Նիկոլ Փաշինյանի թիրախում նորից դատաիրավական համակարգն է: Հինգշաբթի օրը, կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նա անդրադարձել է դատաիրավական համակարգում առկա խնդիրներին՝ նշելով, որ Հայաստանում արդարադատությունը շարունակում է հասանելի լինել միայն «էլիտային»: «Ես էլի եմ ասում՝ ո՞նց են այդ մարդիկ, ում քսակը ավելի հաստ է, ցանկացած գործով գնում, արդարանում դատարանում։ Ցանկացած գործով։ Խնդիր չունեն, այնպիսի խնդիր չկա, որ չկարողանան լուծել դատական համակարգի մեջ։ Ասենք՝ դիակի վրա կարող են մարդկանց բռնեցնել, գնան, հետո արդարանան, դուրս գան եւ այլն։ Բա դա է, որ ասում եմ՝ եռագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում այս ութ տարին։ Այդ թվում՝ այն պատճառով, որ ժողովրդավար ենք, սկզբունքներ ենք պահում։ Եթե ավտորիտար լինեինք, տոտալիտար լինեինք, այդ խնդիրը չէր լինի»,- ասել է Փաշինյանը։
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է՝ եզակի դեպք է, որ Փաշինյանը ճիշտ է ասում, սակայն խոսքը ոչ թե ողջ դատական համակարգի մասին է, այլ, օրինակ, Փաշինյանի սրտի դատավոր Մասիս Մելքոնյանի: Փոստանջյանը մասնավորապես նշում է.
«Ասում է` դիակի վրա մարդուն բռնում են, չեն պատժում: Համաձայն եմ, այո, ես մի գործով պաշտպան եմ: Անձին այնքան են ծեծել, որ հասցրել են մահվան, կոտրել են ոսկորները, սակայն Նիկոլի սիրելի դատավոր Մասիս Մելքոնյանը սպանություն կատարած անձին ընդամենը հինգ տարվա պայմանական ազատազրկման է ենթարկել, եւ մարդու կյանք խլած անձը մինչեւ այս պահն ազատության մեջ է: Սա էլ հո քաղաքական գործ չէ՞, բայց այսպես են աշխատում իշխանության սիրելի դատավորները: Գլխավոր դատախազը պարտավոր է բողոքարկել այս դատական ակտը, ես տուժողի ներկայացուցիչն եմ, դիմել ենք վերաքննիչ դատարան, վերաքննիչը «պայմանականը» վերացրեց՝ անձին դատապարտելով հինգ տարվա ազատազրկման, սակայն նա մինչ այս պահը անգամ մեկ օր չի կրել իր պատիժը, իսկ որ ամենացավալին է` ի՞նչ է նշանակում՝ մարդու կյանք խլել եւ դատապարտվել ընդամենը 5 տարվա ազատազրկման»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































