«Անվավեր ճանաչել ԿԸՀ-ի հունիսի 14-ի N 258-Ա և N259-Ա որոշումները և 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները»,- ամրագրված է «Միասնության թևեր» կուսակցության դիմումում, որը ներկայացվել է ՍԴ-ին։
Ընտրողների ազատ կամարտահայտության խախտումը բաժնում կուսակցությունը մի շարք փաստական տվյալներ է ներկայացնում՝ ընտրողների նկատմամբ ուղղակի և անուղղակի ճնշումների, մասնակցության վերահսկման մեխանիզմների, վախի մթնոլորտի ձևավորման վերաբերյալ․ «Նման պայմաններում քաղաքացիների ընտրությունը չի կարող դիտվել՝ որպես լիովին ազատ կամարտահայտության արդյունք։ Արձանագրվել են պնդումներ այն մասին, որ քաղաքացիներին պարտադրել կամ ուղղորդել են մասնակցել իշխող ուժի քարոզչական հավաքներին, չմասնակցել ընդդիմադիր քաղաքական ուժերի հանդիպումներին, ինչպես նաև քվեարկության օրը կատարել իշխանական ուժի օգտին քվեարկության ապացուցման գործողություններ՝ այդ թվում քվեաթերթիկի լուսանկարահանման միջոցով։ Արմավիր համայնքում «Միասնության թևեր»-ի քարոզարշավի մասնակիցներին հետագայում կանչել են պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ և հորդորել զերծ մնալ այդ հավաքներին մասնակցելուց։ Գավառում ՔՊ տեղեկատվական թերթիկները բաժանողները հեռացրել են, գետնին են գցել շենքի մուտքում բնակիչների դռների վրա տեղադրված «Միասնության թևերի» բուկլետները և փակցրել ՔՊ-ի թերթիկները»։ Դիմումում ներկայացված են համապատասխան հղումները։
«Միասնության թևեր»-ի դիմումում խնդրահարույց մեկ այլ օրինակ է ՔՊ-ի քարոզարշավի ընթացքում «սրտիկներով կապույտ մեքենաների օգտագործումը»․ «Դա հակասում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված տրանսպորտային միջոցների վրա գովազդի տեղադրման կանոններին, քանի որ ակնհայտորեն գերազանցում են թույլատրելի չափերը»։
Անդրադարձ է կատարվում նաև ՔՊ-ի ներկայացրած հայտարարագրին․ գույքերի վարձակալության կամ դրանց շուկայական արժեքների գները, ըստ «Միասնության թևերի» ուսումնասիրության, հայտարարագրում չեն համապատասխանում իրական արժեքներին։ Մեկ այլ փաստ էլ է նշվում․ «ՔՊ-ի հայտարարագրում ներառված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր կամ ծառայությունների մատուցման պայմանագիր։ Եթե անգամ այդ աշխատանքները կատարվել են անհատույց, ապա ԸՕ կարգավորումներին համապատասխան պետք է ներառված լինեին հայտարարագրում իրենց շուկայական արժեքով»։
Կարդացեք նաև
Քարոզչության հավասարության սկզբունքի խախտումը բաժնում ամրագրված է․ «Ընտրական գործընթացի ընթացքում իշխող քաղաքական ուժը փաստացի օգտվել է պետական իշխանության ինստիտուցիոնալ առավելություններից, ինչը հանգեցրել է քաղաքական մրցակցության անհավասար պայմանների ձևավորմանը»։
«Միասնության թևերն» իր դիմումում ներկայացրել է նաև փաստեր, ըստ որոնց՝ նախընտրական քարոզչության ընթացքում ընտրողներին բաժանվել են ապրանքներ և սննդամթերք։ Մասնավորապես նշված է․ «ՔՊ կուսակցության պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին բաժանել է սննդամթերք և այլ ապրանքներ, մասնավորապես՝ թխվածքաբլիթ, կոնյակ և խմելու ջուր։ Մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցել և իրազեկել էր, որ իրեն վերապահված լիազորությունների և գործիքակազմի ամբողջ ծավալով ընտրական գործընթացի նկատմամբ իրականացնում է մշտադիտարկում և վերահսկողություն՝ հորդորելով զերծ մնալ բարեգործական արգելքը խախտող որևէ անօրինական գործողությունից՝ պարզաբանելով, որ օրենքով սահմանված պահանջների ցանկացած խախտում արժանանալու է համարժեք և խիստ իրավական արձագանքի»։ Կուսակցությունը դիմումին կցել է տեսանյութերը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































