Վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում կայացած ասուլիսի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները նշել է, որ Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի մոտ են, քան երբևէ, ինչի վառ ապացույցն է նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում։
Անդրադառնալով վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջին զեկույցին՝ նա նշել է․
«Ես շատ ուրախ եմ այդ կապակցությամբ, դա վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները և այս ուղղությամբ աշխատանքը համահունչ ընթանում են, և Եվրոպական հանձնաժողովի նախագահն ամենաբարձրն է գնահատել այն առաջընթացը, որը Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է այս ուղղությամբ», ասել է Լուխները։
Լուխները նշել է նաև, որ կենսաչափական անձնագրերի ներդրումը, բնակչության միասնական ռեգիստրի ներդնումը և մի շարք այլ բարեփոխումներ կարևոր քայլեր են ընդհանուր գործընթացի շրջանակում։
Միաժամանակ նա ընդգծել է, որ քաղաքացիների կողմից սպասումը լիովին հասկանալի է, սակայն արդեն իսկ արձանագրվել է զգալի առաջընթաց՝ այդ թվում վիզաների տրամադրման աճ, բազմակի մուտքի վիզաների ընդլայնում և մերժումների նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներ։
Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալի խոսքով՝ տարբեր ուղղություններով համագործակցությունը Հայաստանին ավելի է մոտեցնում Եվրոպական միությանը՝ նպաստելով իրավապահ համակարգի բարելավմանը և սահմանների կառավարման արդյունավետության բարձրացմանը։
Յոհաննես Լուխները կարևորել է, որ վիզաների ազատականացման գործընթացը չի դիտարկում որպես առանձին գործընթաց, այլ՝ որպես ԵՄ–Հայաստան հարաբերությունների ավելի լայն շրջանակի մի բաղադրիչ, որն ընդգրկում է առևտրի, ներդրումների, կրթության, մշակութային և մի շարք այլ ուղղություններով նախաձեռնություններ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































