Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «Ես 2020 թվականին Արցախի պարտությունից անմիջապես հետո հայտարարեցի, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Բայց չընդունելով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ շարունակել եմ թե ներդրումները, թե օգնությունները Հայաստանում»

Մայիս 16,2026 17:30 Share

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը Նազենի Հովհաննիսյանին տված հարցազրույցում անդրադարձել է իր հանրահայտ «Մեր ձեւով» արտահայտությանը, ինչին հաջորդած զարգացումները  ավելի ուշ հիմք դարձան ակտիվ քաղաքականություն մտնելու։

«Ոչ այն ժամանակ եմ ես դրան նշանակություն տվել, ոչ էլ հիմա եմ դրան նշանակություն տալիս։ Դա ընդամենը ընդվզում էր, որ այս իշխանությունները հասկանան, որ իրենք սխալ ճանապարհի վրա են, որ մենք բոլորս միասին թույլ չենք տալու կործանել մեր եկեղեցին, կործանել մեր ինքնությունները, այստեղ բերել թշնամական խոսույթները։ Եվ դա անելու ենք ամեն օր, մինչեւ կանգնեն սրանք։

Ինձ համար միայն մեկ բան է անհասկանալի. Սրանք ինչքա՞ն հասկանալով են սա անում։ Սա անում են, որպեսզի իրենց աթո՞ռը, իրենց իշխանությո՞ւնը պահեն, իրենց գրպաննե՞րը լցնեն, որովհետեւ չտեսի նման եկան իշխանության եւ այսօր դրա կարիքը շա՞տ ունեն։

Չտես մարդուց ավելի ագահ մարդ աշխարհում գոյություն չունի։ Հիմա ես տեսնում եմ, որ այս մարդիկ այդ սկզբունքով շարժվում են առաջ։ Ագահությունը խեղդում է իրենց։ Չեն պատկերացնում իրենց կյանքը առանց  իշխանության, առանց իրենց աթոռների, իրենց, իրենց կողմնակիցների թալանի։

Դրա համար պետք է մեր ժողովուրդը արթնանա, հասկանա ու հունիսի 7-ին կանգնեցնի այս ամենը»,-ասաց պարոն Կարապետյանը։

Իսկ ինչ վերաբերում է քաղաքականություն մտնելու ժամանակահատվածին, ճանաչված գործարարն ու բարեգործը նկատեց. «Ես 2020 թվականին Արցախի պարտությունից անմիջապես հետո հայտարարեցի, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Բայց նաեւ բոլոր այդ տարիներին, չնայած չընդունելով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, շարունակել եմ թե ներդրումները, թե օգնությունները, որպեսզի ինչ-որ ձեւով օժանդակ լինեմ հայ ժողովրդի եւ Հայաստանի կյանքին։ Բայց մասնավոր մարդու հնարավորությունները բոլոր դեպքերում սահմանափակ են։ Դրա համար ես արել եմ իմ հնարավորությունների չափ։ Ես հիմա, այս պրոցեսների ժամանակ եմ սկսել դա ներկայացնել, որովհետեւ, իրոք, տասնյակ տարիներ ես միշտ լռել եմ դրա մասին։ Ինչ արել ենք, ես իմ գործընկերներին էլ չեմ թողել, որ դրա մասին նույնիսկ խոսեն։ Դա իմ մարդկային որակն է։ Ես չեմ ուզում արածի մասին խոսել։

Բայց երբ հիմա պետք է ժողովրդի աչքերը բացել, ժողովրդին արթնացնել, մենք սկսել ենք դա օգտագործել համեմատության մեջ, որ մարդիկ կարողանան ճիշտ գնահատել ով ինչ է արել, ով ինչ կարող է անել։ Ես չեմ ուզում խաբել մեր ժողովրդին։ Մենք ամեն ինչ բացել ենք մեր ժողովրդի առաջ, թե մեր հնարավորությունները, թե մեր թույլ կողմերը։

Իրենք թեկուզ վատ կառավարելով ունեն շատ մեծ ճանաչելիություն։ Ի վերջո, ութ տարի եղել են իշխանության գլխին, կարողացել են իրենց փոքրիկ կաշառքներով կաշառել աղքատ ժողովրդին, ինչը հիմա մենք տեսանք։ Ութ տարի ժողովրդին աղքատության մեջ պահելուց հետո վստահ լինելով, որ կորցնելու են իշխանությունը, ընտրությունից անմիջապես առաջ քանդում են իրենց ստեղծած բյուջեն ու փորձում են դրանով ինչ-որ դիվիդենտներ վաստակել ու իրենց մասին ինչ-որ հիշողություններ թողնել»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031