Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Մենք ինքներս պետք է դառնանք այն փոփոխությունը, որն ուզում ենք տեսնել. Անահիտ Մանասյան

Մայիս 16,2026 19:37 Share

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 16-ին մասնակցել է «Երիտասարդ կանանց առաջնորդության դպրոց» ծրագրի շրջանակում կազմակերպված կանանց իրավունքներին նվիրված «Ֆեմինիստական աշխատարան» քննարկմանը՝ հանդես գալով հիմնական ելույթով։

Ամասիա համայնքում անցկացված միջոցառման նպատակն էր խթանել գյուղական համայնքներում ապրող աղջիկների քաղաքական և հասարակական մասնակցությունը՝ հոգեբանական դիմակայության զարգացման, առաջնորդական կարողությունների ձևավորման և համայնքային նախաձեռնությունների իրականացման միջոցով։

Քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզից երիտասարդ աղջիկներ։

Իր ելույթում Պաշտպանն անդրադարձել է առաջնորդության գաղափարին, կին առաջնորդների առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման հարցերին։

«Առաջնորդությունը պաշտոն կամ տիտղոս չէ, այլ կենսակերպ է՝ մարդկանց համախմբելու, ոգեշնչելու` հանրային կյանքում որևէ դրական փոփոխությունների հասնելու ընդհանուր նպատակի շուրջ։ Այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտահրավերային է, քան տղամարդկանցը․ կանայք հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։ Սակայն եթե ընտրել եք փոփոխություններ իրականացնելու ճանապարհը, երբեք չպետք է ընկճվել այդ մարտահրավերներից»,- նշել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանը կարևորել է հատկապես մարզային բնակավայրերում աղջիկների և կանանց իրավունքներին վերաբերող հարցերի հասցեագրումը, այդ թեմաների շուրջ բաց և շարունակական քննարկումների կազմակերպումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ աղջիկների և կանանց իրավունքների պաշտպանությունը արտոնությունների մասին չէ, այլ հավասար հնարավորությունների․ յուրաքանչյուր մարդ՝ անկախ որևէ հանգամանքից, պետք է ունենա իրեն վերաբերող որոշումներ կայացնելու և սեփական ներուժն իրացնելու հնարավորություն։

Անդրադառնալով կրթության և տնտեսական հնարավորությունների փոխկապվածությանը՝ Պաշտպանը նշել է, որ որակյալ կրթությունը կարևոր նախադրյալ է անձի հետագա տնտեսական ինքնուրույնության և հնարավորությունների ընդլայնման համար։

Քննարկման ընթացքում շեշտադրվել է նաև տղամարդկանց դերակատարությունը աղջիկների իրավունքների իրացման պատշաճ հնարավորություններ ստեղծելու, աղջիկների զարգացման, ընտրության ազատության և որոշումների կայացման հնարավորությունների խթանման հարցում։ Առաջնորդության տեսանկյունից Պաշտպանը կարևորել է վճռականության, հաստատակամության, արդարամտության, էմոցիոնալ ինտելեկտի, մարդկանց լսելու, ինքնաբավության, ինքնավերահսկողության, անընդհատ զարգացման, պատասխանատվության հատկանիշները և անհատական ու հանրային նպատակների միջև հավասարակշռություն գտնելու հնարավորությունների ձևավորումը։

Ամփոփելով իր խոսքը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ կյանքի ամենալուրջ դժվարությունները հաճախ բացահայտում են կյանքի ամենամեծ հնարավորությունները։

«Մենք ինքներս պետք է դառնանք այն փոփոխությունը, որն ուզում ենք տեսնել` ձերբազատվելով այն մտայնությունից, որ որևէ մեկը կարող է մեր փոխարեն այդ փոփոխություններն իրականացնել։ Ամենաչնչին քայլն անգամ ամենահամարձակ մտադրությունից վստահաբար ավելին է»,- ընդգծել է Պաշտպանը։

Հանդիպումն անցել է ինտերակտիվ ձևաչափով․ մասնակիցները ներկայացրել են առաջնորդության վերաբերյալ իրենց պատկերացումները, ինչպես նաև հարցեր ուղղել Մարդու իրավունքների պաշտպանին։

Քննարկումը կազմակերպել է Կանանի սոցիալ-հոգեբանական հասարակական կազմակերպությունը՝ Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի աջակցությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031