Խորհրդային Ադրբեջանի մասնակցությամբ ընդունված 105-ամյա որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ
Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը 1921թ. հունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով հայտնել է, որ «Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի եվ Հայաստանի ու Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեան հիման վրայ յայտարարւում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը»:
Այսպիսով, Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման վերաբերյալ Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի իշխանությամբ օժտված մարմիններն իրենց իրավասության սահմաններում ընդունել են իրավական ակտեր և այդ ակտերը հրապարակվել են ժամանակի պաշտոնական մամուլում: Թվում է՝ կոնֆլիկտը կարգավորվել է: Սակայն, հետագա դեպքերն ու իրադարձությունները ցույց տվեցին ճիշտ հակառակը:
1921թ. հունիսի 27-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի նախագահության նիստը որոշում է ընդունել անդրկովկասյան հանրապետությունների սահմանների վերաբերյալ հարցով հրավիրել արտակարգ պլենում:
Կովկասյան բյուրոյի նախագահության վերոնշյալ որոշման ընդունումից մեկ շաբաթ անց՝ 1921թ. հուլիսի 4-ին, 105 տարի առաջ ճիշտ այս օրը, Թիֆլիսում հրավիրվել է Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենում, որտեղ, բացի բյուրոյի ութ անդամներից, ներկա է գտնվել նաև Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Իոսիֆ Ստալինը։
Չնայած նրան, որ 1920թ. նոյեմբերի 30-ին Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի որոշմամբ Լեռնային Արցախը ճանաչվել է Խորհրդային Հայաստանի մաս, իսկ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանն էլ, հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի գրավոր և բանավոր դիրքորոշումները, 1921թ. հունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով հայտնել է, որ Լեռնային Արցախը այսուհետ հանդիսանում է Խորհրդային Հայաստանի անբաժան մասը, այդուհանդերձ, ի շարս բազմաթիվ օրակարգային հարցերի, Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոն քննարկվել է նաև Արցախի պատկանելիության վերաբերյալ հարցը:
Հարցի քննարկման ժամանակ ի հայտ է եկել լուծման երկու տարբերակ՝
- Ղարաբաղը (Արցախը) թողնել Ադրբեջանի սահմաններում, հանրաքվե անցկացնել ամբողջ Ղարաբաղում (Արցախում) ողջ բնակչության մասնակցությամբ ինչպես հայերի, այնպես էլ մահմեդականների։
- Ղարաբաղի (Արցախի) լեռնային մասն ընդգրկել Հայաստանի կազմի մեջ, հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում (Արցախում), այսինքն՝ հայերի շրջանում։
Վերոնշյալ երկու տարբերակներից քվեարկության արդյունքում ընդունվել է երկրորդ տարբերակը, այն է՝ Լեռնային Ղարաբաղն (Արցախն) ընդգրկել Խորհրդային Հայաստանի կազմի մեջ, հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում (Արցախում), այսինքն՝ հայերի շրջանում:
Կովկասյան բյուրոյի ութ անդամներից հինգը՝ Ալեքսանդր Մյասնիկյանը, Հմայակ Նազարեթյանը, Սերգո Օրջոնիկիձեն, Սերգեյ Կիրովը և Յուրի Ֆիգատները, այսինքն՝ մեծամասնությունը, «կողմ» են քվեարկել երկրորդ տարբերակին, ինչպես պարզորոշ երևում է կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 4-ի պլենումի գաղտնազերծված արձանագրությունից:
Որոշման ընդունումից անմիջապես հետո Խորհրդային Ադրբեջանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Նարիման Նարիմանովը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ․ «Նկատի ունենալով այն կարևորությունը, որն ունի ղարաբաղյան հարցն Ադրբեջանի համար՝ անհրաժեշտ եմ համարում նրա վերջնական որոշման համար այն տեղափոխել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե»:
Նարիմանովի հայտարարության հիման վրա որոշվել է հետևյալը. «Նկատի ունենալով, որ Ղարաբաղի վերաբերյալ հարցն առաջացրել է լուրջ տարաձայնություն՝ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոն անհրաժեշտ է համարում նրա վերջնական որոշման համար այն տեղափոխել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե»:
Սակայն, հարցի քննարկումը Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե տեղափոխելու փոխարեն, հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, կոպտորեն խախտելով հարցերի քննարկման և քվեարկության ընթացակարգերը, քննարկված և քվեարկված, այսինքն՝ արդեն լուծված հարցի վերաբերյալ ընդունվել է նոր որոշում, որին հանգամանորեն կանդրադառնանք 2026թ. հուլիսի 5-ին՝ ճակատագրական որոշման ընդունման օրը:
Ստորև՝ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 4-ի պլենումի գաղտնազերծված, 11-րդ արձանագրության բնօրինակի լուսապատճենը:
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ



















































