«Ազգակործան պատուհասը Լևոնի ու Վանոյի ստեղծած հաղթանակած պետությունը կերավ, մարսեց, հիմա էլ սեփական մաղձն է դուրս թափում։ Տեր-Պետրոսյանի «-25»-ն անգամ քաղաքական կշիռ է, իսկ Նիկոլի «պլյուսները»՝ Եռաբլուրի նոր շիրիմների քանակը։
Նրա միակ քաղաքական «նվաճումը» հաղթանակած ժողովրդին կապիտուլյանտ սարքելն ու պետականության գերեզմանափոր դառնալն է։ Թող աղմկի` որքան ուզում է, այնքան ապաշնորհ է, նույնիսկ Հերոստրատի փառքին չի ձգտում»,- Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավի ընթացքում արված որոշ արտահայտություններ՝ նշեց ՀԱԿ վարչության անդամ, կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համար, քաղաքագետ Տաթև Զորյանը։
Աջափնյակում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը, խոսելով մարտի 1-ի մասին, ասել էր, թե գործը բացահայտված է 100 տոկոսով, նաև նշել էր. «Էդ ընդհանրապես միստիկ պատմություն է, թե ոնց էին Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանն ուս ուսի տված կանգնել և մեր իշխանության դեմ պայքարում։ Նաև դա է պատճառը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր ուժը 0 էլ չէ՝ -25 է։ Դա ժողովրդի վերաբերմունքն է այդ անողնաշարությանը»։
ՀՀ առաջին նախագահի մասին էլ ասել էր. «Վանո Սիրադեղյանը մի լավ արտահայտություն էր արել ուրիշ մարդկանց առիթով… Որ հետահայաց նայում եմ, կասկածում եմ, որ Տեր-Պետրոսյանին էր նկատի ունեցել։ Ասում էր՝ դոկտոր կլինի, պրոֆեսոր կլինի, ակադեմիկոս կլինի, ինչ կլինի, բայց շատ կարդացած, քիչ հասկացած։ Նրա քաղաքական անփառունակությունը դրա ամենավառ ապացույցն է»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































