիգիենիկ պարագաների ձեռքբերման, իսկ 26,0 մլն դրամը` դեղերի ձեռքբերման նպատակով, որոնք, որպես մարդասիրական աջակցություն, կտրամադրվեն Լիբանանի Հանրապետությանը։ Հիմնավորման համաձայն՝ Լիբանանի Հանրապետությունում ընթացող պատերազմական գործողությունների հետևանքով ձևավորվել է հումանիտար ճգնաժամ, որի պայմաններում զգալիորեն աճել է բնակչության պարենային ապրանքների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և առաջին անհրաժեշտության պարագաների և դեղերի կարիքը։ Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է տրամադրել նպատակային մարդասիրական աջակցություն՝ ապահովելով տուժած բնակչության առաջնային կարիքների բավարարման համար անհրաժեշտ պարենային և սանիտարահիգիենիկ ապրանքների, դեղերի տրամադրումը։ Անհրաժեշտ ապրանքների ցանկը աշխատանքային կարգով ներկայացվել է Արտաքին գործերի նախարարության կողմից:

Կկանոնակարգվի սև և գունավոր մետաղների արտահանման գործընթացը

Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում։ Այն  պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկությունները մետաղական հումքով ապահովելու համար խիստ արդիական է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների արդյունավետ օգտագործման խնդիրը։ Հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղներից արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման, պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։ Այս տեսանկյունից կարևորվում է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչն  անհրաժեշտ է սև և գունավոր մետաղներից մրցունակ պատրաստի արտադրանք ստանալու համար։  Միևնույն ժամանակ, վերջին տարիներին արտաքին շուկաներում ձևավորված բարձր գների պատճառով նկատվում էր Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթաց։ Որոշման ընդունման արդյունքում կստեղծվի բարենպաստ պայման ներքին շուկան տեղական մրցունակ մետաղական ապրանքով ապահովելու և առավել բարձր ավելացված արժեքով ապրանքներ արտադրելու համար։

2027 թ. փետրվարի 5-11-ը Երևանում կկայանա կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը

2027 թ. փետրվարի 5-11-ը Երևանում  կայանալիք կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը  պատշաճ ձևով կազմակերպելու և անցկացնելու նպատակով գործադիրն ընդունել է Հայաստանի կարատեի ֆեդերացիային ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ որոշում: Հաշվի առնելով Հայաստանի կարատեի ֆեդերացիայի զարգացման ուղիները՝ Կարատեի միջազգային ֆեդերացիան առաջարկել է  2027 թ. Երևանում  անցկացնել  կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը։ Առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 2000 (նախնական) մարզիկների մասնակցություն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն՝ 54 մրցավար և միջոցառումը սպասարկող անձնակազմ (նախնական`30 հոգի): Ընդհանուր առմամբ ակնկալվում է շուրջ 3000 (նախնական) անձանց մասնակցություն: Առաջնության անցկացումը իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում ՀՀ-ն էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում՝ որպես առաջատար երկիր: Միևնույն ժամանակ այն կնպաստի մշակութային արժեքների և տուրիզմի զարգացմանը՝ այդ թվում հյուրանոցային, մշակութային կենտրոնների և մարզական կառույցների վերականգմանը՝ իր հերթին հետք թողնելով տնտեսությանը համընթաց զարգացմանը:

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը հավանություն է տվել  «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ագրոարդյունաբերական համալիրի ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը։ Ըստ հիմնավորման՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտում գործում է համատեղ կոոպերացիոն ծրագրերին ֆինանսական աջակցություն տրամադրելու մեխանիզմ, որի նպատակն է նպաստել մասնակից կողմերի համագործակցության արդյունավետության բարձրացմանը, արտադրական գործընթացների օպտիմալացմանը և տեխնոլոգիական կարողությունների ընդլայնմանը։ Արձանագրության նպատակը ագրոարդյունաբերության ոլորտում կոոպերացիոն ծրագրերի առկայության դեպքում աջակցության գործիքի տրամադրումն է։ Ծրագրի ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է յուրաքանչյուր ԵԱՏՄ անդամ պետության կողմից միության բյուջե վճարված միջոցների հաշվին։ Ծրագրի սուբսիդավորման ժամկետը սահմանվում է 5 տարի, իսկ մեկ ծրագրի համար տարեկան տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը չի կարող գերազանցել 350 միլիոն ռուսական ռուբլին։ Ծրագրի իրականացմանը կարող են մասնակցել 3 կամ ավելի միության անդամ երկրներ։

Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը

Կառավարության որոշմամբ «Արտաշատ» ՍՊԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։ Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում են օգտագործել 11 տեսակի մրգային օղիների արտադրության համար։ Թողարկված արտադրանքը հանդես է գալիս «YERANOS»  ապրանքային նշանի ներքո։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 66․9 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 11 աշխատատեղ՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 13-ի՝ 220 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 66․9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 6․6 մլն դրամ։

 Հաստատվել է Պետական գույքի կառավարման 2024-2026 թթ. ծրագրի կատարման 2025 թ. տարեկան հաշվետվությունը

Կառավարությունը հաստատել է Պետական գույքի կառավարման 2024-2026 թթ. ծրագրի կատարման 2025 թ. տարեկան հաշվետվությունը։ Հաշվետվությունն ընդգրկում է 2025 թ. օրացուցային տարվա ընթացքում ծրագրի շրջանակում իրականացված գործարքներից ստացված դրամական մուտքերի, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից, ծրագրային ժամանակահատվածի ընթացքում ստանձնած ներդրումային պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները: Հաշվետվության նպատակն է տրամադրել պետական գույքի կառավարման ծրագրում ընդգրկված ընկերությունների, գույքի նկատմամբ 2025 օրացուցային տարում իրականացված գործարքների, գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը: Արդյունքում՝  ակնկալվում է ՀՀ-ում իրականացվող պետական գույքի կառավարման քաղաքականությունը և արդյունքները դարձնել առավել հրապարակային:

Այլ որոշումներ. COP17 համաժողովին մասնակցող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի տրամադրման  պետտուրքի վճարումից   

Գործադիրն ընդունել է «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է  ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ (COP17) համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիներին, որոնց համար գործում է վիզային ռեժիմ ազատել ՀՀ մուտքի վիզայի տրամադրման (մինչև 21 օր)  համար նախատեսված պետական տուրքի վճարումից։

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Թափոնների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշման մեջ։ Ըստ այդմ՝ նախատեսվում է թափոնների հաշվառման կարգը համապատասխանեցնել «Թափոնների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դրույթներին՝ հստակեցնելով թափոնների մասին վարչական վիճակագրական հաշվետվություններով ներկայացման ենթակա տվյալների շրջանակը, վտանգավոր թափոնների առաջացման վերաբերյալ տվյալներից բացի թափոնների պետական հաշվառման կարգում սահմանելով նաև թափոնների պահման, օգտահանման կամ հեռացման վերաբերյալ տվյալների ներկայացման պահանջ։ Արդյունքում՝ կապահովվի թափոնների գոյացման, պահման, օգտահանման կամ հեռացման վերաբերյալ համապարփակ տվյալների ստացումը, ինչը հիմք կհանդիսանա թափոնների կառավարման ոլորտի քաղաքականության ճիշտ մշակման և իրականացման համար։ Թվայնացումը կբարձրացնի տվյալների հասանելիությունը Վիճակագրական կոմիտեի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համար:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031