Լրատվական կայքերը հեղեղված են տեսանյութերով, թե ինչպես են Արագածոտնի մարզի մի քանի դպրոցների ուսուցիչների «գազելներով» տեղափոխում Ապարան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցելու։ Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ գյուղի դպրոցի ուսուցիչներն անկեղծորեն պատմում էին, որ դասերը կիսատ են պարապել՝ ընդամենը կես ժամ, տրանսպորտն իրենց շրջկենտրոնից (նկատի ունեն մարզպետարանը) են տրամադրել։
Նրանցից մեկն էլ հպարտորեն փաստեց, որ եկել են դիմավորելու իրենց «արևին»՝ Նիկոլ Փաշինյանին և հանուն նրա՝ չէին կարող չկրճատել դասերը։ Բացի ուսուցիչներից, աշակերտները ևս մասնակցել էին քաղաքական ակցիայի։
Քարոզչությանը դպրոցների ներգրավվածության շուրջ բարձրացված աղմուկից հետո երեկ Արագածոտնի մարզի 4 դպրոցների տնօրեններ ստիպված եղան պաշտոնից ազատման դիմումներ գրել, որոնք սակայն չեն ստորագրվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս աղմուկին, հայտարարեց, թե ինքն է ասել ՝դիմում գրեն, խոսքն այն դպրոցների մասին է, որոնց աշակերտները ներկա են գտնվել հանրահավաքի, սակայն այդ տնօրենները դե յուրե չեն ազատվի աշխատանքից, մինչև չպարզվի, թե արդյոք եղել է ապօրինի հրահանգ։
Ըստ վարչապետի, կնշանակվի ծառայողական քննություն, նաև պարզելու են՝ ուսուցիչները վարչական ռեսուրսների կիրառմա՞մբ են մասնակցել քաղաքական ակցիայի, թե՞ օրենք չի խախտվել։
Կարդացեք նաև
«Մենք ոչ միայն հրահանգ չենք տվել, որպեսզի այդպիսի բաներ լինեն, այլ խստորեն հրահանգել ենք, որ բացառեն նման երևույթները։ Ես հրապարակային, բաց ու թափանցիկ եմ ասել, այստեղ եզրն այն է, որ մարդիկ որոշակի պայմաններում իրավունք չունեն այդ պրոցեսին մասնակցել, բայց նաև մարդկանց այն հատվածներում, որտեղ և՛ իրավունք ունեն և՛ ցանկություն, իրավունք չունենք ասել՝ չմասնակցեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ նմանօրինակ մի պատմության պատճառով հոկտեմբերի 20-ից սկսած համատարած քրեական գործեր հարուցվեցին Գյումրիի մի քանի նախակրթարանների տնօրենների նկատմամբ, որոնք համարձակվել էին սատարել Վարդան Ղուկասյանին՝ իրենց անմիջական ղեկավարին։
Նրանք ևս կիսատ էին թողել պարապմունքները, երեխաներին տուն էին ճանապարհել ու իրենց աշխատակիցների հետ եկել էին Վարդանանց հրապարակ, որտեղ մեծ թվով գյումրեցիներ՝ մեծամասամբ Վարդան Ղուկասյանի համակիրները, նրան ձայն տված մարդիկ հավաքվել էին ՝ իրենց բողոքն արտահայտելու ու Գյումրի ժամանած ոստիկանական ուժերին թույլ չտալու ձերբակալել ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքապետին։
Ունեի՞ն նրանք իրավունք ու ցանկություն սատարելու իրենց ղեկավարին, տվյալ դեպքում այս փաստն ամենևին հաշվի չառան․ օրենք էր խախտվել, հետևաբար և օրինախախտների համար այս պատմությունն ավարտվեց քրեական վարույթների նախաձեռնմամբ ու պաշտոնաթողությամբ։ Խոսքը նախակրթարանների 8 տնօրենների մասին է։
Նրանք մեղադրվում էին ծառայողական լիազորություններն անցնելու համար, և ինչպես մարտի 26-ին «Լուրեր» լրատական ծրագրին պարզաբանել էր Շիրակի մարզի դատախազի նախկին տեղակալ Արեգ Խաչատրյանը․ «Նրանք իրենց ենթակա անձնակազմին ցուցումներ են տվել, որպեսզի զանգահարեն սաների ծնողներին և կանչեն մանկապարտեզներ, որպեսզի ծնողները երեխաներին ժամանակից շուտ տանեն տուն, և իրենք կարողանան իրենց անձնակազմի հետ միասին՝ ի կատարումն համայնքապետարանի պաշտոնատար անձանց ապօրինի տված հանձնարարության, գնան և մասնակցեն Վարդանանց հրապարակում տեղի ունեցող ապօրինի հավաքին և այդ ձևով նաև փաստացի մասնակցել են տեղի ունեցող զանգվածային անկարգություններին»։
Ըստ դատախազի, որպես խափանման միջոց՝ վեց տնօրենի պաշտոնավարումը կասեցվել էր, երկուսինը չէր կասեցվել, քանի որ նրանք ընդունել էին իրենց առաջադրված մեղադրանքը, տվել էին խոստովանական ցուցմունքներ։
Այս պատմությունը, բնականաբար, էժան չէր նստել մանկապարտեզների տնօրենների վրա, ինչպես պատմում էին ականատեսները, քրեական հետապնդման պատճառով շատերը, ի դեպ, նրանք բոլորը կանայք են, ծանր ապրումների մեջ էին ընկել, նույնիսկ երբ նրանցից մեկին հայտնել էին քրեական հետապնդման ու պաշտոնաթողության մասին, տեղում ուշաթափվել էր։
Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Մալխասյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ քրեական վարույթով անցնող նախակրթարանների տնօրենները՝ բացի մեկից, ընդունել են իրենց մեղավորությունը և վերականգնվել են աշխատանքի։ Ընդամենը մեկն է, որը չի զղջացել, իրեն մեղավոր չի համարել և պաշտոնի չի էլ վերականգնվել։
Ստացվում է, որ օրենքն՝ իր ողջ խստությամբ, միայն ընդդիմադիրներին սատարողներին համար է, իշխանավորներին դեպքում կարելի է և քրեական հետապնդում չնախաձեռնել, բավարարել միայն դե յուրե պաշտոնից ազատելով՝ դե ֆակտո թողնելով նույն պաշտոնում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































