ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում տեղի ունեցած Regeneron ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում 3-րդ կարգի մրցանակի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը:
Regeneron ISEF 2026-ն աշխարհի խոշորագույն, ամենահեղինակավոր և բարձր մրցունակությամբ դպրոցական գիտական մրցույթներից է, որին այս տարի մասնակցում են շուրջ 70 երկրների ավելի քան 1600 լավագույն երիտասարդ գիտնականները՝ ներկայացնելով նորարարական նախագծեր գիտության և տեխնոլոգիաների լայն շրջանակում։ Մրցույթն ընդգրկում է 22 ոլորտ, որոնցից յուրաքանչյուրն ունի 7-8 ենթաոլորտ՝ ֆիզիկայից և ինժեներությունից մինչև կենսաբանություն և այլ կիրառական գիտություններ։
Ալբերտ Շահինյանի հետազոտությունը (PHYS066 — AWH Enhancement via Multilayer Graphene) նվիրված է գլոբալ նշանակություն ունեցող խնդիրներից մեկին՝ ջրի սակավությանը, և նպատակ ունի բարձրացնել մթնոլորտային ջրի հավաքման (Atmospheric Water Harvesting – AWH) արդյունավետությունը՝ գրաֆենային նանոշերտերի կիրառմամբ։ Աշակերտի հետազոտության մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև ՀԱՊՀ կայքում։
Հիշեցնենք, որ Ալբերտ Շահինյանը հեղինակավոր միջազգային մրցույթին մասնակցության հնարավորություն էր ստացել՝ որպես ս․թ․ մարտի 28-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026-ի (ASSF) եզրափակիչ փուլի մրցանակակիր։ ISEF 2026-ին մասնակցել են նաև «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի 12-րդ դասարանի սովորող Մարիա Մելիքյանը և 11-րդ դասարանի սովորող Ալյոնա Հակոբյանը՝ «Շրջակա միջավայրի ճարտարագիտություն» անվանակարգում ներկայացնելով Sorbroot նախագիծը։ Վերջինիս շրջանակում աշակերտները ուսումնասիրել են ջրի մաքրման գործում պլաստիկ թափոնների կիրառության հնարավորությունները։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Հայկական համադպրոցական գիտության փառատոնը մեկնարկել է ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ 2021 թվականին։ Այս տարի մարտի 28-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ թվով 6-րդ փառատոնը, որին մասնակցեցին շուրջ 140 սովորողներ Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 40 հանրակրթական ուսումնական հաստատություններից՝ ներկայացնելով 78 անհատական կամ խմբային գիտահետազոտական նախագծեր։ Ներկայումս ընթանում է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն – 2027» մրցույթի հայտերի ընդունումը, որի մրցանակակիրները ևս հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց հետազոտությունները ԱՄՆ և ԵՄ երիտասարդ գիտնականների մրցույթներին։
ԿԳՄՍՆ


















































