Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ նախագծի՝ Չեսար Օրբելյանի պալատի պատերն ապամոնտաժվել են ձեռքով, համարակալվել են պիտանի քարերը՝ վերաշարման համար. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

Մայիս 14,2026 15:18 Share

Չեսար Օրբելյանի պալատի վերականգնման աշխատանքների շուրջ համացանցում տարածվող՝ տեխնիկայի օգնությամբ հողահեռացման աշխատանքների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.
2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մշակվել է Վայոց ձորի մարզի Հորսի Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման նախագիծը: Նախագիծը սահմանված կարգով քննարկվել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում և ստացել դրական եզրակացություն:

2026 թվականին հայտարարված մրցույթում հաղթած շինարարական կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր, և վերականգնման աշխատանքները մեկնարկել են: Համաձայն պայմանագրերի՝ վերականգնման աշխատաքների ընթացքում իրականացվում է նաև տեխնիկական և հեղինակային հսկողություն: Ըստ պալատի ամբողջական վերականգնման նախագծի՝ նախատեսվում է տեղում պահպանել պալատի պատերից մեկը, իսկ մնացած երեք՝ վերաշարված պատերն ապամոնտաժել և վերաշարել պիտանի քարերը՝ մնացածը լրացնելով նոր շարով: Ինչպես և նախատեսված է նախագծով, բոլոր պատերն ապամոնտաժվել են ձեռքով, համարակալվել են պիտանի քարերը՝ վերաշարման համար (լուսանկարները կցվում են):

Վերականգնման և նախագծման փուլին Կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարարության պատվերով նախորդել են երկարատև հնագիտական պեղումներ: Պեղումների ընթացքում պալատի հատակը պեղվել է մինչև հիմնահողը. հետևաբար տարածքում այլ մշակութային շերտ չկա: Եղած թոնիրները կոնսերվացվել են՝ վնասվածքներից խուսափելու համար: Տեխնիկան օգտագործվել է տարածքից հողի հեռացման աշխատանքի համար: Բոլոր հողային աշխատանքները՝ այդ թվում տեխնիկայի կիրառմամբ հողի տեղափոխումն իրականացվել է պեղող հնագետ Ավետիս Գրիգորյանի և նախագծի հեղինակ, վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանի հսկողությամբ:

Նախատեսվում է Հորսի Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցին վերականգնել ամբողջությամբ: աշխատանքների տևողությունը 2-3 տարի է, իսկ վերականգնման աշխատանքների պայմանագրային արժեքը՝ շուրջ 309 մլն ՀՀ դրամ: 2026 թ. համար նախատեսված է իրականացնել շուրջ 83,5 մլն ՀՀ դրամի աշխատանք:

Կապալառու կազմակերպություն՝ «Ֆուլլ-Շին» ՍՊԸ, տեխնիկական հսկողություն՝ «ԷՍ ՌԻԲԻԼԴ» ՍՊԸ, հեղինակային հսկողություն՝ «ՎԱՍԱՐՏ» ՍՊԸ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031