Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու օր առաջ էլ ես թույլ չտվեցի, որ իմ կլասը գցեմ, իմ բարձունքից իջնեմ»․ Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի վարքագծի մասին

Մայիս 18,2026 14:49 Share

«Երկու օր առաջ էլ ես թույլ չտվեցի, որ իմ կլասը գցեմ, իմ բարձունքից իջնեմ։ Հիմնականում ինքը վիրավորում է, որովհետև ասելու բան չունի, ծրագիր չունի։ Ութ տարի ժողովրդին խաբել է՝ առաջին օրվանից։ Մեզ էլ է խաբել, ինձ էլ է խաբել»,- Սյունիքում այսօր հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» թիմի առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետ, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարքագծի մասին։ Նա, հիշեցնենք, այսօր կրկին անդրադարձավ «նախկիններին», այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին ու Բելառուսում գտնվող նրա որդուն, և գռեհիկ արձագանքեց բժշկուհի տիկնոջ՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին։

«Եթե ինքը ծրագիր ունենար, ժողովրդին կներկայացներ իր ծրագիրը շատ հանգիստ։ Ես էլ տարբեր հանդիպումների ժամանակ, երբ ինձ մոտենում են նույնիսկ ՔՊ-ականներ՝ կին, տղամարդ, ես ասել եմ՝ եթե քննադատությունը տեղին է, ես կընդունեմ, դա ամոթ չէ։ Բայց ոչ թե պիտի գոռգոռաս կամ նյարդայնանաս։ Ես ասել եմ՝ ՔՊ-ական ջան, քույրիկ ջան, բացատրել եմ շատ ճիշտ ձևով, և մարդիկ շնորհակալություն ասելով, ներողություն խնդրելով գնացել են»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ գոռգոռոցների և վիրավորանքների հիմնական պատճառը ծրագրի բացակայությունն է։

ԲՀԿ առաջնորդը կարծում է, որ իշխանության նման վարքագիծը նաև նպատակ ունի, այն է՝ հասարակական քննարկումը իրական խնդիրներից շեղելը, իրականությունը փոխակերպել անձնական վիրավորանքների ու սկանդալների․ «Հիմնական խնդիրը մեզ այդ ուղղության մեջ ներքաշելն է, որովհետև ինքը ասելու բան չունի։ Այդ մոտեցումն է, այդ շնորհքն է մեր ղեկավարի, որ նույն ձևով բանակցել է թե՛ մեր դաշնակիցների, թե՛ մեր թշնամիների հետ, ու դրա արդյունքում այսօր այս վիճակին ենք հասել՝ զոհեր ենք տվել, տարածքներ ենք կորցրել»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին հարցին էլ Գագիկ Ծառուկյանը կրկնեց՝ խաղաղությունը չի կարող լինել միակողմանի և զիջումների հաշվին․ «Երեկ էլ հայտարարեց, որ դեռ երեք շրջան պետք է հանձնի, ու այդպես շարունակվելու է։ Բայց դա խաղաղություն չէ։ Խաղաղությունն այն ժամանակ է, երբ կա փաստաթուղթ, կա ստորագրություն, կա երաշխիք, որ պատերազմի դուռը փակված է»,- ասել է նա։

Նա հորդորեց հունիսի 7-ին պարզապես չընտրել ՔՊ-ական իշխանությանը, որ հնարավոր լինի լուծել միասնականության, կայունության և տնտեսական զարգացման հարցերը․ «Ես ինչ ասել եմ՝ իմ ասածին տեր եմ։ Հիմա պետք է այնպես անենք մեր ժողովրդի հետ միասին, որ ինքը հունիսի 7-ից հետո գնա հանգստի։ Թե չէ, եթե այս վիճակը շարունակվի, Հայաստանը նույն ճակատագրին կարժանանա, ինչին արժանացավ Արցախը»։

Գագիկ Ծառուկյանը պնդեց՝ իր բոլոր նախընտրական հանդիպումներից հետո, շարունակում են հանդիպումների մասնակիցներին, նրանց ընտանիքների անդամներին ահաբեկել, աշխատանքից ազատել։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031