«Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի բառապաշարին։
«Մեզ համար այս իրավիճակն ուղղակի սարսափելի է, երբ երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյան կարող է թույլ տալ իրեն այդպես խոսել մարդու հետ, հայ կնոջ հետ։ Ինչ կապ ունի՝ ինչ խնդրով է այդ մարդը եկել, կապ չունի անգամ այդ մարդը ճի՞շտ է, թե՞ սխալ է։ Դու՝ որպես բարձրաստիճան պաշտոնատար անձ, գործադիրի ղեկավար, պարտավոր ես նրա հետ խոսել հարգալից։ Ի վերջո` քաղաքացին է այս իշխանությանը ձայն տվողը։ Մենք պետք է վերջ տանք այս արատավոր երեւույթին։ Ինչո՞ւ է ինքը թիկնապահների ներկայությամբ այդպես գոռգոռում, մուննաթ գալիս, որովհետեւ գիտի, որ իշխանություն ունի, պաշտպանված է»,- ասաց Թաթոյանը։
Նա նշեց, որ այդ ատելությունից Փաշինյանը սնվում է, արցախցիներին միշտ թիրախավորելով՝ փորձում է հասնել իր նպատակին։
«Քաղաքացիներով մենք պետք է որոշենք՝ ուզո՞ւմ ենք, որ այսպիսի ղեկավար ունենանք, մենք ուզո՞ւմ ենք, որ պաշտոնյաները խոսեն նորմալ, մարդկանց վերաբերվեն որպես քաղաքացիների, ոչ թե գործիքների։ Մղկտալով մարդկանցից ձայներ են մուրում, որովհետեւ զգում են, որ մեծ պրոբլեմ կա»,- հավելեց Թաթոյանը։
Կարդացեք նաև
Նա անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին եւ Քննչական կոմիտեի հաղորդագրությանը, թե Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ է հրապարակվել, որի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Ինձ համար, մեր թիմի համար բացարձակ անթույլատրելի է բռնությունը։ Մեզ համար ամենակարեւորն այն է, որ պետք է ունենանք իրավունքի պետություն, բռնության ցանկացած դեպք պետք է բացահայտվի ու պատասխանատվություն լինի, ով ուզում է լինի, ում նկատմամբ ուզում է լինի։ Այս տեսանյութի հետ կապված նորից պետք է անհապաղ քննություն արվի եւ բացահայտվի, բայց պետք է նաեւ բացահայտվի՝ արդյոք սա պրովոկացիա՞ չէ, եւ իշխանություննե՞րը չեն կազմակերպել, որովհետեւ նրանք են թիրախավորել արցախցիներին։ Ինձ մոտ ողջամիտ հարց է առաջանում, որ հենց այս իշխանությունն էլ կազմակերպել է, որպեսզի հետո թիրախավորի արցախցիներին։ Եթե այդպես չէ, նրանք պետք է մանրամասն բացատրություններով ցույց տան, ապացուցեն՝ նաեւ իրենց կողմնակիցներին ապացուցելու համար, որովհետեւ դա նրանց գործելաոճն է։ Եվ պետք է օբյեկտիվ, հրապարակային, հանրության աչքի առաջ քննությամբ պարզվի՝ իրականում ինչի մասին է խոսքը»,- նշեց Արման Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Միասնության թեւեր» կուսակցության համահիմնադիր Դավիթ Անանյանն էլ ասաց․ «Մենք ոչ վաղ անցյալում ունեցել ենք դեպքեր, որ էլի հրապարակվել են տեսանյութեր, այնուհետեւ փորձաքննության արդյունքում այդ տեսանյութերը կեղծ են եղել։ Կարծում եմ՝ պետք է այն շատ մանրամասն քննության առարկա դառնա։ Նաեւ պետք է վարույթ նախաձեռնել, այդ վարույթի շրջանակներում տեսաերիզը փորձաքննության ենթարկել, որպեսզի հանրությունը պարզ իմանա՝ արդյոք դա իմիտացիա՞ է, թե՞ կան այդպիսի խմբեր, որոնք ահաբեկչական արտահայտություններ են անում կամ այդպիսի բաներ են տարածում։ Քանի որ մայրս Արցախից է, ես Արցախի բարբառին տիրապետում եմ, համենայնդեպս արցախյան բարբառը, որով տեսագրված էր այդ տեսաերիզը, շատ վարժ Արցախի բարբառով չէր, այսինքն՝ էլի իմիտացիոն մի բան»,- նշեց Անանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































