««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քրեակատարողական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի հիմնական տրամաբանությունը հեռավար դատական նիստերի անցկացման հնարավորության ապահովումն է տեսակապի միջոցով: Այս մասին ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 18-ին հրավիրված հերթական նիստում:
Փոխնախարարի խոսքով օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանել դրույթ, ըստ որի դատական նիստին հնարավոր կլինի մասնակցել տեսակապով ինչպես մեղադրյալի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի նախաձեռնությամբ:
Նախագծի նպատակն է ապահովել հասարակական կարգի եւ առողջության պաշտպանությունը, վարույթի մասնակիցների հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, հանցագործությունների կանխումը, ինչպես նաեւ դատական քննության իրականացումը ողջամիտ ժամկետներում:
Արմեն Ղազարյանը նշել է, որ նման փորձառություն կիրառվել է նաեւ COVID-19 համավարակի ժամանակ, երբ կարճաժամկետ կարգավորումների միջոցով ապահովվել էր հեռավար մասնակցության հնարավորությունը: Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը եւս արձանագրել է, որ տեսակապով մասնակցությունը կարող է համարվել ընդունելի՝ համապատասխան ընթացակարգային երաշխիքների առկայության դեպքում:
Կարդացեք նաև
Նախագծով նախատեսվում են մի շարք ընթացակարգային երաշխիքներ՝ ապահովելու համար մեղադրյալի եւ դատապարտյալի լիարժեք մասնակցությունը դատական նիստին: Մասնավորապես՝ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: Նա պետք է գտնվի մեղադրյալի գտնվելու վայրում՝ քրեակատարողական հիմնարկում կամ ձերբակալվածների պահման վայրում, սակայն իր միջնորդությամբ կարող է մասնակցել նաեւ նիստերի դահլիճից: Պետք է երաշխավորվի, որ վարույթի բոլոր մասնակիցները տեսնեն եւ լսեն միմյանց: Մեղադրյալը եւ պաշտպանը պետք է հնարավորություն ունենան խորհրդապահական կարգով հաղորդակցվելու: Մեղադրյալը պետք է կարողանա տեսակապի միջոցով հետազոտել ապացույցները, իսկ դատապարտյալը՝ ծանոթանալ գործի նյութերին:
Եթե վերոնշյալ երաշխիքներից որեւէ մեկը հնարավոր չլինի ապահովել, դատական նիստը կշարունակվի ընդհանուր կարգով՝ առանց տեսակապի կիրառման:
Տեսակապով մասնակցություն չի իրականացվի նաեւ այն դեպքում, երբ դրա դեմ փաստարկված առարկություն է ներկայացնում մեղադրյալը կամ հանրային մեղադրողը, իսկ դատապարտյալի դեպքում՝ դատախազը կամ պատիժը կատարող հիմնարկի ներկայացուցիչը:
Տեսակապի կազմակերպումը կիրականացվի պետության կողմից՝ ապահովված եւ անվտանգ կապի միջոցներով: Տեխնիկական բնութագրերը, չափանիշներն ու կիրառման կարգը հետագայում կսահմանի Կառավարությունը:
Նախագծում ներառված են նաեւ անցումային դրույթներ, որոնց համաձայն՝ մինչեւ տարեվերջ նախատեսվում է տեխնիկական վերազինում իրականացնել ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում եւ դատական նիստերի դահլիճներում՝ ապահովելու համար համակարգի լիարժեք գործարկումը:
Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանի խոսքով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս փուլում հնարավոր է կիրառել այնպիսի լուծումներ, որոնք կօգնեն կրճատել դատավարությունների տեւողությունը: «Ինչպես գիտեք, երկարատեւ դատական գործընթացները մեզ համար լուրջ խնդիր են առաջացնում. դատական նիստերը հաճախ ձգձգվում են, առաջանում են կազմակերպչական դժվարություններ, այդ թվում՝ ուղեկցումների հետ կապված»,- ընդգծել է նա:
Պատգամավորը նշել է, որ նախագիծը մանրամասն քննարկվել է, այդ թվում՝ նաեւ հանձնաժողովում եւ հորդորել գործընկերներին կողմ քվեարկել նախագծին:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
ԱԺ

















































