«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով ՔՊ ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի՝ ըստ էության, իրենց քաղաքական ուժին ուղղված՝ Ազգային ժողովում սպասվող իրադարձությունների մասին հայտարարություններին, ասաց. «Նրանք ոչ միայն փորձում են վախ մտցնել մեր մեջ, այլև ուզում են «թասիբի» գցել՝ ասելով՝ եկեք, մենք ձեզ սպասում ենք և այլն։ Մենք քմծիծաղով ենք մոտենում նման խոսույթին։ Ազգային ժողովը իրենց հոր տնի՞ց են բերել։
Նախ ասեմ, որ մենք՝ «Ուժեղ Հայաստանը», դեռ չունենք մանդատ վերցնելու կամ չվերցնելու վերջնական որոշում։ Բայց ամեն դեպքում ես միանշանակ կարող եմ պնդել, որ մենք մեր պայքարը շարունակում ենք, նրանցից վախեցողներ չեն եղել ու չկան։ Դրա մասին է խոսում այն, որ «Ուժեղ Հայաստանը» այն կուսակցությունն է, որի հանդեպ ամենաշատ, ամենածավալուն, մասսայական բռնաճնշումներն են տեղի ունեցել։ Սակայն «Ուժեղ Հայաստանը» մնացել է ոտքի վրա, ավելին՝ կարողացել է օրակարգեր թելադրել, կարողացել է դառնալ Հայաստանում ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժը։
Հիշենք՝ սկզբում ինչ էին ասում։ «Մեր ձևով» շարժման ժամանակ էր։ Ասում էին՝ սա մի փոքր շարժում է, ոչ մի բանի չի հասնի։ Հետո ասում էին՝ Սամվել Կարապետյանը համաձայնության կգա, պայմանավորվածությունների կգնա։ Փաստացի, նրանք անընդհատ փորձում են նսեմացնել, վախեցնել, տարբեր գործողությունների գնալ։ Բայց փաստերը ցույց են տալիս, որ այսօր կա «Ուժեղ Հայաստանը» և այն ուժեղ Հայաստանը, որից վախենում է Նիկոլ Փաշինյանը, վախենում է նրանց փոքրիկ խմբակը»։
Հարցին, եթե իրոք վստահ են, որ հաղթել են, ժամը 02։00-ին իրենց իշխանություն են կարգում, ԱԺ նախագահ են ընտրում, պաշտոններ են բաժանում, այդ դեպքում ինչո՞ւ են ավելի մեծ թափով ընդդիմադիրների նկատմամբ այսպիսի տեռոր իրականացնում, Արեգա Հովսեփյանը պատասխանեց. «Հենց դա է վկայությունը, որ նրանք վստահ չեն իրենց այսպես կոչված չակերտավոր «հաղթանակի» վրա։
Կարդացեք նաև
Միանգամից շտապելը, հայտարարելը պարզ ուղղորդում է ԿԸՀ-ին։ Այսինքն՝ ի՞նչ, ԿԸՀ-ն հետո պետք է ասեր՝ ոչ, պարոն Փաշինյան, դուք սխալվել եք, դուք չեք հաղթե՞լ։ Իհարկե ոչ։ Այն էլ՝ այն ԿԸՀ-ն, որի նախագահն իր ամբողջ կյանքում, առնվազն կարիերայի ընթացքում, եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը։ Ակնհայտ է, որ դա ուղղորդում էր, որպեսզի հայտարարվի, որ ՔՊ-ն հաղթել է։ Սա հենց այն բարդույթն էր, վախն էր, որ նրանց դրդեց մի քանի ժամվա ընթացքում, հենց առաջին գիշերը, գնալ այդ քայլին»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































