Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ավագանու մարտի 20-ի նիստով հաստատել եւ նյութական օգնություն է տրամադրել համայնքի 18 բնակչի: Օգնությունը նվազագույնը 50 հազար դրամ է, առավելագույնը՝ 200 հազար: Որոշման մեջ նշել են նաեւ օգնություն տալու պատճառները՝ առողջական խնդիրներ ունեցողներին, փոխհատուցումներ՝ շինանյութի տեսքով, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց եւ փոխանցում՝ սննդի տեսքով: Ավագանու ապրիլի 27-ի նիստով նմանատիպ օգնություն է ստացել 21 քաղաքացի: Ու այս ամենն արվել է ընտրություններից 1 ամիս առաջ: Օգնություն բաժանելուց զատ, Վարդենիսի համայնքապետը, որն ինտենսիվորեն ներգրավված է «Քաղպայմանագրի» քարոզարշավում, տասնյակից ավելի բնակիչների մասամբ կամ ամբողջությամբ ազատել է անշարժ գույքի կամ ավտոմեքենայի գույքահարկից:
Մի քանի հարց ուղղեցինք Ահարոն Խաչատրյանին. ինչո՞ւ ընտրություններից առաջ որոշեցիք օգնություն տրամադրել բնակիչներին կամ գույքահարկ զիջել։ «Ճիշտն ասած, ես ընտրությունների նախաշեմին չեմ զիջել, պարբերաբար զիջել ենք գույքահարկը, դա եղել է հունվարին, փետրվարին, մարտին։ Ժողովրդի վիճակն այնքան վատ է, որ փորձում ենք օգնել»:
Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































