«Ես լսել էի, որ Ալիևի պատճառով Օլիմպիական կոմիտեի հարց էր, քանի որ մեր հայերը ցանկացած հանդիպման ադրբեջանցիներին, թուրքերին հաղթում են։ Դա հարց էր, և իրենք էլ հիմնականում իրավունք չունեն։ Մեր դատարանները Օլիմպիական կոմիտեի հարցով այդքան էլ չեն զբաղվում, ու դրել են անօրինական որոշում են կայացրել, որովհետև այդպիսի օրենք չկա։ Հիմնականում ՄՕԿ-ը՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն է այդ հարցով զբաղվում։ Սա էլ հնարավոր է»,- այսօր Սյունիքում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Առաջարկ Հայաստանին» թիմի առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Արարատ ցեմենտ» գործարանի պետականացման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Լրագրողը հետաքրքրվեց՝ իրեն հասե՞լ են խոսակցություններ, համաձայն որոնց «Արարատ ցեմենտի» պետականացումը տեղի է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կառավարությունն արդեն իսկ գրություն է ստացել գլխավոր դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման։
«Այսօր էլ ուզում են Ծառուկյանին վախեցնել, ասում են՝ «ցեմզավոդը» տալիս ենք ժողովրդին։ Ժողովրդի ցավն էլ տանեմ։ Օրենքի առաջ բոլորը հավասար են։ Եթե անօրինական պիտի խլեն ու տան, դրա պատասխանը դուք եք տալու, պետությունն է տալու։ Դա մասնավոր սեփականություն է։ Ինքը արդեն խուճապի մեջ է, չի տիրապետում իր ներվերին։ Զոհվածի մորն է վիրավորում, բժշկուհուն է վիրավորում, հիմա էլ կազմակերպել են, որ եթե մեկը ուզում է բան ասել, բերանը փակեն։ Ամոթ է։ Այդպես երկիր չեն պահում, այդպիսի ղեկավար չի լինում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Կարդացեք նաև
Նա կարծում է, որ իշխանությունների գործողությունները պայմանավորված են իր քննադատական դիրքորոշմամբ․ «Եթե մարդը 20 տարի առաջ գործարան է վերցրել, աշխատեցրել է, հիմա սկսել է դեմ խոսել, իրականություն ասել, դրա համար խառնվել են իրար։ Բայց ձեր արածի պատասխանը տվեք՝ այսօր ի՞նչ լավ բան եք արել։ Ոչ մի լավ բան չեք արել՝ բացի զոհեր տալուց, հեղինակազրկումից, հողեր հանձնելուց»։
Գագիկ Ծառուկյանը պնդեց՝ ՀՀ իշխանությունները պատրաստվում են նոր զիջումների․ «Հիմա էլ ասում են՝ երեք շրջան պետք է տանք։ Դրանից հետո ասում են՝ 300 հազար ադրբեջանցի պիտի բերեն բնակեցնեն Հայաստանում՝ Երևանում, Վարդենիսում, Արագածոտնում։ Ասում են՝ նման բան չկա։ Ես ասում եմ՝ վերցրեք 2025 թվականի դեկտեմբերի 5-ի Ալիևի ելույթը։ Ասում է՝ իմ ժողովրդին բերելու եմ, տանկերով չեմ բերելու, ավտոբուսներով եմ բերելու։ Բայց եթե հանկարծ նեղացրիք, այսինքն՝ զորք է բերելու, դնի մեր երկրում իր ազգին պաշտպանելու։ Ի՞նչ է դա նշանակում»։
Գագիկ Ծառուկյանը կրկնեց՝ վարչապետ դառնալու նպատակ չունի, սակայն մտահոգված է երկրում ստեղծված իրավիճակով․ «Սիրտս ցավում է, որ այս վիճակին ենք հասել՝ սուտ ասելով, խաբելով։ Ես իրենց թիմակիցներին էլ եմ ասել՝ ասեք ութ տարվա մեջ մի լավ բան, որ ժողովրդի համար արել եք։ Մի լավ բան ասեք։ Բացի պարտվելուց, հողեր հանձնելուց, զոհեր տալուց, ժողովրդին խեղճացնելուց, հարկերն ու տուրքերը բարձրացնելուց, գույքահարկը 100 տոկոսով ավելացնելուց՝ ի՞նչ եք արել։ Ասում են՝ խաղաղություն ենք բերել։ Եթե խաղաղություն են բերել, բա ինչո՞ւ մեր գերիները դեռ այնտեղ են, ինչո՞ւ ադրբեջանցիները մեր սահմաններից հետ չեն գնում։ Հիմա էլ նոր պահանջներ են ներկայացնում։ Մասիս սարը հանել են անձնագրերից, ցեղասպանության մասին վախենում են խոսել։ Պետական ալիքը ապրիլի 24-ից հետո ցեղասպանության մասին չի խոսում։ Գրքերը փոխում են, պատմությունն են փոխում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից


















































